Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հոդվածներ
26 Փետրվար
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹՅԻՒՆ

Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

(դասական ուղղագրութեամբ)

 

Ախտորոշում

Անհնար է տրամաբանօրէն պատկերացնել եւ քանակապէս բնութագրել հայրենի հողի կորուստը, սրբութիւնների գերեվարումը եւ նահատակների արեան աղաղակը: Հաշտուել մեզ հետ կատարուածի հետ նշանակում է դաւաճանել ինքդ քեզ եւ գնալ դէպի կատարեալ ինքնաոչնչացում: Կատարուածի ընկալման բարդութիւնը եւ մեր իրավիճակի իռացիոնալիզմը գալիս են ոչ միայն նրանից, որ մեր գիտակցութիւնը աղէտի ծանրութիւնից ճնշուած ու վնասուած է, այլեւ նրանից, որ մենք հետեւողականօրէն փախչում ենք իրականութեանն առերեսուելուց եւ ըստ էութեան քնած ենք: Ոչ միայն հիմայ, այլեւ պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից առաջ: Իսկ կորուստները շարունակւում են, եւ վերջը չի երեւում: Մեր թշնամին մեզ խոստանում է կատարեալ ոչնչացում, իսկ մենք դեռ չենք սթափւում եւ զգաստանում: Յիրաւի կարծես այսօրուայ մասին է ասում սբ Գրիգոր Նարեկացին. «Անզգայ անասունների պէս մեռնում ենք եւ չենք զարհուրում, կորչում ենք եւ չենք զարմանում, թաղւում ենք եւ չենք խոնարհւում, տարագրւում ենք եւ չենք տագնապում, ապականւում ենք եւ չենք զղջում, մաշւում ենք եւ չենք հասկանում…»:

 

Այլընտրանք չունենք. պէտք է ժամ առաջ արթնանալ ինքնաոչնչացման այս թմբիրից: Պէտք է ոտքի կանգնել եւ ապրելու պատասխանատւութիւն ստանձնել:  Սակայն հնարաւոր լուծումների մասին խորհելուց առաջ պէտք է առնուազն հասկանալ մեզ հետ կատարուածի հիմնական պատճառները եւ համապատասխան հետեւութիւններ անել: Ընդհանրապէս արտաքին մարմնաւոր աղէտները ծնւում են ներքին բարոյական անկումներից ու հոգեւոր պաշտպանական համակարգերի բացակայութիւնից: Մենք հայերս առանձնանում ենք հոգեւորի նկատմամբ յանցաւոր անպատասխանատւութեամբ: Հոգեւոր անվտանգութեան հիմնախնդիրներին նայել ենք մատների արանքով եւ լայն բացել հայրենի տան դռները հոգեկործան ուժերի առաջ: Մեզ հետ խաղացել են, եւ մեզ դուր է եկել այդ խաղը, եւ մենք նոյնիսկ չենք էլ կասկածել, որ այդ ծրագրաւորուած խաղի նպատակը եղել է  հայ ինքնութեան ոչնչացումը սեփական հայրենիքում: Գործի են դրուել համաշխարհային գլոբալիզմի աղանդաւորական լաբորատորիաներում մշակուած բոլոր գործիքները, ուղեղների լուացման բոլոր մեքենայութիւնները` հաշուի առնելով մեր արատները, սնահաւատական հակումները եւ թուլութիւնները: Մեր ինքնութեան յենասիւները եւ սրբութիւնները թիրախաւորուել են: Եկեղեցին, պետութիւնը, բանակը, կրթութիւնը ենթարկուել են ծանրագոյն յարձակումների: Եւ ահա եկաւ պատերազմը եւ մեզ արդէն յանձնուած գտաւ, պարտութիւնը, կորուստները տրամաբանական հետեւանք էին հոգեւոր պատերազմում կրած պարտութիւնների: Երբ քեզանից խլում են գիտակցութիւնդ, երբ կորցնում ես հոգիդ, քեզ հետ կարող են անել ամէն ինչ, հայրենիքդ էլ կը տաս, սրբութիւններդ էլ կը կորցնես, զաւակներիդ էլ կը զոհաբերես:

 

Մեր հոգեւոր անկման կամ, աւելի ստոյգ, խանգարման եւ մթագնման ախտորոշումը յստակ է. մենք հոգեպէս հիւանդ ենք: Եւ դատելով ախտանիշներից, որոնք են իրականութեան կորուստը, չհիմնաւորուած մեծամտութիւնը, որոշումներ կայացնելու անկարողութիւնը, յանցաւոր անտարբերութիւնը եւն, ծանր փուլում ենք գտնւում: Բժշկութեան հիմնական սկզբունքները հոգեւոր գիտակցութեան տիրոյթում են: Այդ սկզբունքներից պէտք է բխեցնել ազգային քաղաքականութեան, անվտանգութեան, տնտեսութեան, կրթութեան վերականգնման եւ զարգացման ծրագրերը: Չունեցանք հոգեւոր առանցք, բոլոր ծրագրերը դատապարտուած են ձախողման, եւ այս հիւանդագին քաոսը տանելու է մեզ կատարեալ կործանման: Ուրեմն այսօր բոլորիս տանջող «ինչ անել» եւ «ինչից սկսել» հարցերի պատասխանը մէկն է: Պէտք է սկսել հոգեւոր ինքնագիտակցութեան եւ պաշտպանութեան հիմնաւոր համակարգերի կառուցումից: Այդ համակարգային լուծումների ճանապարհը կոչւում է քրիստոնէութիւն: Այստեղ խնդրում եմ մի փոքր լրջանալ եւ մի կողմ թողնել մեր մակերեսային պատկերացումները քրիստոնէութեան վերաբերեալ` ընդունելով, որ միգուցէ մենք բաւականին երկար ժամանակ քաղաքակրթապէս շեղուել ենք քրիստոնէութիւնից: Աշխարհիկացումն աւերիչ ազդեցութիւն է թողել մեզ վրայ, մեր մտածողութիւնն ու մշակոյթը դարձել են փորձադաշտ մաշուած գաղափարների եւ մակերեսային տեսութիւնների:  Կտրուելով իր հոգեղէն ակունքներից` մեր նոր շրջանի մշակոյթը դարձել է խոր կրօնափիլիսոփայութեան եւ ներքին կատարելութեան իդէալների հետ անհամատեղելի եւ ի վիճակի չի եղել ծնելու Դոստոյեւսկի կամ Դիկենս, Ֆլորենսկի կամ Չեստերտոն: Մենք կարիք ունենք ընկալելու քրիստոնէութիւնը նրա առաւել լայն` քաղաքակրթական, փիլիսոփայական, մշակութային, մտածելակերպային, արժէքային համատեքստում՝ իհարկէ չմոռանալով այդ ամէնը սնուցող նրա հիմնական աստուածաբանական եւ կրօնական միջուկը: Քրիստոնէութիւնը սոսկ մշակութային ժառանգութիւն կամ պատմական յիշողութիւն չէ, այլ Աստուծոյ ազգ լինելու եւ Նրա ներկայութեան մէջ ապրելու ընտրութիւն, որ ընձեռում է համապարփակ աշխարհայեացքային լուծումներ` ինքներս մեզ գտնելու, կազդուրուելու եւ հզօրանալու: Առաջին քրիստոնեայ ազգից սերած մեր այս սերունդը պատմական եւ համամարդկային պատասխանատւութիւն ունի վերստին բացայայտելու քրիստոնէութիւնը` գտնելու իր ինքնութեան հոգեւոր միջուկը, իր առաքելութիւնն այս աշխարհում եւ իր գոյութեան նպատակը: Իսկ ճանապարհ կամ ծրագրեր առաջարկողները, առաւել եւս առաջնորդութիւն ստանձնելու յաւակնորդները պէտք է այս հիմքային գիտակցութեան բարոյական կրիչներ լինեն, այլապէս կը դառնան հերթական մոլորեցնողները:

 

Նոր ուխտ

Մենք սովոր ենք կառչել որոշակի հասկացութիւններից առանց խորանալու դրանց էութեան մէջ: Երբեւէ մտածե՞լ ենք, որ այն, ինչ համարում ենք, թէ ունենք, իրականում չունենք: Երբեւէ մտածե՞լ ենք, թէ ազգն ինչ է: Երբեւէ մտածե՞լ ենք, որ ազգը քարացած ժառանգութիւն եւ գենետիկա չէ, այլ սրբազան ուխտ, հոգեւոր զօրութիւն եւ կենդանի բարոյականութիւն: Ազգի գոյութեան մասին մեր կարծիքները մեծաւ մասամբ երեւակայական, զգացական, եթէ չասեմ` սնահաւատական բնոյթ ունեն: Մեր բոլոր պատկերացումները անկախութեան, պետութեան, բարոյականութեան, անվտանգութեան, հանրային շահի եւ ազգային այլ հիմնախնդիրների վերաբերեալ խախուտ են եւ դարձել են գլխացաւանք մեզ համար: Այդ պատճառով մենք չենք սիրում առերեսուել մեր ինքնութեանը, փախչում ենք ինքներս մեզանից եւ դիւրութեամբ տարրալուծւում այլ ազգերի մէջ: Մեզ պէտք է դուրս գալ այս փակուղուց: Աւելի ստոյգ հոգեւոր եզրաբանութեամբ ձեւակերպեմ. մենք պէտք է հիմնովին դարձի գանք` ազգովի ամրագրելով չարիքի մերժումը եւ բարիքի ընտրութիւնը: Դարձը ազգային ինքնագիտակցութեան նոր սինթեզի եւ մեր հոգու վերակենդանացման նախապայմանն է: Այնուհետեւ մենք պէտք է հաւատքի նոր ուխտ կնքենք եւ մաքրութեան պատասխանատւութիւն ստանձնենք Աստուծոյ առաջ: Եւ եթէ մեր դարձն անկեղծ լինի, ապա մենք հնարաւորութիւն կունենանք վերստին ծնուելու որպէս Աստուծոյ ժողովուրդ եւ նրա առաքելութիւնն իրականացնելու այս աշխարհում: Սա կը լինի մեր սերնդի խորհրդական մկրտութեան խորհուրդը: Այնուհետեւ ամրագրելով մեր հոգեւոր հիմքերը՝ մենք պէտք է քայլ առ քայլ նորոգենք ու հզօրացնենք մեր ազգային կեանքի հիմնական ոլորտները: Եւ նախ պէտք է սկսել պետութեան նոր մոդելի մշակումից: 

 

Պետութիւն

Մեր երազած անկախ պետութիւնը հոգեվարքի մէջ է: Այն ի սկզբանէ կառուցուել է սխալ հիմքերի վրայ: Մենք պատրաստ չենք եղել ներքին եւ արտաքին փորձութիւններին: Մեր ինքնութեանը համահունչ պետութիւն ունենալու բոլոր ճիգերը խեղդուել են կեղծ ժողովրդավարութեան քողի ներքոյ ներմուծուած ապազգային արժէքների որոգայթներում: Մենք մեքենաբար պետական կառոյցներ ենք ստեղծել առանց մտածելու բովանդակութեան մասին:  Պետութեան գոյութեան համար անհրաժեշտ ազգային տեսլականի, գաղափարական մշակումների, մրցունակ ծրագրերի ստեղծման օջախներ կամ այսպէս կոչուած մտակենտրոններ չենք ձեւաւորել: Հատուկենտ կայացած այդպիսի երեւոյթները արդիւնք են ոչ թէ պետական մտածողութեան, այլ անհատների ինքնաբուխ համախմբման: Պետութեան վրայ բարդել ենք անտանելի բեռներ, պետութեանը վերագրել ենք փրկչական դեր, դարձրել ենք ամէն ինչի տէր` մեզ ազատելով տէր կանգնելու պատասխանատւութիւնից: Ձեւի եւ բովանդակութեան անհամապատասխանութիւնը չափազանց անհատականացրել է հասարակական կեանքի առաջնորդութեան մոդելը, մեր մտածելակերպը դարձել է սեւ ու սպիտակ, որոնց արանքում գոյացել է գաղափարական անդունդ: Այդ է պատճառը, որ մենք չենք սիրում գաղափարներ ու ծրագրեր եւ մեր ղեկավարներին կուրօրէն ատում ենք կամ անվերջ պաշտում: Երկուսն էլ ծանր մեղքեր են, որոնք արդիւնք են մեր ներքին սնահաւատութեան եւ կռապաշտութեան:

 

Պետութեան կառուցման նոր տեսլականը եւ նրա կայացման սինթեզը  մեր ազգային գոյութեան հրամայականն են: Պետութիւնը բարոյական համակարգ է: Պետութեան մասին գրուած կարեւորագոյն ստեղծագործութիւններից մէկը` Պլատոնի «Պետութիւնը» ծայրից ծայր բարոյականութեան եւ առաքինութիւնների մասին է:  Պետական գործիչը որոշակի առաքինութեան կրիչ է, եւ հասարակութեան գերխնդիրներից է այդպիսի գործիչների պատրաստման ինստիտուտների կայացումը: Պետութեան գործունէութիւնը պէտք է հիմնուած լինի համապատասխան մտակենտրոնների մշակումների վրայ: Առանց գաղափարական եւ բարոյական էլիտաների պետութիւնը եւ ազգը դառնում են խաղալիք արտաքին ուժերի պարտադրած պոպուլիզմի եւ սեփական ժողովրդի յիմարութեան ձեռքին: Այս մտակենտրոնների կայացման համար անհրաժեշտ են բարձր բարոյական իդէալներ եւ գործունէութեան չափանիշներ: Գաւառամտութիւնից, միջակութիւնից, մաշուած գաղափարներից, ինքնահիացումից  պէտք է թօթափուել:  Որոշիչ են լինելու մեր մրցունակ մարդկային ներուժի յայտնաբերումը, յաջողութեան պատմութիւնների համախմբումը  եւ ընդհանրական շահի գիտակցութեան ձեւաւորումը: Ռազմավարական ծրագրերի մշակումների, զարգացման ուղիների ընտրութեան եւ ճանապարհային քարտէզների նախագծման համար մենք կարիք ունենք յստակեցնելու հետեւեալ սկզբունքային հարցերի պատասխանները. ա) ո՞րն է մեր ինքնութիւնը, եւ ի՞նչ արժէքներ են մեզ միաւորում, բ) ո՞րն է մեր գոյութեան իմաստը, եւ ի՞նչ առաքելութիւն ունենք մենք աշխարհում, գ) ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ճանապարհով պիտի հասնենք մեր նպատակակէտին:

 

Հասարակական յարաբերութիւններ

Կեղծիքն աննպատակ չի լինում, յատկապէս երբ այն պարտադրուած է: Զաւեշտական է հնչում, բայց մեզ պարտադրում են «ազատ» լինել: Եւ այդ «ազատութիւնը» բոլոր ժամանակների մեծագոյն հոգեւոր բռնութիւնն է: Ազատութեան, մարդու իրաւունքների, հաւասարութեան ականջահաճոյ թեզերի ներքոյ ներմուծում են օրակարգեր, որոնք գոյաբանական սպառնալիք են մեր ազգային ինքնութեան համար: Իսկ մեր արժէքային հիմքը սահմանուած չէ, հետեւաբար չունենք ներքին համաձայնութիւն, թէ ինչի շուրջ ենք միաւորւում եւ որոնք են մեր մարդկային յարաբերութիւնների սրբութիւններն ու սահմանները: Եւ քանի դեռ մենք չգիտենք, թէ ով ու ինչ ենք, մեզ անընդհատ իմաստազրկելով ու բարոյազրկելով` հաւասարեցնելու են: Ազատութիւնը առանց բարիքի գիտակցութեան եւ բարոյական պատասխանատւութեան՝ գաղափարական թմրանիւթ է եւ կառավարելի քաոսի հիմնական գործիքը: Եւ մեր իրականութիւնը հէնց ուղղորդուած, կառավարուող եւ ազգակործան քաոս է, որից օր առաջ պէտք է դուրս գալ: Ինչի՞ց սկսել: Նախ եւ առաջ` մարդու պաշտպանութիւնից, մարդկային  յարաբերութիւնների չգրուած օրէնքների կամ սրբութիւնների ամրագրումից: Հասարակութիւնը չի կառուցւում սոսկ արտաքին օրէնքներով եւ իրաւական կարգաւորումներով: Մարդկային կեանքը կանոնակարգող այդ հիմքային սկզբունքները կամ աքսիոմները ունեն կրօնափիլիսոփայական ծագում: Օրինակ` աւետարանական սէրը եւ փիլիսոփայական արդարութիւնը շատերի համար անվիճելի ճշմարտութիւններ են եւ հասարակական կեանքի ձեւաւորման բարձրագոյն չափանիշներ: Սակայն ոչ պակաս կարեւոր են դրանք իրագործելու բանալիներն ու կոդերը, որոնց բացայայտման համար կարիք ունենք նախեւառաջ հասկանալու եւ վերացնելու մեր համակարգային սխալների ու շեղումների պատճառները: Եթէ մենք երկարաժամկէտ մտածողութեան եւ ապագան տեսնելու խնդիրներ ունենք, ապա պատճառը մեր անհաւատութիւնն է: Եթէ քաղքենի ենք, սպառող եւ մանրախնդիր, ապա պատճառը մեր սնահաւատութիւնն է: Եթէ անփոյթ, անհետեւողական ու թափթփուած ենք, ապա պատճառը մեր թերահաւատութիւնն է: Եթէ ուզում ենք, որ անընդհատ մեզ գովեն եւ խօսեն մեր բացառիկութիւնից, ուրեմն ներքուստ դատարկ ենք: Պէտք է շարունակել արատաբանութեան այս շղթան եւ վերհանել մեր համակարգային խախտումների օրինաչափութիւնները, որպէսզի կարողանանք որպէս հասարակութիւն կազդուրուել, մեզ պարգեւուած կեանքը գնահատել եւ այն համաձայնեցնել կեանքի Տիրոջ հետ: Այս հարցում պատճէնահանումները չեն օգնի, կարիք ունենք նրբագոյն վերլուծութիւնների: Եւ միշտ պէտք է յիշենք, որ հոգեւոր խաւարը յաղթահարելու միակ ճանապարհը հաւատքի ու առաքինութիւնների լոյսն է: Իսկ մեր բարոյական աճի յայտարարը մեր խօսքն ու գործն են:

 

Խօսքը աստուածատուր շնորհ է: Յովհաննէս աւետարանիչը Աստուծոյ Որդուն կոչում է Աստուծոյ  Խօսք: Մարդը` որպէս բանական կամ խօսքի շնորհով օժտուած էակ, Աստուծոյ մարմնաւորուած Խօսքի պատկերն ու նմանութիւնն է: Խօսքը մեր մտածողութեան, ապրումների եւ մշակոյթի խորհրդանիշն է: Խօսքը մեր սրբութիւնն է: Հետեւաբար խօսքի նկատմամբ յարգանքը հասարակութեան հոգեւոր իդէալների եւ մաքրութեան գլխաւոր ցուցիչն է: Երկարաժամկէտ լուծումը կրթութեան մէջ է: Սակայն մինչեւ սեփական խօսքը յարգող սերունդ ձեւաւորելը մենք կարիք ունենք հէնց այսօր մաքրագործելու եւ պաշտպանելու խօսքի սրբազան ասպարէզը: Բաւական է մի թռուցիկ հայեացք նետել մեր հանրային հաղորդակցութեան հարթակներում եւ ցանցերում տիրող իրավիճակի վրայ, որ համոզուենք, որ մենք իմաստազրկել, բարոյազրկել եւ այլանդակել ենք մեր խօսքը: Մեզ ոչ անշահախնդրօրէն օգնել են այդպիսին դառնալ, այսպիսին են ուղղորդուած եւ կառավարուող խօսքի ազատութեան եւ ժողովրդավարութեան պտուղները: Ժամանակակից աշխարհում տեղեկատուական դաշտի եւ սոցիալական ցանցերի միջոցով կիրառուող մանիպուլացիաները, ուղեղների լուացումը, գիտակցութեան վերակոդաւորումը, զոմբիացումը լաւագոյնս կիրառուել են մեզ վրայ: Եթէ չստեղծենք պաշտպանական համակարգ, կործանումն անխուսափելի է: Որպէս առաջին քայլ՝ օր առաջ  առցանց հանրային տարածքների դռները պէտք է օրէնքով փակել չստուգուած օգտատէրերի կամ ֆեյքերի առաջ, որպէսզի իւրաքանչիւր ոք իր խօսքին տէր կանգնի եւ ասածի համար պատասխանատւութիւն ստանձնի: Օրէնքով պէտք է սահմանել հանրային տարածքում խօսք հնչեցնելու որոշակի բովանդակային, որակական եւ բարոյական չափանիշներ: Այլապէս հանրային խօսքի տարածքները լցուելու են զազրախօսութեան եւ գռեհկաբանութեան աղբով, որում գտնուելը վտանգաւոր է առողջութեան համար: Օրինակ` հանրային տարածքներում խօսելու կամ, աւելի ստոյգ, խօսք հեռարձակելու իրաւունք կարող են ունենալ միայն բարձրագոյն կրթութիւն ունեցող, հայոց լեզուի եւ մտածողութեան որոշակի մակարդակ ունեցող մարդիկ: Պահանջների ցանկը կարելի է ընդլայնել: Այս ամէնի փաստացի տուեալները (դիպլոմ, թեստերի արդիւնքներ) պէտք է արտացոլուած լինեն օգտատէրերի անձնական էջում: Այս խնդիրը անյապաղ լուծման կարիք ունի, այլապէս ֆեյքերի, յիմարների եւ զոմբիների ձեռքը գերի ենք դառնալու: 

 

Ազատ ապրելու պարգեւը մենք մսխել ենք: Ստախօսութիւնը եւ ատելութեան շարունակական քարոզը թունաւորել են մեզ: Մարդը մեկուսացած եւ անպաշտպան է: Մեր յարաբերութիւններում եւ սպասումներում անվստահութիւնը գնալով աճում է: Ազատական քամիները, յեղափոխական խաբկանքները մեծ հեռանկարներ են բացել պորտաբոյծների համար: Գործ անողը, արդիւնք տուողը, ստեղծագործողը ստորադասուած են անգործներին, անբաններին, կեանքում ոչինչ չստեղծած եւ որեւէ պատասխանատւութիւն չստանձնած մարդկանց: Ինչպէ՞ս դուրս գալ այս ծանր վիճակից: Նախ` պէտք է գիտակցել չարիքը եւ հասկանալ, որ չարի հետ խաղերը եւ գրկախառնութիւնները լաւ չեն վերջանում: Չարը անձնաւորուած գոյութիւն է, սակայն ամէն բան անում է, որ մենք յանկարծ դա չգիտակցենք: Չարիքից ամէն գնով, բոլոր մակարդակների վրայ պէտք է թօթափուել: Երկրորդ` պէտք է հասկանանք, թէ ինչ է բարիքը եւ գործ անենք: Բայց ո՛չ մեկուսի, այլ միասնաբար` հանրային շահի գիտակցմամբ եւ ազգ կառուցելով: Ոտքի կանգնելու եւ հզօրանալու միակ ճանապարհը բարիք ստեղծելն է: Եւ պէտք է ամրագրենք մեր գիտակցութեան մէջ, որ բարիքը միայն որակով է լինում: Պտղաբերութիւնը, ստեղծարարութիւնը, յաւելեալ արժէքի ստեղծումը, նորարարութիւնը հասարակութեան արժէքային սանդղակի բարձրագոյն դիրքերը պէտք է զբաղեցնեն: Արարող մարդը Արարչի պատկերն ու նմանութիւնն է: Աւետարանական առակները ցոյց են տալիս, որ մենք չենք կարող մեզ տրուածը նոյնութեամբ վերարտադրել կամ պահպանել, առաւել եւս կորցնել կամ մսխել: Պէտք է պտուղ տալ եւ աւելացնել ստացածը:

 

Ազատութիւնն առանց առաքինութեան կործանարար է: Հասարակական կեանքի կառուցման հիմնաքարը խօսքի եւ գործի արժէքը գիտակցող մարդն է: Այդպիսի մարդ դաստիարակելը, կրթելը եւ կերտելը միակ նախապայմանն է ազատ ապրելու եւ արարելու: Մարդկային բարձր որակների ձեւաւորումը երկար ճանապարհ է, որի սկզբում  անհրաժեշտ է պարզաբանել եւ հասկանալ, թէ` ա) որոնք են մեր համակարգային սխալները եւ թերութիւնները, բ) ինչ է բարիքը եւ որ առաքինութիւնների շուրջ մենք պէտք է միաւորուենք, գ) ինչպէս ամրագրել չարիքի մերժումը, դ) որն է ապագայի հասարակութեան մեր մոդելը:

 

Արտաքին քաղաքականութիւն

Ազգերի գոյութիւնը մեծապէս կախուած է նրանց համագործակցային ներուժից եւ մշակոյթից: Մենակութիւնը դատապարտութիւն է: Աշխարհը թեւակոխել է համապարփակ համագործակցութիւնների դարաշրջան, որն ազգերին ընձեռում է մեծ հնարաւորութիւններ, բայց նաեւ պարունակում նրանց ինքնութեանը սպառնացող վտանգներ: Մեզ համար կարեւոր է յստակեցնել, թէ ինչպիսի ռազմավարական դաշինքների անհրաժեշտութիւն ունենք եւ որն է մեր արտաքին քաղաքականութեան վեկտորը: Դաշնակիցներին ընտրելիս պէտք է հաշուի առնել ոչ միայն պատմա-աշխարհագրական եւ ռազմա-տնտեսական գործօնները, այլեւ հոգեւոր-փիլիսոփայական եւ մշակութային մերձաւորութեան սկզբունքները: Մեծ պատկերի տեսողութիւնը եւ այդ մեծ պատկերի մէջ սեփական դերակատարութեան ու դիրքերի յստակեցումը ելակէտային դրոյթներ են արդիւնաւէտ դաշինքների համար:

 

Քրիստոնէութիւնը մեզ ընձեռում է մեծ հնարաւորութիւններ: Քրիստոնէութիւնը դեռեւս աշխարհում ամենամեծ կրօնն է, եւ հայերը որպէս առաջին քրիստոնեայ ժողովուրդ պէտք է յստակեցնեն իրենց առաքելութիւնը առնուազն համաքրիստոնէական ասպարէզում: Սակայն սոսկ պատմական կրեդիտները բաւարար չեն․ քեզ վստահելու են եւ ընդունելու են որպէս հեղինակութիւն, եթէ դու հաւատարիմ ես քո հաւատքին եւ կարող ես բարոյական օրինակ ծառայել այլոց: Անգամ ոչ քրիստոնեաները քո նկատմամբ կունենան մեծ յարգանք, եթէ համոզուած լինեն, որ դու անկեղծ ես քո հաւատքի մէջ: Ուրեմն մեր հոգեւոր ակունքներին հաւատարիմ մնալով միայն` մենք կարող ենք լինել վստահելի գործընկեր եւ հեղինակութիւն: Եթէ մենք ուզում ենք դառնալ մի միջին եւրոպական պետութիւն, մենք որեւէ մէկին հետաքրքիր չենք: Եթէ ուզում ենք ստեղծել քրիստոնէական ազգի եւ պետութեան մոդել 21-րդ դարում (գոնէ մէկ անգամ ստեղծել ենք այդպիսի մոդել), մենք միանգամից հետաքրքիր ենք դառնում բոլորի համար: Ուրեմն քրիստոնէական քաղաքականութեան մշակումը մեր ներազգային կեանքի կարգաւորման եւ արտաքին քաղաքականութեան հիմնական յաղթաթուղթն է:

 

Դաշնակցային յարաբերութիւններում միակողմանի խնդրողի դերակատարութիւնը բացառւում է: Ստանալու համար պէտք է տաս, հզօրանալու համար պէտք է հզօրացնես դաշնակցիդ: Դաշնակցային համագործակցութիւնը բազմաշերտ իրողութիւն է, որի կենտրոնում դաշնակից ազգերի մտակենտրոնների համագործակցութիւնն է: Այդ համատեղ աշխատանքի արդիւնքում ստեղծուած ծրագրերն են ընկած լինելու քաղաքական որոշումների հիմքում: Համատեղ ծրագրերի մէջ սեփական ներդրումը բերելը եւ վստահութեան պաշար ձեւաւորելը մեծ հնարաւորութիւններ է բացում փոքր ազգերի համար: Վստահելի ազգերն օգտւում են ընդլայնուած շուկաներից, գիտական ուսումնասիրութիւնների եւ տեխնոլոգիական զարգացումների մեծ ասպարէզներից, անվտանգութեան համալիր լուծումներից` շէնացնելով եւ հզօրացնելով իրենց երկիրը: Իսկ անվստահելի ազգերի առաջ դռները հիմնականում փակուած են, նրանք պարզապէս օգտագործւում են ուրիշների նպատակների համար:

 

Արտաքին քաղաքականութեան մէջ մենք կրաւորական դիտորդի կարգավիճակում ենք: Խնդիրների մի զգալի փունջ գալիս է նրանից, որ չգիտենք, թէ ինքներս մեզանից ինչ ենք ուզում, եւ դիմացինին շփոթութեան մէջ ենք գցում:  Այս ցաքուցրիւ, պատահմունքային իրավիճակներից դուրս գալու համար անհրաժեշտ է յստակեցնել մի շարք հարցադրումների պատասխաններ: Որո՞նք են մեր հնարաւորութիւնները, եւ համագործակցային ի՞նչ ներուժ ունենք: Ո՞րն է սփիւռքի դերը, եւ ինչպէ՞ս ենք օգնում սփիւռքին: Ո՞րն է մեր արտաքին քաղաքականութեան հիմնական վեկտորը: Տեղեկատւութեան տիրապետման ի՞նչ համակարգ եւ գործիքակազմ պէտք է ունենանք:

 

Բանակ

Բանակի մոդելի ընտրութիւնը պէտք է բխի ազգային անվտանգութեան հայեցակարգից: Անվտանգութիւնն իր հերթին վերաբերում է մարդկային կեանքի բոլոր ոլորտներին` մարմնական, տնտեսական, տեխնոլոգիական, տեղեկատուական, հոգեւոր եւն: Հետեւաբար բանակաշինութիւնը պէտք է արտացոլի ժամանակակից կեանքի անվտանգութեան բոլոր կողմերը: Հին մոդելներից պէտք է զգուշանալ: Դրանք յաճախ անվտանգութեան խաբկանք են ստեղծում, եւ մենք դասեր պիտի քաղենք մեր իսկ սխալներից: Ժամանակակից բանակի խնդիրներն են ոչ միայն սպառազինութիւնը եւ սահմանների պաշտպանութիւնը, այլեւ հոգեւոր ինքնութեան ամրացումը, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատուական անվտանգութիւնը եւն: Բանակները ժամանակակից ազգերի կեանքում կենտրոնական դեր ունեն, նրանք ազդում եւ ուղղորդում են քաղաքականութիւնը, տնտեսութիւնը, գիտութիւնը եւն: Ժամանակակից բանակը բարձր տեխնոլոգիաների հիմնական պատուիրատուն է եւ այդ ոլորտի զարգացման խթանիչ ուժը: Իսկ որոշ ազգերի դէպքում, օրինակ` հրեաների, երկիրն ուղղակի կառուցուել է բանակի հէնքի վրայ: Իսրայելական բանակն այսօր հիմնական խաղացողներից մէկն է բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:

 

Ազգ-բանակի մոդելը կարեւոր նախաձեռնութիւն էր, սակայն ուշացած եւ ոչ ամբողջական: Այն պէտք էր սկսել առնուազն երկու տասնամեակ առաջ, իսկ ամբողջական լուծումը ուղիղ ժողովրդավարութեան մոդելն է, որը, օրինակ, կիրառւում է Շուեյցարիայում: Իւրաքանչիւր չափահաս մարդ իր երկրի պահապանն է, ունի իր զէնքը, տանն ունի այդ զէնքի պահպանման յատուկ պայմաններ եւ պարբերաբար անցնում է զինուորական պատրաստութիւն: Ուղիղ ժողովրդավարութիւնը բարձր պատասխանատւութիւն ունեցող հասարակութիւն կերտելու ճանապարհ է: Բոլորը հաւասար են, բայց հաւասարութիւնն ունի իմաստ եւ առաքելութիւն: Հայրենիքը նուիրական է, որովհետեւ այն պաշտպանում են բոլորը: Երբ այս մոդելի մասին ժամանակին քննարկումներ սկսուեցին, հիմնական հակաթեզն այն էր, որ մենք պատրաստ չենք, եւ մարդիկ իրար վրա կը կիրառեն զէնքը: Հասկանալի է, որ այստեղ ներքին մշակոյթի եւ կրթութեան խնդիր կայ: Բայց պէտք է ինչ-որ կէտից սկսել, այլապէս այսպիսի տարածաշրջանում մենք անվտանգութեան որեւէ հեռանկար չունենք: Բացի դրանից, բոլորին հայրենիքի պաշտպանի կարգավիճակ տալը որակապէս փոխում է հասարակութեան գիտակցութիւնը եւ մարդկային փոխյարաբերութիւնների բնոյթը: Այդպիսի հասարակութիւնում մաուզերիստները, զոռբաները եւ ձայն գնողները տեղ չունեն:

 

Բանակի ոգին կերտում է սպայական էլիտան: Սպայական պատրաստութեան հաստատութիւնները պէտք է օրինակ լինեն թէ՛ իրենց ոգով եւ փիլիսոփայութեամբ, թէ՛ իրենց կրթական որակով եւ բարոյական նկարագրով: Հայ Առաքելական Եկեղեցու դերը այստեղ առանձնայատուկ կարեւորութիւն ունի: Արեւմտեան աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում,  ռազմական կրթութեան յայտնի հաստատութիւնները հիմնականում ուղղակի կապ ունեն Կաթոլիկ եկեղեցու կամ բողոքական յարանուանութիւնների հետ կամ հիմնուած են նրանց կողմից: Հաւատքը կեանքի բոլոր ոլորտներում, բայց յատկապէս ռազմական գործում ունի գոյաբանական (existential) նշանակութիւն: Իր եւ շատերի կեանքի համար վճռական որոշումներ կայացնող ռազմական գործչի բարոյականութիւնը պէտք է ունենայ նաւարկային համակարգ (navigation system): Դա կոչւում է հաւատք: Քրիստոնէութիւնը տալիս է նաեւ բանակում միջանձնային յարաբերութիւնների կարգաւորման, բարոյա-հոգեբանական խնդիրների կարգաւորման, ծառայութեան իմաստաւորման կարեւոր բանալիներ: Հիմնական բանալին անձնական օրինակն է: Այն, ինչ անհնար է լուծել հրամայելով, ստիպելով, պահանջելով, հնարաւոր է լուծել սիրով: Օրինակ` եթէ սպան վերաբերւում է իր զինուորին, ինչպէս հայրը` իր զաւակին, ապա այդպիսի բանակը բարոյապէս անպարտելի է:

 

Ժամանակակից բանակում սպառազինութիւնների եւ մարդկային ուժի յարաբերակցութեան փոխդասաւորութիւնը ենթարկւում է լրջագոյն փոփոխութիւնների: Բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականութեամբ օժտուած համակարգերը, անօդաչու սարքերը եւ ռոբոտները արդէն ունեն մեծ կշիռ, որը գնալով աւելանալու է: Ապագայի բանակը միգուցէ բաղկացած է լինելու ամբողջովին աւտոմատացուած ստորաբաժանումներից: Այս ասպարէզում մենք բաւականին յետ ենք ընկել, եւ մեր անելիքները յստակեցնելու եւ արագացնելու խնդիրներ ունենք: Մեծախօսութիւնը, խաբկանքներ ստեղծելը, պոպուլիզմով զբաղուելը անընդունելի են: Լուծուած խնդիրների գաւառական կրկնաբանութիւններով զբաղուելը եւ դրանով մարդկանց ուշադրութիւնը շեղելը ծանր յանցագործութիւն է: Ինչ-որ բաներ պէտք է ձեռք բերել, որովհետեւ դրանք նորից ստեղծելը, արտադրելը եւ որակ ապահովելը անհամեմատ աւելի թանկ եւ ժամանակատար են, եւ երբեմն` ուղղակի անիրատեսական: Ինչ-որ բաներ պէտք ստեղծել, որովհետեւ ամէն խնդիր չէ, որ աշխարհում լուծուած է: Եւ ռազմարդիւնաբերութեան ոլորտում բեկում առաջացնելու համար որոշիչ են լինելու մեր ներուժի իրատեսական գնահատումը եւ մեր ռազմավարական գործընկերների հետ գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցութիւնը:

 

Մեր բանակը հիմնովին վերափոխուելու կարիք ունի: Անվիճելի է, որ բանակը պէտք է ապահովուած լինի արդիական զէնքով ու տեխնոլոգիայով, որակեալ մարդկային ռեսուրսով, այլապէս ինչպէ՞ս պիտի ապահովի մեր անվտանգութիւնը: Սակայն բանակի առաքելութիւնը պէտք չէ սահմանափակել սոսկ սահման պաշտպանելով կամ ռազմական առաջադրանքներ կատարելով: Բանակը պէտք է դառնայ՝ ա) արժէքային համակարգ, բ) ազգային կեանքի կազմակերպման մոդել եւ կրթական հարթակ, գ) տնտեսութեան եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժ, դ) ապագան կանխատեսող եւ կանխորոշող հաստատութիւն:

 

Կրթութիւն

Այսօրուայ խիստ մրցակցային աշխարհում իւրաքանչիւր ազգի կենսունակութեան եւ զարգացման հիմքը կրթութիւնն է: Որակեալ կրթութիւնը համարւում է մարդու ամենամեծ հարստութիւնը: Գիտակից մարդիկ ճիգ ու ջանք չեն խնայում` իրենց երեխաներին սովորելու լաւագոյն հնարաւորութիւններ տալու համար: Առաջատար պետութիւնները եւ մասնաւոր հաստատութիւնները մրցավազքի մէջ են սովորելու արդիւնաւէտութիւնը բարձրացնելու խնդրում: Կրթութիւնը դարձել է մի հսկայ համաշխարհային շուկայ, որում կողմնորոշուելու համար առնուազն պէտք է յստակեցնել մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ: Արդեօ՞ք  կրթութիւնն այսօր համապատասխանում է մարդու էութեանը եւ հիմնարար ձգտումներին: Կրթութիւնն ազատագրո՞ւմ է մարդուն եւ ստեղծարա՞ր դարձնում, թէ՞ բարոյապէս բարդոյթաւորում եւ կապանքում որոշակի ստանդարտ մտածողութեան մէջ: Որքանո՞վ է գիտելիքի ձեւաւորումը համահունչ սովորողի բարոյական աճին: Ազգայինը եւ համամարդկայինը որքանո՞վ են ներդաշնակուած: Կրթական ծրագրի վերջնարդիւնքները համապատասխանո՞ւմ են արդեօք արդի գիտատեխնոլոգիական սրընթաց զարգացումների պահանջներին:

 

Սկսենք գաղափարական հարցապնդումների յստակեցումից: Ժամանակակից կրթութիւնը յայտնուել է աշխարհայեացքային խոր ճգնաժամի մէջ եւ հիմնականում զբաղուած է մարդուն համակարգային գործիք դարձնելով: Կրթութիւնը կտրուել է փիլիսոփայութիւնից եւ կորցրել իր հոգին: Ճշմարիտ մարդը` որպէս Աստուծոյ պատկեր եւ նմանութիւն, անհետանում է պատմութեան թատերաբեմից: Կրթութեան հոգեզրկման այս գործընթացի վրայ երկու գործօն ճակատագրական ազդեցութիւն են ունեցել: Առաջինը այսպէս կոչուած լուսաւորութեան դարաշրջանի մտածողութիւնից սերած կրթութեան աշխարհիկացումն է: Եկեղեցին` որպէս մարդու հոգեւոր մտածողութեան եւ բարոյական աճի երաշխաւոր, հետեւողականօրէն դուրս մղուեց կրթութիւնից: Առաջացած բարոյամտածելակերպային դատարկութիւնը լցուեց ազատական, կեղծ գիտական եւ քօղարկուած աղանդաւորական գաղափարներով: Աստուածակենտրոնութիւնը փոխարինուեց աստուածամերժ մարդակենտրոնութեամբ, իսկ քրիստոնէական մարդասիրութեանը եկաւ փոխարինելու մարդապաշտութիւնը (հումանիզմ): Մարդը, կորցնելով հոգեւոր գիտակցութիւնը, յայտնուեց յօրինուած ազատութեան ծուղակում: Իսկ այս մեծ փորձարկման զոհ դարձած դպրոցը` մարդակերտման դարբնոցը, զրկուեց հոգեւոր արժէքների ինստիտուցիոնալ պատասխանատուից եւ երաշխաւորից` Եկեղեցուց: Հոգեւորի ինստիտուցիոնալ պատասխանատւութիւնը բարդուեց աշխարհիկ պետութեան վրայ, որն անկարող էր այդպիսի առաքելութիւն իրականացնել: Արդիւնքում պատասխանատւութեան դատարկութիւնից օգտուեցին քօղարկուած կամ բացայայտ հակաքրիստոնէական ուղղութիւն ունեցող համաշխարհային ուժերը եւ սկսեցին պետութիւններին պարտադրել իրենց օրակարգերը` կրթութեան մէջ դարերով բիւրեղացած արժէքային հիմքերն աղաւաղելով: Երկրորդ պատճառը կրթութեան համապատասխանեցումն էր այդ նոյն ժամանակաշրջանում ձեւաւորուած արդիւնաբերական յեղափոխութեան պահանջներին: Դարերի խորքից եկած` իմաստութեան եւ ներքին կատարելութեան հասնելու հիմնական իդէալը փոխարինուեց ստանդարտներով: Դպրոցը սկսեց հեռանալ իր գոյաբանական գործառոյթից եւ վերածուեց շուկայական պահանջներին համապատասխան մարդ արտադրող գործարանի, կրթութեան արժէքային կամ հոգեւոր հիմքերը սկսեցին հետզհետէ խարխլուել, եւ դպրոցը գաղափարական առաջամարտիկից վերածուեց շուկայական պահանջարկի մատակարարի: Արագօրէն աճող պահանջարկը էապէս ազդեց  կրթութեան բովանդակութեան եւ որակի վրայ: Կրթութեան բարձր առաքելութեանը համապատասխան որակեալ ուսուցիչների կշիռը հետզհետէ նուազեց այդ ասպարէզում յայտնուած անհրապոյր արհեստաւոր-մասնագէտների համեմատութեամբ: Ցածր վարձատրութիւնը, այլ մասնագիտութիւնների գրաւչութիւնը, պետական քաղաքականութեան անհեռատեսութիւնն իրենց հերթին յանգեցրին նրան, որ տաղանդաւոր մարդիկ սկսեցին խուսափել ուսուցչի մասնագիտութիւնից: Դպրոցները սկսեցին լցուել մարդկանցով, որոնք չունէին բարձր ձգտումներ եւ այլ ոլորտներում կայանալու հնարաւորութիւններ: Առաքելութիւնը փոխարինուեց մասնագիտութեամբ, եւ որակը զոհուեց յանուն ծաւալի:

 

Լաւ կրթութիւնը արտաքին աշխարհի ճանաչողութեանը զուգահեռ պէտք է ապահովի սովորողի ինքնաճանաչողութեան զարգացումը: Սակայն արդեօ՞ք այսօր կրթութիւնը սեփական ինքնութեան բացայայտման եւ կայացման ճանապարհ է: Թէ՞ կրթութեամբ  մարդն աւելի շուտ կորցնում է իրեն, քան գտնում: Յամենայն դէպս ժամանակակից կրթութիւնը չունի ինքնատեսողութեան եւ ինքնավերլուծութեան, սեփական մտքերի եւ ապրումների կառավարման, ցանկութիւնների եւ կրքերի տիրապետման որեւէ լուրջ գործիքակազմ: Հոգեւոր գիտակցութեան ճանապարհին կուտակուած դարաւոր փորձառութիւնը պարզապէս անտեսուած է: Արդիւնքում դպրոց եւ համալսարան աւարտած մարդն իր յուզական խելամտութեամբ եւ ինքնատիրապետման կարողութեամբ կարող է ունենալ նախադպրոցական երեխայի մակարդակ: «Ո՞վ եմ ես» գոյաբանական հարցադրման պատասխանը բացայայտելու յոյսը, փաստօրէն, թողնուած է անհատի վրայ: Մարդը կա՛մ հրաշքով գտնում է իրեն` դուրս գալով կրթութեան համակարգային փակուղուց, կա՛մ անընդհատ փախչում իր հետ առերեսուելուց` կապանքուելով իր ներքին բարդոյթների մէջ: «Ո՞վ եմ ես»-ի միւս կարեւոր բաղադրիչը ազգային եւ հոգեւոր պատկանելութիւնն է կամ հաւաքական ինքնութիւնը: Մենք այնպիսին ենք, ինչպիսին տեսնում ենք մեզ մեր հաւաքական ինքնութեան հայելու մէջ: Ինչպէ՞ս է այսօր մեր կրթութիւնը ձեւաւորում ազգային ինքնագիտակցութիւն: Այս գերկարեւոր խնդրի հայեցակարգ եւ գործիքակազմ չկան, իսկ պատասխանատուներն անյայտ են: Ազգայինը անպտուղ ոգեշնչման եւ սին հպարտութեան աղբիւր չէ, այլ արարման հոգի եւ ընդհանրական շահի անձնական պատասխանատւութիւն: Պատմութիւնը մեր հաւաքական հոգու կենդանի եւ իրական հետագիծն է, եւ իւրաքանչիւր անձնական պատմութիւն երկխօսութեան մէջ է այդ ապրող իրականութեան հետ: Ազգային պատմութեան այսպիսի ամրագրումը անհատին դարձնում է պատմութեան մասնակից եւ կերտող, անձնական պատմութիւնն իմաստաւորւում է ժամանակի մէջ, եւ ներկան դառնում պտղաբեր թռիչքների հարթակ: Իսկ  ազգային գոյութեան ամենակարեւոր ցուցիչը ապագայի տեսլականն է: Առանց այդ տեսլականի հնարաւոր չէ պատկերացնել որեւէ աշխատող ծրագիր եւ ռազմավարութիւն յատկապէս կրթութեան ոլորտում:

 

Ազգայինի ընկալման միւս կարեւոր կողմը համամարդկայինի հետ յարաբերակցութիւնն է, սեփական առաքելութեան գիտակցումը, մեծ պատկերի մէջ սեփական ինքնութիւնը տեսնելն ու իմաստաւորելը: Սովորողը եթէ վստահ չեղաւ, որ իր ստացած ազգային կրթութիւնը համապատասխանում է համաշխարհային բարձր չափանիշներին, սեփական ինքնութեան նկատմամբ անվստահութիւն է ունենալու: Ազգայինը բոլոր առումներով պէտք է լինի մրցունակ եւ ուժեղ հասկացողութիւն, որն ամրացնում է իր ձգողականութեան դաշտում գտնուողներին եւ տալիս սեփական ներուժն իրագործելու արդիւնաւէտ լուծումներ: Այսօր աշխարհն արագօրէն վերափոխւում է: Բեկումնային տեխնոլոգիաների (disruptive technologies) զարգացումը եւ կեանքի փոփոխութիւնների արագութիւնն այսօր հարցականի տակ են դնում որեւէ դասական պատկերացում կամ ստանդարտ լուծում: Իրականութեան եւ կրթութեան անհամապատասխանութիւնը գնալով խորանում է: Եւ կրաւորական դիրքաւորումն ու չաշխատող կաղապարներից կառչելը ուղղակի արկածախնդրութիւն են: Որքան էլ տարօրինակ է, բայց այս ամէնը նաեւ բացառիկ հնարաւորութիւն է կրթութեան համար՝ վերասահմանելու իր փիլիսոփայութիւնը եւ առաքելութիւնը, թօթափուելու հնամաշ գաղափարներից եւ այն ամէնից, ինչը կապ չունի բուն մտածողութեան եւ ստեղծարարութեան հետ, իրական արժէքների եւ դրանց վրայ կառուցուած հմտութիւնների հետ, այլ ընդամէնը բեռ ու ճնշում է մարդու հոգեկան աշխարհի վրայ: Այսօր դասապրոցեսում եւ գնահատման համակարգում, օրինակ,  արհեստական բանականութեան միջոցով կարելի է մեքենայացնել զգալի թուով գործողութիւններ՝ ուսուցչին եւ սովորողին ազատելով մեքենայացման ակնյայտ վտանգներից: Դպրոցները պէտք է ճանաչելի դառնան իրենց ոգով, արժէքներով, ստեղծարար մթնոլորտով եւ ամբողջական մարդ ձեւաւորելու կարողութեամբ:

 

Կրթութիւնը տեսողութիւն է: Հեռուն տեսնելը, կանխատեսելը եւ կողմնորոշուելը վերափոխման ներուժ ունեցող հասարակութեան սկզբունքային յատկանիշներն են: Դպրոցը՝  որպէս մարդակերտման հիմնարար առաքելութիւնն իրականացնող հաստատութիւն, իր փիլիսոփայութեամբ եւ մշակոյթով պէտք է դառնայ կեանքի վերափոխման դարբնոց եւ ապագայի տեսողութեան դիտարան: Կրթութիւնը պէտք է լինի ոչ թէ կեանքի զարգացումների յետեւից գնացող սպասարկու, այլ այդ զարգացումն առաջնորդող գլխաւոր ուժը: Պատրաստի լուծումներ չկան: Իւրաքանչիւր ազգ պէտք է ստեղծի իրենը, որը բխում է իր առանձնայատկութիւններից, հոգեւոր արժէքներից եւ ապագայի տեսլականից:

 

Տնտեսութիւն

Բոլոր կրօնական պատկերացումներում մարդն ունի աննիւթական հոգի եւ նիւթական մարմին: Գրեթէ բոլոր ուսմունքներում հոգին եւ մարմինը պայքարի մէջ են, անգամ` թշնամանքի: Եւ հոգեւոր ազատագրման ճանապարհը մարմնականի մերժումն է, մարմնից թօթափուելը կամ մահը:  Նիւթն անիմաստ է կամ պարզապէս պատրանք: Քրիստոնէութիւնը միակ կրօնն է, որը պատասխանում է այն հարցին, թէ ինչ է նիւթը: Քրիստոսաբանական հիմնական պնդումը` Աստուած մարդացաւ, որպէսզի մարդն աստուածանայ, ըստ էութեան բացայայտում է արարածի գոյութեան իմաստն ու նպատակը: Արարչութեան մէջ չկայ ոչ մի անիմաստ բան: Աննիւթականը դարձել է նիւթական, որպէսզի նիւթն օրհնուի ու հոգեղինանայ: Նիւթականի նկատմամբ թշնամանքի վերացումը քրիստոնէական մտքի կարեւոր յաղթանակներից մէկն էր հրէական ինքնափակ մէկաստուածականութեան եւ հելլենական կրօնա-փիլիսոփայական սինկրետիզմի նկատմամբ: Մասնաւորաբար, հէնց այդ պատճառով է, որ ժամանակակից գիտութիւնը ծնուել եւ ձեւաւորուել է քրիստոնէական քաղաքակրթութեան շրջանակում:

 

Նիւթի նկատմամբ մտածելակերպային կաշկանդումները վերացնելով եւ նիւթը բարիք որակելով` քրիստոնէութիւնը մշտապէս ուսուցանել է, որ նիւթապաշտութիւնը  ծանր մեղք է, որովհետեւ, ըստ էութեան, ոչնչով չի տարբերւում հեթանոսական կռապաշտութիւնից: Չափի զգացողութիւնը կարեւոր է իւրաքանչիւր բարիքի հանդէպ, եւ խախտումներն ու ծայրայեղութիւններն ունենում են ծանր հետեւանքներ:  Իսկ Պօղոս առաքեալն ասում է.  «Արծաթասիրութիւնը արմատն է բոլոր չարիքների» (Ա Տիմ. Զ 10)` փողը որպէս նիւթական հարստութեան խորհրդանիշ դիտելով: Արդիւնաբերական յեղափոխութիւնը, նրանից ծնուած կապիտալիզմը քրիստոնէական քաղաքակրթութեան մէջ վերջնականապէս խախտեցին հոգու եւ նիւթի յարաբերակցութեան հաւասարակշռութիւնը յօգուտ վերջինի: Գիտական մտքի եւ արտադրական տեխնոլոգիաների զարգացման արդիւնքում արագօրէն կուտակուող ահռելի նիւթական հարստութիւնը եւ դրան լծակից իշխանութիւնը բացեցին գայթակղութիւնների մեծ ասպարէզներ եւ աւելի մեծացրին նիւթի ճնշումը հոգու վրայ: Իսկ հեռարձակման տեխնոլոգիաների եւ յատկապէս լայնաշերտ համացանցի ուղղորդուած նիւթապաշտական  բովանդակութիւնը  վերջնականապէս ստրկացրին մարդու հոգին: Նիւթը դարձաւ կեանքի իմաստ, երազանք եւ պաշտամունք: Նկատի ունենալով մարդու կրօնական էութիւնը` կատարուեցին բազմաթիւ փորձեր` «գիտական հիմնաւորումներով» նոր աշխարհիկ կրօն սինթեզելու: Գիտութիւնից փորձեցին կրօն սարքել: Սակայն այդ բոլոր փորձերը փշրուել են` բախուելով մարդու երջանկութեան եւ կեանքի իմաստի հիմնարար փնտրումներին: Մամոնայի պաշտամունքին տրուած արեւմտեան աշխարհը կանգնել է հոգեւոր ունայնութեան եւ փլուզուած արժէքների իրականութիւն առջեւ: Եւ ահա մենք սրընթաց ուզում ենք նետուել այդ հոգեւոր մղձաւանջի մէջ առանց յստակեցնելու, թէ ինչ ենք շահելու եւ ինչ կորցնելու: 

 

Յաջողութեան մեր պատկերացումներն ու պատմութիւնները խիստ անհատական են եւ հակասական: Յաջողութեան պատմութիւններ կան, որոնք բարոյական դժբախտութիւններ են: Մենք կարիք ունենք զանազանելու բարիքը չարիքից, որպէսզի սխալ օրինակներով չմոլորեցնենք մարդկանց: Երկարատեւ ճանապարհը նորից ու նորից կրթութիւնն է եւ յաջողութեան ճիշտ փիլիսոփայութիւն ունեցող սերնդի ձեւաւորումը: Կարճատեւ հեռանկարում պէտք է դրական պատմութիւնները միաւորել` նիւթականի եւ բարոյականի հաւասարակշռութիւնը պահպանելով, մեր հիմքային արժէքներից դուրս բերել յաջողութեան բանաձեւերը, երիտասարդութեան գիտակցութեան մէջ բիւրեղացնել եւ ներշնչանք դարձնել կեանքը վերափոխող, ռիսկեր եւ պատասխանատւութիւն վերցնող, բարիքին հետամուտ գործարարի  կերպարը: Արժէքային եւ գաղափարական ճառագայթում ունեցող գործարար էլիտայի ստեղծումն անհրաժեշտութիւն է արարման մշակոյթ ձեւաւորելու եւ հասարակութեանը անհատների եսապաշտական շեղումներից ազատագրելու համար:

 

Մարդկութիւնը թեւակոխել է չորրորդ արտադրական յեղափոխութեան ժամանակաշրջան: Ժամանակակից աշխարհում տնտեսութեան զարգացման շարժիչը բարձր տեխնոլոգիաներն են: Բեկումնային տեխնոլոգիաները, ինչպիսին են, օրինակ, տեղեկատուական տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիան, նանոտեխնոլոգիան, արհեստական բանականութիւնը, ռոբոտաշինութիւնը եւն, տնտեսական աճի աննախադէպ հնարաւորութիւններ են ընձեռել: Փոքր ազգերի համար բացուած են զարգացման մեծ ասպարէզներ: Սակայն ժամանակը մեզ չի սպասում: Զարգացման գնացքի դռները շուտով կը փակուեն, եւ մենք կարող ենք յայտնուել դիտորդի դերում: Որոշումներ կայացնելու համար պէտք է անյապաղ սահմանել՝ ա) մեր ազգային նպատակների եւ միութեան արժէքային միջուկը. բ) գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. գ) կրթութեան հայեցակարգը եւ բովանդակային կառուցուածքը. դ) մարդկային ներուժի զարգացման եւ նիւթական ռեսուրսների ապահովման ռազմավարութիւնը. ե) արտաքին համագործակցութեան վեկտորները:

 

Եկեղեցի

Սրբութեանն անմաքուր մօտենալուց ի՞նչ ենք շահելու: Միայն վնասելու ենք մեզ: Հաւատքի եւ դաւանութեան մասին դատողութիւններ անելը ի՞նչ իմաստ ունի, եթէ դեռ կառչած ենք մեր ներքին անհաւատութիւնից եւ կռապաշտութիւնից: Հնարաւո՞ր է արդեօք դրսից գաղափար կազմել ներսի մասին, եթէ մենք մի անգամ չենք բացել դուռը եւ ներս մտել:  Բայց մենք հէնց այդպէս ենք վերաբերւում մեր Եկեղեցուն, որը դարերով եղել է Աստուծոյ ներկայութեան, սրբութեան լոյսի, հոգեւոր գիտակցութեան հաստատութիւնն ու պահապանը մեր ազգային կեանքում: Զբաղւում ենք ամէն տեսակ յիմարութեամբ, մեր կեանքը վատնում մոլորութիւնների մէջ, վազում ամէն տեսակ սին պատրանքների յետեւից եւ յամառօրէն խուսափում ենք ճշմարտութեանը առերեսուելուց: Որովհետեւ վախենում ենք: Որ յանկարծ կհանդիպենք ճշմարտութեանը եւ ստիպուած կլինենք պատասխանատւութիւն ստանձնել: Վախենում ենք, որ ստիպուած կլինենք հաւատքով ապրել եւ հետեւել ճշմարտութեանը: Եկեղեցու ներքին իրականութիւնը հէնց ճշմարտութեան մասին է: Այդ է հաստատում Պօղոս առաքեալը` Եկեղեցին կոչելով «Ճշմարտութեան սիւն եւ հաստատութիւն»: Այդ Ճշմարտութիւնը Աստուծոյ սիրոյ եւ մարդու փրկութեան, հոգեւոր լոյսի եւ ներքին ազատագրման մասին է եւ վեր է այս աշխարհի պիղատոսեան հարցադրումների հարթութիւններից:

 

Եկեղեցի իսկապէս մտնելու եւ նրա ներքին փրկական ճշմարտութեանը հաղորդակից լինելու միակ ճանապարհը հաւատքն է: Հաւատքից դուրս բոլոր ճանապարհներն այլ տեղ են տանում: Կարիք չկայ «արժեւորել» Եկեղեցին` նրա դերը սահմանափակելով սոսկ ազգապահպանական եւ պատմամշակութային գործառոյթներով: Կամ հիանալ եկեղեցական ճարտարապետութեան կամ երաժշտութեան գեղեցկութեամբ, բայց չգիտակցել, որ դրանք արդիւնք են հոգեւոր կատարելութեան փնտրումների: Կամ զմայլուել Նարեկացու խօսքի պերճանքով եւ չաղօթել: Իրական հաւատքը ոչ մի կապ չունի սնահաւատութեան, անպտուղ համոզմունքների եւ կոյր մոլեռանդութեան հետ:  Հաւատքը մարդկային կեանքի մեծագոյն պարգեւն է եւ հիմնարար զօրութիւնը: Մենք հաւատքով ենք ապրում, իսկ առանց հաւատքի պարզապէս գոյատեւում ենք: Հաւատքից են ծնւում սրբութիւնը, ազատութիւնը եւ ստեղծարարութիւնը:

 

Ուրեմն հաւատքով բացենք Եկեղեցու դուռը եւ ներս մտնենք: Այնտեղ մեզ են սպասում ոչ միայն հիմայ, այլեւ` դարերով: Սպասում են Տէրը եւ Նրա զօրութիւնները, երկնաւոր սուրբերը եւ մեր երկրաւոր դաւանակիցները: Եկեղեցին հաւաքում է մեզ որպէս Աստուծոյ ժողովուրդ: Եկեղեցի բառը գալիս է յունարէն «էկլեզիա» բառից եւ նշանակում է հաւաք, ժողով կամ ժողովուրդ: Եկեղեցին մեզ հաւաքող, ժողովող, ժողովուրդ եւ ազգ դարձնող զօրութիւնն է: Եւ մեր հաւաքուելը ունի հիմք, իմաստ եւ նպատակ: Հիմքը հաւատքն է, իմաստը` փրկութիւնը, նպատակը` աստուածացումը: Այդ փրկական հաւաք-էկլեզիան Սուրբ Գիրքը ներկայացնում է որպէս Քրիստոսի խորհրդական (միստիկ) մարմին կամ Աստուծոյ թագաւորութեան երկնային տաճար, իսկ հաւատացեալները այդ մարմնի անդամներն են կամ տաճարի կենդանի քարերը: Քարերից կառուցուած նիւթական տաճարը աննիւթական Եկեղեցի-տաճարի նշանակն է:

 

Աստուած Եկեղեցու միջոցով հաւաքում է իր զաւակներին, Իր սրբազան շնորհաբաշխութիւններով կերակրում ու զօրացնում նրանց, սիրոյ շաղկապով կապում միմեանց հետ եւ եկեղեցացնում մեզ: Եկեղեցին մեր հոգեւոր մայրն է: Ինչպէս մարմնով ենք մէկ անգամ ծնւում, այնպէս էլ մէկ անգամ ծնւում ենք հոգով Եկեղեցու սբ Աւազանից: Եկեղեցին՝ որպէս մայր, պահապանն է իր զաւակների եւ անընդհատ աղօթում է նրանց համար, թէպէտ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում եւ զգում են դա: Եկեղեցու կենդանի ներկայութիւնը մեր կեանքում փրկում է մեզ հոգեւոր որբութիւնից: Որքան էլ մարդիկ հեռանան կամ օտարանան Եկեղեցուց, նրանք միշտ վերադառնալու հնարաւորութիւն ունեն, որովհետեւ Եկեղեցին միշտ իր տեղում է: Մեր հասարակութեան՝ իր գաղափարական որբութեան զգացողութիւնից ազատուելու միակ ճանապարհը Եկեղեցի վերադառնալն է: Մեր միասնականութիւնը խաթարուած է, միասին մտածել եւ արարել չգիտենք, որովհետեւ որպէս հասարակութիւն եկեղեցացած չենք: Եկեղեցին նաեւ մեզ է հաւաքում ներքնապէս, մարդ դարձնում եւ տաճարացնում այս շեղումներով լի աշխարհում: «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է: Եկեղեցում լինել կամ Եկեղեցունը լինել նախ եւ առաջ նշանակում է եկեղեցանալ ներքին աստուածպաշտութեամբ, սրտի ներքին տաճարում մեր պատարագը  մատուցել մեզ համար պատարագուած Տիրոջը:

 

Քրիստոնէութիւնը՝ որպէս կեանքի արժէքային հիմք եւ հոգեւոր ազատագրման ճանապարհ, իր էութեամբ վերազգային է եւ համամարդկային: Սակայն ժամանակի մէջ նրա կայացումը եւ գոյութիւնը ազգային է եւ ունի իր առանձնայատկութիւնները: Ազգայինի եւ համամարդկայինի այս միասնութիւնը ընձեռում է թէ՛ մեծ պատկերի մաս կազմելու առաւելութիւն, թէ՛ սեփական ինքնութիւնը իմաստաւորելու հնարաւորութիւն: Մեր Եկեղեցին առանձնանում է իր ուրոյն դաւանաբանութեամբ, որի սիրտը քրիստոսաբանութիւնն է: Յիսուս Քրիստոսի նկատմամբ ճշմարիտ հաւատքը, ըստ Եկեղեցու, փրկութեան հիմքն է, եւ Աստծուն հետեւող իւրաքանչիւր ազգի կարելի է բնորոշել նրա քրիստոսաբանական իդէալով: Հայ Եկեղեցու քրիստոսաբանական համակարգը արեւելաքրիստոնէական հոգեւոր ժառանգութեան մեծագոյն գանձն է: Մենք անընդհատ պայքարել ենք մեր հաւատքի մաքրութեան համար եւ իրաւամբ համարում ենք,  որ պահպանել ենք առաքելական ակունքներից սերող հաւատքի մի անաղարտ գիծ:

Ահա թէ ինչու մեր Եկեղեցու համառօտ անուանման մէջ շեշտում ենք այդ կարեւոր առանձնայատկութիւնը եւ համարում, որ մեր հաւատքը առաքելական է, եւ մենք առաքելական ազգ ենք: Եւ առաքելականութիւնը ոչ միայն հոգեւոր ծագումնաբանութիւն է, այլեւ կենդանի առաքելութիւն, որը կոչուած ենք իրականացնելու այսօր:

 

Մեր դաւանական հիմքի վրայ ձեւաւորուել է մի եզակի հոգեւոր-ազգային մշակոյթ: Մեր եկեղեցական ճարտարապետութեանը բնորոշ չէ աստուածայինի անհասանելիութիւնը եւ մարդու ոչնչութիւնն ընդգծող վերամբարձ մոնումենտալիզմը․ ընդհակառակը՝ մեր եկեղեցիներում երկնային վայելչութիւնն ու մարդակերպ համամասնութիւնները ներդաշնակօրէն միաձուլուած են` հարազատօրէն մարմնաւորելով Աստուծոյ մարդեղութեան խորհուրդը: Մեր հոգեւոր երաժշտութեան մէջ երկնային վեհութիւնը եւ մարդկային ջերմութիւնը խորհրդաբար միաւորուած են` որպէս աստուածայինի եւ մարդկայինի միութեան խորհրդանիշ: Իսկ մեր լեզուն իսկապէս աստուածային գաղտնիք ունի իր մէջ: Եւ պատահական չէ, որ այդ լեզուն երկնային թռիչքի թեւեր է ստացել սբ Գրիգոր Նարեկացու «Մատեանի» շնորհիւ, որ աղօթքի ամենամեծ ստեղծագործութիւնն է մարդկութեան պատմութեան մէջ: Աղօթքը խօսքի բարձրագոյն սուրբ վիճակն է, իսկ խօսքը` մարդու աստուածանմանութեան նշանակը: Որովհետեւ Աստուծոյ միածին Որդին` Աստուծոյ Խօսքը, դարձաւ մեզ նման մարդ: Այս հոգեւոր ժառանգութեան կենդանի կրիչը դառնալու համար մենք պէտք է տեսնենք եւ գիտակցենք այդ ամէնը սնուցող եւ միասնութեան մէջ պահող հաւատքի զօրութիւնը եւ դաւանական ամրութիւնը: Ազգի էութիւնը նրա հաւատքի հիմնական կոդն է: Ազգը՝ որպէս հոգեղէն ուժ,  պարզապէս հաւաքական հաւատք է:  Այս առումով Հայ Եկեղեցին մեր ինքնութեան պահապանն է: Սա ենթագիտակցաբար ընդունում են շատերը, եւ ոմանք, անգամ տարրական պատրաստութիւն չունենալով, փորձում են «պաշտպանել» Եկեղեցին «յարձակումներից»: Սակայն Եկեղեցին պաշտպանել հնարաւոր չէ, որովհետեւ նա՛ է մեզ պաշտպանում, իսկ «յարձակուողը» մարտնչում է ինքն իր դէմ: Մենք պարզապէս ինքներս մեզ տեսնելու եւ գտնելու կարիք ունենք: Եւ հէնց գտանք մեզ, կը տեսնենք, որ Եկեղեցու գրկում ենք:

 

Հայ Եկեղեցու միւս կարեւոր առանձնայատկութիւնը կրթութեան նկատմամբ վերաբերմունքն է: Եկեղեցին հիմնել եւ դարերով իր սրտում է պահել հայ դպրութիւնը:

Ե դարից սկզբնաւորուած սբց Թարգմանչաց շարժումը դարձաւ հայ ժողովրդի ճանաչողական, արժէքային եւ մշակութային ամբողջականութիւնը ապահովող առանցքը: Մենք նուիրականացրել ենք թարգմանութեան գաղափարը եւ սբց Թարգմանչաց յատուկ տօն սահմանել` որպէս մեր ինքնութեան կարեւոր վկայութիւն: Մենք համարել ենք, որ թարգմանութիւնը արուեստների արուեստ է, որ աստուածային անեղ իմաստները հասանելի է դարձնում հողեղէններիս: Թարգմանիչը Աստուծոյ թարգմանն է կամ խորհուրդների մեկնիչը: Թարգմանութիւնը նաեւ համամարդկայինի նկատմամբ բաց լինելու, մեծ պատկերի մաս կազմելու, լաւագոյնը վերցնելու եւ սեփականը ստեղծելու կարողութիւնն է: Կրթութիւնը լայն իմաստով թարգմանութիւն է, մենք անընդհատ պէտք է թարգմանենք, մեկնենք, իմաստաւորենք որոշակի իրողութիւններ: Անցեալը՝ որպէս հիմք, թարգմանութեան կարիք ունի, իսկ առանց ապագան թարգմանելու՝ ներկան իմաստազրկւում է: Մեր ինքնութեան եւ ազգային առաքելութեան միջուկը, իմ խորին համոզմամբ, աղերսուած է թարգմանութեան խորհրդի հետ: Եթէ մարդկութիւնը ինչ-որ արժէքներ կորցնում կամ մոռանում է, մէկը պիտի լոյսի եւ ճշմարտութեան թարգման լինի: Բայց մեծին հասու լինելու համար փոքրի մէջ պիտի հաւատարիմ լինել: Ամէն ինչ սկսւում է սեփական կրթութեան նկատմամբ յարգանքից եւ պատասխանատւութիւնից: Տալ կարող է նա, ով ունի:

 

Մենք արդէն երկար ժամանակ է՝ շուրջ վեց հարիւր տարի, որեւէ մեծ փայլատակում չենք ունեցել աստուածաբանութեան եւ կրօնափիլիսոփայութեան անդաստանում: Հայ աստուածաբանական մտքի եւ հոգեկեցութեան վերջին խոշորագոյն ներկայացուցիչը սբ Գրիգոր Տաթեւացին է: Վանական մեծ դպրոցները՝ որպէս հոգեւոր իդէալների եւ մշակոյթի հունցման եւ բիւրեղացման օջախներ, սկսեցին կորցնել իրենց ուժն ու ազդեցութիւնը եւ այնուհետեւ իսպառ անհետացան մեր կեանքից: Ինչո՞վ է պայմանաւորուած այս մեծ հոգեւոր լռութիւնը, եթէ չասենք՝ ամլութիւնը: Այդ շրջանը համընկնում է օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանի հետ, որի աղէտալի ազդեցութիւնները մեր մշակոյթի եւ անգամ լեզուամտածողութեան վրայ ակնյայտ են: Սակայն թէ ինչու է մեր հոգեւոր անդաստանը չորացել եւ ինչպէս է մեր ներքին պաշտպանական համակարգը կոտրուել, առանձին ուսումնասիրութեան կարիք է զգում: Իսկ վերջին երկու հարիւր տարին գաղափարական գայթակղութիւնների եւ մոլորութիւնների ժամանակաշրջան էր, եւ մենք անպաշտպան նետուեցինք աշխարհակործան փորձութիւնների եւ փորձարկումների յորձանուտը:  Մենք վերջնականապէս արմատախիլ եղանք մեր արմատներից, եւ «հոգեւոր հայը» լքեց պատմութեան ասպարէզը: Մեծ իդէալների պատմութիւն վերադառնալու յոյսը մնաց որպէս ապագայի խնդիր: Հիմայ մեր սերունդը կանգնած է մի մեծ հոգեւոր անդունդ յաղթահարելու հրամայականի առջեւ: Իսկ մենք արդեօ՞ք կենտրոնացած ենք, թէ՞ ճշմարտութիւնը գտնելու պատասխանատւութիւնը սիրով թողնում ենք մեր երեխաների վրայ:

 

Մեր հոգեւոր ինքնագիտակցութեան եւ ազգային նպատակների փնտրումների մէջ հոգեւորականութեան դերն առանցքային է: Իսկ ո՞վ է հոգեւորականը: Սա մեծ հարցականն է մեր սերնդի, որ խնդիրների մէջ խորանալու կարողութիւն եւ ցանկութիւն չունի: Մենք անընդհատ չափչփում եւ մեծամտաբար թիրախաւորում ենք հոգեւորականներին՝ առանց խորհելու, որ մեր չափման միաւորները եւ գործիքները ամենեւին չեն համապատասխանում տուեալ խնդրին: Մեր աչքի գերանը չտեսնելով՝ ուզում ենք յայտնաբերել ուրիշի աչքի շիւղը: Կամ եթէ չենք աղօթում կամ ընդհանրապէս չգիտենք, թէ ինչ է աղօթքը, ինչպէ՞ս պիտի հասկանանք աղօթողին, առաւել եւս` աղօթքի սպասաւորին: Իսկ աղօթող մարդը ազգի խիղճն ու պահապանն է: Գիտակցու՞մ ենք, որ մեր գոյութիւնը կախուած է նրա աղօթքներից: Բոլոր ասպարէզներում էլ կլինեն մարդիկ, որոնք չեն համապատասխանում իրենց կոչմանը: Սակայն դրանից տուեալ ասպարէզի կարեւորութիւնը չի նուազում: Իսկ խօսքը ոչ թէ ինչ-որ մասնագիտական ոլորտի մասին է, այլ սրբութեան: Եկեղեցին սրբութիւն է եւ մեր հաւատքի նուիրական հաստատութիւնը: Հոգեւորականը այդ սրբութեան խորհրդանիշն է եւ փոխանցողը: Անկախ նրանից, թէ նա հոգեւոր ինչ մակարդակում է գտնւում, Աստուած իր ժողովրդին չի զրկում իր շնորհների փոխանցականութիւնից: Ուրեմն հոգեւորականը փոխանցում է մի բան, որի սեփականատէրն ինքը չէ: Սա տեղի է ունենում ձեռնադրութեան շնորհով, որը աստուածային սրբութիւնները զերծ է պահում մարդկային աղաւաղումներից: Հոգեւորականին կարող է տեսնել եւ գնահատել միայն հոգեւոր մարդը, որն ունի նաեւ աւետարանական զգուշացում` «Մի՛ դատիր, որպէսզի չդատուես»: Առողջ հասարակութիւնը պէտք է ունենայ որոշակի սահմաններ, որոնցից անդին լռութիւնը գերադասի խօսելուց: Մեր ազգի հզօրութիւնը ուղղակի կախուած է հոգեւորականներից: Նրանց պէտք է աջակցել եւ զօրակցել, նրանց համար պէտք է աղօթել: Եթէ մենք ունենք սրբութեան իդէալ, սրբութեան մէջ պտուղ ենք տալիս եւ ուզում ենք նուիրեալ հոգեւորականութիւն ունենալ, անպայման կունենանք: Սակայն չմոռանանք, որ հունձքի Տէրը աշխատում է: Եւ երբեմն մենք հնձում ենք այն, ինչ չենք սերմանել: Այս պատերազմի օրերին որտե՞ղ էին մեր հոգեւորականները: Մեր զինուորների կողքին, մեր զաւակների հետ: Այսպիսին է մեր Եկեղեցու վկայութիւնը այսօր եւ միշտ: Եկեղեցին դարերով մեզ հաւաքել եւ ամրացրել է, մաքրել եւ լուսաւորել, կրթել եւ զօրացրել: Եկեղեցին մեզ դարձրել է ազգ եւ Աստուծոյ ժողովուրդ: Ժամանակն է բացելու մեր աչքերը եւ նայելու ճշմարտութեանը:

 

Մեսրոպ քահանայ Արամեան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49