Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հոդվածներ
26 Փետրվար
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

 (ամբողջական)

Դասական ուղղագրությամբ կարդալու համար սեղմեք այստեղ

 

Ախտորոշում

Անհնար է տրամաբանորեն պատկերացնել և քանակապես բնութագրել հայրենի հողի կորուստը, սրբությունների գերեվարումը և նահատակների արյան աղաղակը: Հաշտվել մեզ հետ կատարվածի հետ նշանակում է դավաճանել ինքդ քեզ և գնալ դեպի կատարյալ ինքնաոչնչացում: Կատարվածի ընկալման բարդությունը և մեր իրավիճակի իռացիոնալիզմը գալիս են ոչ միայն նրանից, որ մեր գիտակցությունը աղետի ծանրությունից ճնշված ու վնասված է, այլև նրանից, որ մենք հետևողականորեն փախչում ենք իրականությանն առերեսվելուց և ըստ էության քնած ենք: Ոչ միայն հիմա, այլև պատերազմի ողջ ընթացքում և դրանից առաջ: Իսկ կորուստները շարունակվում են, և վերջը չի երևում: Մեր թշնամին մեզ խոստանում է կատարյալ ոչնչացում, իսկ մենք դեռ չենք սթափվում և զգաստանում: Հիրավի կարծես այսօրվա մասին է ասում սբ Գրիգոր Նարեկացին. «Անզգա անասունների պես մեռնում ենք և չենք զարհուրում, կորչում ենք և չենք զարմանում, թաղվում ենք և չենք խոնարհվում, տարագրվում ենք և չենք տագնապում, ապականվում ենք և չենք զղջում, մաշվում ենք և չենք հասկանում…»:

 

Այլընտրանք չունենք. պետք է ժամ առաջ արթնանալ ինքնաոչնչացման այս թմբիրից: Պետք է ոտքի կանգնել և ապրելու պատասխանատվություն ստանձնել:  Սակայն հնարավոր լուծումների մասին խորհելուց առաջ պետք է առնվազն հասկանալ մեզ հետ կատարվածի հիմնական պատճառները և համապատասխան հետևություններ անել: Ընդհանրապես արտաքին մարմնավոր աղետները ծնվում են ներքին բարոյական անկումներից ու հոգևոր պաշտպանական համակարգերի բացակայությունից: Մենք հայերս առանձնանում ենք հոգևորի նկատմամբ հանցավոր անպատասխանատվությամբ: Հոգևոր անվտանգության հիմնախնդիրներին նայել ենք մատների արանքով և լայն բացել հայրենի տան դռները հոգեկործան ուժերի առաջ: Մեզ հետ խաղացել են, և մեզ դուր է եկել այդ խաղը, և մենք նույնիսկ չենք էլ կասկածել, որ այդ ծրագրավորված խաղի նպատակը եղել է հայ ինքնության ոչնչացումը սեփական հայրենիքում: Գործի են դրվել համաշխարհային գլոբալիզմի աղանդավորական լաբորատորիաներում մշակված բոլոր գործիքները, ուղեղների լվացման բոլոր մեքենայությունները` հաշվի առնելով մեր արատները, սնահավատական հակումները և թուլությունները: Մեր ինքնության հենասյուները և սրբությունները թիրախավորվել են: Եկեղեցին, պետությունը, բանակը, կրթությունը ենթարկվել են ծանրագույն հարձակումների: Եվ ահա եկավ պատերազմը և մեզ արդեն հանձնված գտավ, պարտությունը, կորուստները տրամաբանական հետևանք էին հոգևոր պատերազմում կրած պարտությունների: Երբ քեզանից խլում են գիտակցությունդ, երբ կորցնում ես հոգիդ, քեզ հետ կարող են անել ամեն ինչ, հայրենիքդ էլ կտաս, սրբություններդ էլ կկորցնես, զավակներիդ էլ կզոհաբերես:

 

Մեր հոգևոր անկման կամ, ավելի ստույգ, խանգարման և մթագնման ախտորոշումը հստակ է. մենք հոգեպես հիվանդ ենք: Եվ դատելով ախտանիշներից, որոնք են իրականության կորուստը, չհիմնավորված մեծամտությունը, որոշումներ կայացնելու անկարողությունը, հանցավոր անտարբերությունը ևն, ծանր փուլում ենք գտնվում: Բժշկության հիմնական սկզբունքները հոգևոր գիտակցության տիրույթում են: Այդ սկզբունքներից պետք է բխեցնել ազգային քաղաքականության, անվտանգության, տնտեսության, կրթության վերականգնման և զարգացման ծրագրերը: Չունեցանք հոգևոր առանցք, բոլոր ծրագրերը դատապարտված են ձախողման, և այս հիվանդագին քաոսը տանելու է մեզ կատարյալ կործանման: Ուրեմն այսօր բոլորիս տանջող «ինչ անել» և «ինչից սկսել» հարցերի պատասխանը մեկն է: Պետք է սկսել հոգևոր ինքնագիտակցության և պաշտպանության հիմնավոր համակարգերի կառուցումից: Այդ համակարգային լուծումների ճանապարհը կոչվում է քրիստոնեություն: Այստեղ խնդրում եմ մի փոքր լրջանալ և մի կողմ թողնել մեր մակերեսային պատկերացումները քրիստոնեության վերաբերյալ` ընդունելով, որ միգուցե մենք բավականին երկար ժամանակ քաղաքակրթապես շեղվել ենք քրիստոնեությունից: Աշխարհիկացումն ավերիչ ազդեցություն է թողել մեզ վրա, մեր մտածողությունն ու մշակույթը դարձել են փորձադաշտ մաշված գաղափարների և մակերեսային տեսությունների:  Կտրվելով իր հոգեղեն ակունքներից` մեր նոր շրջանի մշակույթը դարձել է խոր կրոնափիլիսոփայության և ներքին կատարելության իդեալների հետ անհամատեղելի և ի վիճակի չի եղել ծնելու Դոստոևսկի կամ Դիկենս, Ֆլորենսկի կամ Չեստերտոն: Մենք կարիք ունենք ընկալելու քրիստոնեությունը նրա առավել լայն` քաղաքակրթական, փիլիսոփայական, մշակութային, մտածելակերպային, արժեքային համատեքստում` իհարկե չմոռանալով այդ ամենը սնուցող նրա հիմնական աստվածաբանական և կրոնական միջուկը: Քրիստոնեությունը սոսկ մշակութային ժառանգություն կամ պատմական հիշողություն չէ, այլ Աստծո ազգ լինելու և Նրա ներկայության մեջ ապրելու ընտրություն, որ ընձեռում է համապարփակ աշխարհայացքային լուծումներ` ինքներս մեզ գտնելու, կազդուրվելու և հզորանալու: Առաջին քրիստոնյա ազգից սերած մեր այս սերունդը պատմական և համամարդկային պատասխանատվություն ունի վերստին բացահայտելու քրիստոնեությունը` գտնելու իր ինքնության հոգևոր միջուկը, իր առաքելությունն այս աշխարհում և իր գոյության նպատակը: Իսկ ճանապարհ կամ ծրագրեր առաջարկողները, առավել ևս առաջնորդություն ստանձնելու հավակնորդները պետք է այս հիմքային գիտակցության բարոյական կրիչներ լինեն, այլապես կդառնան հերթական մոլորեցնողները:

 

Նոր ուխտ

Մենք սովոր ենք կառչել որոշակի հասկացություններից առանց խորանալու դրանց էության մեջ: Երբևէ մտածե՞լ ենք, որ այն, ինչ համարում ենք, թե ունենք, իրականում չունենք: Երբևէ մտածե՞լ ենք, թե ազգն ինչ է: Երբևէ մտածե՞լ ենք, որ ազգը քարացած ժառանգություն և գենետիկա չէ, այլ սրբազան ուխտ, հոգևոր զորություն և կենդանի բարոյականություն: Ազգի գոյության մասին մեր կարծիքները մեծավ մասամբ երևակայական, զգացական, եթե չասեմ` սնահավատական բնույթ ունեն: Մեր բոլոր պատկերացումները անկախության, պետության, բարոյականության, անվտանգության, հանրային շահի և ազգային այլ հիմնախնդիրների վերաբերյալ խախուտ են և դարձել են գլխացավանք մեզ համար: Այդ պատճառով մենք չենք սիրում առերեսվել մեր ինքնությանը, փախչում ենք ինքներս մեզանից և դյուրությամբ տարրալուծվում այլ ազգերի մեջ: Մեզ պետք է դուրս գալ այս փակուղուց: Ավելի ստույգ հոգևոր եզրաբանությամբ ձևակերպեմ. մենք պետք է հիմնովին դարձի գանք` ազգովի ամրագրելով չարիքի մերժումը և բարիքի ընտրությունը: Դարձը ազգային ինքնագիտակցության նոր սինթեզի և մեր հոգու վերակենդանացման նախապայմանն է: Այնուհետև մենք պետք է հավատքի նոր ուխտ կնքենք և մաքրության պատասխանատվություն ստանձնենք Աստծո առաջ: Եվ եթե մեր դարձն անկեղծ լինի, ապա մենք հնարավորություն կունենանք վերստին ծնվելու որպես Աստծո ժողովուրդ և նրա առաքելությունն իրականացնելու այս աշխարհում: Սա կլինի մեր սերնդի խորհրդական մկրտության խորհուրդը: Այնուհետև ամրագրելով մեր հոգևոր հիմքերը` մենք պետք է քայլ առ քայլ նորոգենք ու հզորացնենք մեր ազգային կյանքի հիմնական ոլորտները: Եվ նախ պետք է սկսել պետության նոր մոդելի մշակումից: 

 

Պետություն

Մեր երազած անկախ պետությունը հոգեվարքի մեջ է: Այն ի սկզբանե կառուցվել է սխալ հիմքերի վրա: Մենք պատրաստ չենք եղել ներքին և արտաքին փորձություններին: Մեր ինքնությանը համահունչ պետություն ունենալու բոլոր ճիգերը խեղդվել են կեղծ ժողովրդավարության քողի ներքո ներմուծված ապազգային արժեքների որոգայթներում: Մենք մեքենաբար պետական կառույցներ ենք ստեղծել առանց մտածելու բովանդակության մասին:  Պետության գոյության համար անհրաժեշտ ազգային տեսլականի, գաղափարական մշակումների, մրցունակ ծրագրերի ստեղծման օջախներ կամ այսպես կոչված մտակենտրոններ չենք ձևավորել: Հատուկենտ կայացած այդպիսի երևույթները արդյունք են ոչ թե պետական մտածողության, այլ անհատների ինքնաբուխ համախմբման: Պետության վրա բարդել ենք անտանելի բեռներ, պետությանը վերագրել ենք փրկչական դեր, դարձրել ենք ամեն ինչի տեր` մեզ ազատելով տեր կանգնելու պատասխանատվությունից: Ձևի և բովանդակության անհամապատասխանությունը չափազանց անհատականացրել է հասարակական կյանքի առաջնորդության մոդելը, մեր մտածելակերպը դարձել է սև ու սպիտակ, որոնց արանքում գոյացել է գաղափարական անդունդ: Այդ է պատճառը, որ մենք չենք սիրում գաղափարներ ու ծրագրեր և մեր ղեկավարներին կուրորեն ատում ենք կամ անվերջ պաշտում: Երկուսն էլ ծանր մեղքեր են, որոնք արդյունք են մեր ներքին սնահավատության և կռապաշտության:

 

Պետության կառուցման նոր տեսլականը և նրա կայացման սինթեզը  մեր ազգային գոյության հրամայականն են: Պետությունը բարոյական համակարգ է: Պետության մասին գրված կարևորագույն ստեղծագործություններից մեկը` Պլատոնի «Պետությունը», ծայրից ծայր բարոյականության և առաքինությունների մասին է:  Պետական գործիչը որոշակի առաքինության կրիչ է, և հասարակության գերխնդիրներից է այդպիսի գործիչների պատրաստման ինստիտուտների կայացումը: Պետության գործունեությունը պետք է հիմնված լինի համապատասխան մտակենտրոնների մշակումների վրա: Առանց գաղափարական և բարոյական էլիտաների պետությունը և ազգը դառնում են խաղալիք արտաքին ուժերի պարտադրած պոպուլիզմի և սեփական ժողովրդի հիմարության ձեռքին: Այս մտակենտրոնների կայացման համար անհրաժեշտ են բարձր բարոյական իդեալներ և գործունեության չափանիշներ: Գավառամտությունից, միջակությունից, մաշված գաղափարներից, ինքնահիացումից  պետք է թոթափվել:  Որոշիչ են լինելու մեր մրցունակ մարդկային ներուժի հայտնաբերումը, հաջողության պատմությունների համախմբումը  և ընդհանրական շահի գիտակցության ձևավորումը: Ռազմավարական ծրագրերի մշակումների, զարգացման ուղիների ընտրության և ճանապարհային քարտեզների նախագծման համար մենք կարիք ունենք հստակեցնելու հետևյալ սկզբունքային հարցերի պատասխանները. ա) ո՞րն է մեր ինքնությունը, և ի՞նչ արժեքներ են մեզ միավորում, բ) ո՞րն է մեր գոյության իմաստը, և ի՞նչ առաքելություն ունենք մենք աշխարհում, գ) ո՞ւր ենք գնում և ի՞նչ ճանապարհով պիտի հասնենք մեր նպատակակետին:

 

Հասարակական հարաբերություններ

Կեղծիքն աննպատակ չի լինում, հատկապես երբ այն պարտադրված է: Զավեշտական է հնչում, բայց մեզ պարտադրում են «ազատ» լինել: Եվ այդ «ազատությունը» բոլոր ժամանակների մեծագույն հոգևոր բռնությունն է: Ազատության, մարդու իրավունքների, հավասարության ականջահաճո թեզերի ներքո ներմուծում են օրակարգեր, որոնք գոյաբանական սպառնալիք են մեր ազգային ինքնության համար: Իսկ մեր արժեքային հիմքը սահմանված չէ, հետևաբար չունենք ներքին համաձայնություն, թե ինչի շուրջ ենք միավորվում և որոնք են մեր մարդկային հարաբերությունների սրբություններն ու սահմանները: Եվ քանի դեռ մենք չգիտենք, թե ով ու ինչ ենք, մեզ անընդհատ իմաստազրկելով ու բարոյազրկելով` հավասարեցնելու են: Ազատությունը առանց բարիքի գիտակցության և բարոյական պատասխանատվության` գաղափարական թմրանյութ է և կառավարելի քաոսի հիմնական գործիքը: Եվ մեր իրականությունը հենց ուղղորդված, կառավարվող և ազգակործան քաոս է, որից օր առաջ պետք է դուրս գալ: Ինչի՞ց սկսել: Նախ և առաջ` մարդու պաշտպանությունից, մարդկային  հարաբերությունների չգրված օրենքների կամ սրբությունների ամրագրումից: Հասարակությունը չի կառուցվում սոսկ արտաքին օրենքներով և իրավական կարգավորումներով: Մարդկային կյանքը կանոնակարգող այդ հիմքային սկզբունքները կամ աքսիոմները ունեն կրոնափիլիսոփայական ծագում: Օրինակ` ավետարանական սերը և փիլիսոփայական արդարությունը շատերի համար անվիճելի ճշմարտություններ են և հասարակական կյանքի ձևավորման բարձրագույն չափանիշներ: Սակայն ոչ պակաս կարևոր են դրանք իրագործելու բանալիներն ու կոդերը, որոնց բացահայտման համար կարիք ունենք նախևառաջ հասկանալու և վերացնելու մեր համակարգային սխալների ու շեղումների պատճառները: Եթե մենք երկարաժամկետ մտածողության և ապագան տեսնելու խնդիրներ ունենք, ապա պատճառը մեր անհավատությունն է: Եթե քաղքենի ենք, սպառող և մանրախնդիր, ապա պատճառը մեր սնահավատությունն է: Եթե անփույթ, անհետևողական ու թափթփված ենք, ապա պատճառը մեր թերահավատությունն է: Եթե ուզում ենք, որ անընդհատ մեզ գովեն և խոսեն մեր բացառիկությունից, ուրեմն ներքուստ դատարկ ենք: Պետք է շարունակել արատաբանության այս շղթան և վերհանել մեր համակարգային խախտումների օրինաչափությունները, որպեսզի կարողանանք որպես հասարակություն կազդուրվել, մեզ պարգևված կյանքը գնահատել և այն համաձայնեցնել կյանքի Տիրոջ հետ: Այս հարցում պատճենահանումները չեն օգնի, կարիք ունենք նրբագույն վերլուծությունների: Եվ միշտ պետք է հիշենք, որ հոգևոր խավարը հաղթահարելու միակ ճանապարհը հավատքի ու առաքինությունների լույսն է: Իսկ մեր բարոյական աճի հայտարարը մեր խոսքն ու գործն են:

 

Խոսքը աստվածատուր շնորհ է: Հովհաննես ավետարանիչը Աստուծո Որդուն կոչում է Աստուծո  Խոսք: Մարդը` որպես բանական կամ խոսքի շնորհով օժտված էակ, Աստուծո մարմնավորված Խոսքի պատկերն ու նմանությունն է: Խոսքը մեր մտածողության, ապրումների և մշակույթի խորհրդանիշն է: Խոսքը մեր սրբությունն է: Հետևաբար խոսքի նկատմամբ հարգանքը հասարակության հոգևոր իդեալների և մաքրության գլխավոր ցուցիչն է: Երկարաժամկետ լուծումը կրթության մեջ է: Սակայն մինչև սեփական խոսքը հարգող սերունդ ձևավորելը մենք կարիք ունենք հենց այսօր մաքրագործելու և պաշտպանելու խոսքի սրբազան ասպարեզը: Բավական է մի թռուցիկ հայացք նետել մեր հանրային հաղորդակցության հարթակներում և ցանցերում տիրող իրավիճակի վրա, որ համոզվենք, որ մենք իմաստազրկել, բարոյազրկել և այլանդակել ենք մեր խոսքը: Մեզ ոչ անշահախնդրորեն օգնել են այդպիսին դառնալ, այսպիսին են ուղղորդված և կառավարվող խոսքի ազատության և ժողովրդավարության պտուղները: Ժամանակակից աշխարհում տեղեկատվական դաշտի և սոցիալական ցանցերի միջոցով կիրառվող մանիպուլացիաները, ուղեղների լվացումը, գիտակցության վերակոդավորումը, զոմբիացումը լավագույնս կիրառվել են մեզ վրա: Եթե չստեղծենք պաշտպանական համակարգ, կործանումն անխուսափելի է: Որպես առաջին քայլ` օր առաջ առցանց հանրային տարածքների դռները պետք է օրենքով փակել չստուգված օգտատերերի կամ ֆեյքերի առաջ, որպեսզի յուրաքանչյուր ոք իր խոսքին տեր կանգնի և ասածի համար պատասխանատվություն ստանձնի: Օրենքով պետք է սահմանել հանրային տարածքում խոսք հնչեցնելու որոշակի բովանդակային, որակական և բարոյական չափանիշներ: Այլապես հանրային խոսքի տարածքները լցվելու են զազրախոսության և գռեհկաբանության աղբով, որում գտնվելը վտանգավոր է առողջության համար: Օրինակ` հանրային տարածքներում խոսելու կամ, ավելի ստույգ, խոսք հեռարձակելու իրավունք կարող են ունենալ միայն բարձրագույն կրթություն ունեցող, հայոց լեզվի և մտածողության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ: Պահանջների ցանկը կարելի է ընդլայնել: Այս ամենի փաստացի տվյալները (դիպլոմ, թեստերի արդյունքներ) պետք է արտացոլված լինեն օգտատերերի անձնական էջում: Այս խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի, այլապես ֆեյքերի, հիմարների և զոմբիների ձեռքը գերի ենք դառնալու:  

 

Ազատ ապրելու պարգևը մենք մսխել ենք: Ստախոսությունը և ատելության շարունակական քարոզը թունավորել են մեզ: Մարդը մեկուսացած և անպաշտպան է: Մեր հարաբերություններում և սպասումներում անվստահությունը գնալով աճում է: Ազատական քամիները, հեղափոխական խաբկանքները մեծ հեռանկարներ են բացել պորտաբույծների համար: Գործ անողը, արդյունք տվողը, ստեղծագործողը ստորադասված են անգործներին, անբաններին, կյանքում ոչինչ չստեղծած և որևէ պատասխանատվություն չստանձնած մարդկանց: Ինչպե՞ս դուրս գալ այս ծանր վիճակից: Նախ` պետք է գիտակցել չարիքը և հասկանալ, որ չարի հետ խաղերը և գրկախառնությունները լավ չեն վերջանում: Չարը անձնավորված գոյություն է, սակայն ամեն բան անում է, որ մենք հանկարծ դա չգիտակցենք: Չարիքից ամեն գնով, բոլոր մակարդակների վրա պետք է թոթափվել: Երկրորդ` պետք է հասկանանք, թե ինչ է բարիքը և գործ անենք: Բայց ո՛չ մեկուսի, այլ միասնաբար` հանրային շահի գիտակցմամբ և ազգ կառուցելով: Ոտքի կանգնելու և հզորանալու միակ ճանապարհը բարիք ստեղծելն է: Եվ պետք է ամրագրենք մեր գիտակցության մեջ, որ բարիքը միայն որակով է լինում: Պտղաբերությունը, ստեղծարարությունը, հավելյալ արժեքի ստեղծումը, նորարարությունը հասարակության արժեքային սանդղակի բարձրագույն դիրքերը պետք է զբաղեցնեն: Արարող մարդը Արարչի պատկերն ու նմանությունն է: Ավետարանական առակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող մեզ տրվածը նույնությամբ վերարտադրել կամ պահպանել, առավել ևս կորցնել կամ մսխել: Պետք է պտուղ տալ և ավելացնել ստացածը:

 

Ազատությունն առանց առաքինության կործանարար է: Հասարակական կյանքի կառուցման հիմնաքարը խոսքի և գործի արժեքը գիտակցող մարդն է: Այդպիսի մարդ դաստիարակելը, կրթելը և կերտելը միակ նախապայմանն է ազատ ապրելու և արարելու: Մարդկային բարձր որակների ձևավորումը երկար ճանապարհ է, որի սկզբում անհրաժեշտ է պարզաբանել և հասկանալ, թե` ա) որոնք են մեր համակարգային սխալները և թերությունները, բ) ինչ է բարիքը և որ առաքինությունների շուրջ մենք պետք է միավորվենք, գ) ինչպես ամրագրել չարիքի մերժումը, դ) որն է ապագայի հասարակության մեր մոդելը:

 

Արտաքին քաղաքականություն

Ազգերի գոյությունը մեծապես կախված է նրանց համագործակցային ներուժից և մշակույթից: Մենակությունը դատապարտություն է: Աշխարհը թևակոխել է համապարփակ համագործակցությունների դարաշրջան, որն ազգերին ընձեռում է մեծ հնարավորություններ, բայց նաև պարունակում նրանց ինքնությանը սպառնացող վտանգներ: Մեզ համար կարևոր է հստակեցնել, թե ինչպիսի ռազմավարական դաշինքների անհրաժեշտություն ունենք և որն է մեր արտաքին քաղաքականության վեկտորը: Դաշնակիցներին ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն պատմա-աշխարհագրական և ռազմա-տնտեսական գործոնները, այլև հոգևոր-փիլիսոփայական և մշակութային մերձավորության սկզբունքները: Մեծ պատկերի տեսողությունը և այդ մեծ պատկերի մեջ սեփական դերակատարության ու դիրքերի հստակեցումը ելակետային դրույթներ են արդյունավետ դաշինքների համար:

 

Քրիստոնեությունը մեզ ընձեռում է մեծ հնարավորություններ: Քրիստոնեությունը դեռևս աշխարհում ամենամեծ կրոնն է, և հայերը որպես առաջին քրիստոնյայ ժողովուրդ պետք է հստակեցնեն իրենց առաքելությունը առնվազն համաքրիստոնեական ասպարեզում: Սակայն սոսկ պատմական կրեդիտները բավարար չեն․ քեզ վստահելու են և ընդունելու են որպես հեղինակություն, եթե դու հավատարիմ ես քո հավատքին և կարող ես բարոյական օրինակ ծառայել այլոց: Անգամ ոչ քրիստոնյաները քո նկատմամբ կունենան մեծ հարգանք, եթե համոզված լինեն, որ դու անկեղծ ես քո հավատքի մեջ: Ուրեմն մեր հոգևոր ակունքներին հավատարիմ մնալով միայն` մենք կարող ենք լինել վստահելի գործընկեր և հեղինակություն: Եթե մենք ուզում ենք դառնալ մի միջին ևրոպական պետություն, մենք որևէ մեկին հետաքրքիր չենք: Եթե ուզում ենք ստեղծել քրիստոնեական ազգի և պետության մոդել 21-րդ դարում (գոնե մեկ անգամ ստեղծել ենք այդպիսի մոդել), մենք միանգամից հետաքրքիր ենք դառնում բոլորի համար: Ուրեմն քրիստոնեական քաղաքականության մշակումը մեր ներազգային կյանքի կարգավորման և արտաքին քաղաքականության հիմնական հաղթաթուղթն է:

 

Դաշնակցային հարաբերություններում միակողմանի խնդրողի դերակատարությունը բացառվում է: Ստանալու համար պետք է տաս, հզորանալու համար պետք է հզորացնես դաշնակցիդ: Դաշնակցային համագործակցությունը բազմաշերտ իրողություն է, որի կենտրոնում դաշնակից ազգերի մտակենտրոնների համագործակցությունն է: Այդ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված ծրագրերն են ընկած լինելու քաղաքական որոշումների հիմքում: Համատեղ ծրագրերի մեջ սեփական ներդրումը բերելը և վստահության պաշար ձևավորելը մեծ հնարավորություններ է բացում փոքր ազգերի համար: Վստահելի ազգերն օգտվում են ընդլայնված շուկաներից, գիտական ուսումնասիրությունների և տեխնոլոգիական զարգացումների մեծ ասպարեզներից, անվտանգության համալիր լուծումներից` շենացնելով և հզորացնելով իրենց երկիրը: Իսկ անվստահելի ազգերի առաջ դռները հիմնականում փակված են, նրանք պարզապես օգտագործվում են ուրիշների նպատակների համար:

 

Արտաքին քաղաքականության մեջ մենք կրավորական դիտորդի կարգավիճակում ենք: Խնդիրների մի զգալի փունջ գալիս է նրանից, որ չգիտենք, թե ինքներս մեզանից ինչ ենք ուզում, և դիմացինին շփոթության մեջ ենք գցում: Այս ցաքուցրիվ, պատահմունքային իրավիճակներից դուրս գալու համար անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հարցադրումների պատասխաններ: Որո՞նք են մեր հնարավորությունները, և համագործակցային ի՞նչ ներուժ ունենք: Ո՞րն է սփյուռքի դերը, և ինչպե՞ս ենք օգնում սփյուռքին: Ո՞րն է մեր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը: Տեղեկատվության տիրապետման ի՞նչ համակարգ և գործիքակազմ պետք է ունենանք:

 

Բանակ

Բանակի մոդելի ընտրությունը պետք է բխի ազգային անվտանգության հայեցակարգից: Անվտանգությունն իր հերթին վերաբերում է մարդկային կյանքի բոլոր ոլորտներին` մարմնական, տնտեսական, տեխնոլոգիական, տեղեկատվական, հոգևոր ևն: Հետևաբար բանակաշինությունը պետք է արտացոլի ժամանակակից կյանքի անվտանգության բոլոր կողմերը: Հին մոդելներից պետք է զգուշանալ: Դրանք հաճախ անվտանգության խաբկանք են ստեղծում, և մենք դասեր պիտի քաղենք մեր իսկ սխալներից: Ժամանակակից բանակի խնդիրներն են ոչ միայն սպառազինությունը և սահմանների պաշտպանությունը, այլև հոգևոր ինքնության ամրացումը, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվական անվտանգությունը ևն: Բանակները ժամանակակից ազգերի կյանքում կենտրոնական դեր ունեն, նրանք ազդում և ուղղորդում են քաղաքականությունը, տնտեսությունը, գիտությունը ևն: Ժամանակակից բանակը բարձր տեխնոլոգիաների հիմնական պատվիրատուն է և այդ ոլորտի զարգացման հիմնական խթանիչ ուժը: Իսկ որոշ ազգերի դեպքում, օրինակ` հրեաների, երկիրն ուղղակի կառուցվել է բանակի հենքի վրա: Իսրայելական բանակն այսօր հիմնական խաղացողներից մեկն է բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:

 

Ազգ-բանակի մոդելը կարևոր նախաձեռնություն էր, սակայն ուշացած և ոչ ամբողջական: Այն պետք էր սկսել առնվազն երկու տասնամյակ առաջ, իսկ ամբողջական լուծումը ուղիղ ժողովրդավարության մոդելն է, որը, օրինակ, կիրառվում է Շվեյցարիայում: Յուրաքանչյուր չափահաս մարդ իր երկրի պահապանն է, ունի իր զենքը, տանն ունի այդ զենքի պահպանման հատուկ պայմաններ և պարբերաբար անցնում է զինվորական պատրաստություն: Ուղիղ ժողովրդավարությունը բարձր պատասխանատվություն ունեցող հասարակություն կերտելու ճանապարհ է: Բոլորը հավասար են, բայց հավասարությունն ունի իմաստ և առաքելություն: Հայրենիքը նվիրական է, որովհետև այն պաշտպանում են բոլորը: Երբ այս մոդելի մասին ժամանակին քննարկումներ սկսվեցին, հիմնական հակաթեզն այն էր, որ մենք պատրաստ չենք, և մարդիկ իրար վրա կկիրառեն զենքը: Հասկանալի է, որ այստեղ ներքին մշակույթի և կրթության խնդիր կա: Բայց պետք է ինչ-որ կետից սկսել, այլապես այսպիսի տարածաշրջանում մենք անվտանգության որևէ հեռանկար չունենք: Բացի դրանից, բոլորին հայրենիքի պաշտպանի կարգավիճակ տալը որակապես փոխում է հասարակության գիտակցությունը և մարդկային փոխհարաբերությունների բնույթը: Այդպիսի հասարակությունում մաուզերիստները, զոռբաները և ձայն գնողները տեղ չունեն:

 

Բանակի ոգին կերտում է սպայական էլիտան: Սպայական պատրաստության հաստատությունները պետք է օրինակ լինեն թե՛ իրենց ոգով և փիլիսոփայությամբ, թե՛ իրենց կրթական որակով և բարոյական նկարագրով: Հայ Առաքելական Եկեղեցու դերը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի: Արևմտյան աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ռազմական կրթության հայտնի հաստատությունները հիմնականում ուղղակի կապ ունեն Կաթոլիկ եկեղեցու կամ բողոքական հարանվանությունների հետ կամ հիմնված են նրանց կողմից: Հավատքը կյանքի բոլոր ոլորտներում, բայց հատկապես ռազմական գործում ունի գոյաբանական (existential) նշանակություն: Իր և շատերի կյանքի համար վճռական որոշումներ կայացնող ռազմական գործչի բարոյականությունը պետք է ունենա նավարկային համակարգ (navigation system): Դա կոչվում է հավատք: Քրիստոնեությունը տալիս է նաև բանակում միջանձնային հարաբերությունների կարգավորման կարևոր բանալիներ: Օրինակ` սպա-զինվոր փոխհարաբերությունը պետք է հիմնված լինի սիրո առաքինության վրա: Սպան պետք է վերաբերվի իր զինվորին, ինչպես հայրը` իր զավակին: Այսպիսի բանակը բարոյապես անպարտելի է:

 

Ժամանակակից բանակում սպառազինությունների և մարդկային ուժի հարաբերակցության փոխդասավորությունը ենթարկվում է լրջագույն փոփոխությունների: Բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությամբ օժտված համակարգերը, անօդաչու սարքերը և ռոբոտները արդեն ունեն մեծ կշիռ, որը գնալով ավելանալու է: Ապագայի բանակը միգուցե բաղկացած է լինելու ամբողջովին ավտոմատացված ստորաբաժանումներից: Այս ասպարեզում մենք բավականին հետ ենք ընկել, և մեր անելիքները հստակեցնելու և արագացնելու խնդիրներ ունենք: Մեծախոսությունը, խաբկանքներ ստեղծելը, պոպուլիզմով զբաղվելը անընդունելի են: Լուծված խնդիրների գավառական կրկնաբանություններով զբաղվելը և դրանով մարդկանց ուշադրությունը շեղելը ծանր հանցագործություն է: Ինչ-որ բաներ պետք է ձեռք բերել, որովհետև դրանք նորից ստեղծելը, արտադրելը և որակ ապահովելը անհամեմատ ավելի թանկ և ժամանակատար են, և երբեմն` ուղղակի անիրատեսական: Ինչ-որ բաներ պետք ստեղծել, որովհետև ամեն խնդիր չէ, որ աշխարհում լուծված է: Եվ ռազմարդյունաբերության ոլորտում բեկում առաջացնելու համար որոշիչ են լինելու մեր ներուժի իրատեսական գնահատումը և մեր ռազմավարական գործընկերների հետ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը:

 

Մեր բանակը հիմնովին վերափոխվելու կարիք ունի: Անվիճելի է, որ բանակը պետք է ապահովված լինի արդիական զենքով ու տեխնոլոգիայով, որակյալ մարդկային ռեսուրսով, այլապես ինչպե՞ս պիտի ապահովի մեր անվտանգությունը: Սակայն բանակի առաքելությունը պետք չէ սահմանափակել սոսկ սահման պաշտպանելով կամ ռազմական առաջադրանքներ կատարելով: Բանակը պետք է դառնա` ա) արժեքային համակարգ, բ) ազգային կյանքի կազմակերպման մոդել եւ կրթական հարթակ, գ) տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժ, դ) ապագան կանխատեսող և կանխորոշող հաստատություն:

 

Կրթություն

Այսօրվա խիստ մրցակցային աշխարհում յուրաքանչյուր ազգի կենսունակության և զարգացման հիմքը կրթությունն է: Որակյալ կրթությունը համարվում է մարդու ամենամեծ հարստությունը: Գիտակից մարդիկ ճիգ ու ջանք չեն խնայում` իրենց երեխաներին սովորելու լավագույն հնարավորություններ տալու համար: Առաջատար պետությունները և մասնավոր հաստատությունները մրցավազքի մեջ են սովորելու արդյունավետությունը բարձրացնելու խնդրում: Կրթությունը դարձել է մի հսկա համաշխարհային շուկա, որում կողմնորոշվելու համար առնվազն պետք է հստակեցնել մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ: Արդյո՞ք կրթությունն այսօր համապատասխանում է մարդու էությանը և հիմնարար ձգտումներին: Կրթությունն ազատագրո՞ւմ է մարդուն և ստեղծարա՞ր դարձնում, թե՞ բարոյապես բարդույթավորում և կապանքում որոշակի ստանդարտ մտածողության մեջ: Որքանո՞վ է գիտելիքի ձևավորումը համահունչ սովորողի բարոյական աճին: Ազգայինը և համամարդկայինը որքանո՞վ են ներդաշնակված: Կրթական ծրագրի վերջնարդյունքները համապատասխանո՞ւմ են արդյոք արդի գիտատեխնոլոգիական սրընթաց զարգացումների պահանջներին:

 

Սկսենք գաղափարական հարցապնդումների հստակեցումից: Ժամանակակից կրթությունը հայտնվել է աշխարհայացքային խոր ճգնաժամի մեջ և հիմնականում զբաղված է մարդուն համակարգային գործիք դարձնելով: Կրթությունը կտրվել է փիլիսոփայությունից և կորցրել իր հոգին: Ճշմարիտ մարդը` որպես Աստծո պատկեր և նմանություն, անհետանում է պատմության թատերաբեմից: Կրթության հոգեզրկման այս գործընթացի վրա երկու գործոն ճակատագրական ազդեցություն են ունեցել: Առաջինը այսպես կոչված լուսավորության դարաշրջանի մտածողությունից սերած կրթության աշխարհիկացումն է: Եկեղեցին` որպես մարդու հոգևոր մտածողության և բարոյական աճի երաշխավոր, հետևողականորեն դուրս մղվեց կրթությունից: Առաջացած բարոյամտածելակերպային դատարկությունը լցվեց ազատական, կեղծ գիտական և քողարկված աղանդավորական գաղափարներով: Աստվածակենտրոնությունը փոխարինվեց աստվածամերժ մարդակենտրոնությամբ, իսկ քրիստոնեական մարդասիրությանը եկավ փոխարինելու մարդապաշտությունը (հումանիզմ): Մարդը, կորցնելով հոգևոր գիտակցությունը, հայտնվեց հորինված ազատության ծուղակում: Իսկ այս մեծ փորձարկման զոհ դարձած դպրոցը` մարդակերտման դարբնոցը, զրկվեց հոգևոր արժեքների ինստիտուցիոնալ պատասխանատուից և երաշխավորից` Եկեղեցուց: Հոգևորի ինստիտուցիոնալ պատասխանատվությունը բարդվեց աշխարհիկ պետության վրա, որն անկարող էր այդպիսի առաքելություն իրականացնել: Արդյունքում պատասխանատվության դատարկությունից օգտվեցին քողարկված կամ բացահայտ հակաքրիստոնեական ուղղություն ունեցող համաշխարհային ուժերը և սկսեցին պետություններին պարտադրել իրենց օրակարգերը` կրթության մեջ դարերով բյուրեղացած արժեքային հիմքերն աղավաղելով: Երկրորդ պատճառը կրթության համապատասխանեցումն էր այդ նույն ժամանակաշրջանում ձևավորված արդյունաբերական հեղափոխության պահանջներին: Դարերի խորքից եկած` իմաստության և ներքին կատարելության հասնելու հիմնական իդեալը փոխարինվեց ստանդարտներով: Դպրոցը սկսեց հեռանալ իր գոյաբանական գործառույթից և վերածվեց շուկայական պահանջներին համապատասխան մարդ արտադրող գործարանի, կրթության արժեքային կամ հոգևոր հիմքերը սկսեցին հետզհետե խարխլվել, և դպրոցը գաղափարական առաջամարտիկից վերածվեց շուկայական պահանջարկի մատակարարի: Արագորեն աճող պահանջարկը էապես ազդեց կրթության բովանդակության և որակի վրա: Կրթության բարձր առաքելությանը համապատասխան որակյալ ուսուցիչների կշիռը հետզհետե նվազեց այդ ասպարեզում հայտնված անհրապույր արհեստավոր-մասնագետների համեմատությամբ: Ցածր վարձատրությունը, այլ մասնագիտությունների գրավչությունը, պետական քաղաքականության անհեռատեսությունն իրենց հերթին հանգեցրին նրան, որ տաղանդավոր մարդիկ սկսեցին խուսափել ուսուցչի մասնագիտությունից: Դպրոցները սկսեցին լցվել մարդկանցով, որոնք չունեին բարձր ձգտումներ և այլ ոլորտներում կայանալու հնարավորություններ: Առաքելությունը փոխարինվեց մասնագիտությամբ, և որակը զոհվեց հանուն ծավալի:

 

Լավ կրթությունը արտաքին աշխարհի ճանաչողությանը զուգահեռ պետք է ապահովի սովորողի ինքնաճանաչողության զարգացումը: Սակայն արդյո՞ք այսօր կրթությունը սեփական ինքնության բացահայտման և կայացման ճանապարհ է: Թե՞ կրթությամբ մարդն ավելի շուտ կորցնում է իրեն, քան գտնում: Համենայն դեպս ժամանակակից կրթությունը չունի ինքնատեսողության և ինքնավերլուծության, սեփական մտքերի և ապրումների կառավարման, ցանկությունների և կրքերի տիրապետման որևէ լուրջ գործիքակազմ: Հոգևոր գիտակցության ճանապարհին կուտակված դարավոր փորձառությունը պարզապես անտեսված է: Արդյունքում դպրոց և համալսարան ավարտած մարդն իր հուզական խելամտությամբ և ինքնատիրապետման կարողությամբ կարող է ունենալ նախադպրոցական երեխայի մակարդակ: «Ո՞վ եմ ես» գոյաբանական հարցադրման պատասխանը բացահայտելու հույսը, փաստորեն, թողնված է անհատի վրա: Մարդը կա՛մ հրաշքով գտնում է իրեն` դուրս գալով կրթության համակարգային փակուղուց, կա՛մ անընդհատ փախչում իր հետ առերեսվելուց` կապանքվելով իր ներքին բարդույթների մեջ: «Ո՞վ եմ ես»-ի մյուս կարևոր բաղադրիչը ազգային և հոգևոր պատկանելությունն է կամ հավաքական ինքնությունը: Մենք այնպիսին ենք, ինչպիսին տեսնում ենք մեզ մեր հավաքական ինքնության հայելու մեջ: Ինչպե՞ս է այսօր մեր կրթությունը ձևավորում ազգային ինքնագիտակցություն: Այս գերկարևոր խնդրի հայեցակարգ և գործիքակազմ չկան, իսկ պատասխանատուներն անհայտ են: Ազգայինը անպտուղ ոգեշնչման և սին հպարտության աղբյուր չէ, այլ արարման հոգի և ընդհանրական շահի անձնական պատասխանատվություն: Պատմությունը մեր հավաքական հոգու կենդանի և իրական հետագիծն է, և յուրաքանչյուր անձնական պատմություն երկխոսության մեջ է այդ ապրող իրականության հետ: Ազգային պատմության այսպիսի ամրագրումը անհատին դարձնում է պատմության մասնակից և կերտող, անձնական պատմությունն իմաստավորվում է ժամանակի մեջ, և ներկան դառնում պտղաբեր թռիչքների հարթակ: Իսկ ազգային գոյության ամենակարևոր ցուցիչը ապագայի տեսլականն է: Առանց այդ տեսլականի հնարավոր չէ պատկերացնել որևէ աշխատող ծրագիր և ռազմավարություն հատկապես կրթության ոլորտում:

 

Ազգայինի ընկալման մյուս կարևոր կողմը համամարդկայինի հետ հարաբերակցությունն է, սեփական առաքելության գիտակցումը, մեծ պատկերի մեջ սեփական ինքնությունը տեսնելն ու իմաստավորելը: Սովորողը եթե վստահ չեղավ, որ իր ստացած ազգային կրթությունը համապատասխանում է համաշխարհային բարձր չափանիշներին, սեփական ինքնության նկատմամբ անվստահություն է ունենալու: Ազգայինը բոլոր առումներով պետք է լինի մրցունակ և ուժեղ հասկացողություն, որն ամրացնում է իր ձգողականության դաշտում գտնվողներին և տալիս սեփական ներուժն իրագործելու արդյունավետ լուծումներ: Այսօր աշխարհն արագորեն վերափոխվում է: Բեկումնային տեխնոլոգիաների (disruptive technologies) զարգացումը և կյանքի փոփոխությունների արագությունն այսօր հարցականի տակ են դնում որևէ դասական պատկերացում կամ ստանդարտ լուծում: Իրականության և կրթության անհամապատասխանությունը գնալով խորանում է: Եվ կրավորական դիրքավորումն ու չաշխատող կաղապարներից կառչելը ուղղակի արկածախնդրություն են: Որքան էլ տարօրինակ է, բայց այս ամենը նաև բացառիկ հնարավորություն է կրթության համար` վերասահմանելու իր փիլիսոփայությունը և առաքելությունը, թոթափվելու հնամաշ գաղափարներից և այն ամենից, ինչը կապ չունի բուն մտածողության և ստեղծարարության հետ, իրական արժեքների և դրանց վրա կառուցված հմտությունների հետ, այլ ընդամենը բեռ ու ճնշում է մարդու հոգեկան աշխարհի վրա: Այսօր դասապրոցեսում և գնահատման համակարգում, օրինակ, արհեստական բանականության միջոցով կարելի է մեքենայացնել զգալի թվով գործողություններ` ուսուցչին և սովորողին ազատելով մեքենայացման ակնհայտ վտանգներից: Դպրոցները պետք է ճանաչելի դառնան իրենց ոգով, արժեքներով, ստեղծարար մթնոլորտով և ամբողջական մարդ ձևավորելու կարողությամբ:

 

Կրթությունը տեսողություն է: Հեռուն տեսնելը, կանխատեսելը և կողմնորոշվելը վերափոխման ներուժ ունեցող հասարակության սկզբունքային հատկանիշներն են: Դպրոցը` որպես մարդակերտման հիմնարար առաքելությունն իրականացնող հաստատություն, իր փիլիսոփայությամբ և մշակույթով պետք է դառնա կյանքի վերափոխման դարբնոց և ապագայի տեսողության դիտարան: Կրթությունը պետք է լինի ոչ թե կյանքի զարգացումների հետևից գնացող սպասարկու, այլ այդ զարգացումն առաջնորդող գլխավոր ուժը: Պատրաստի լուծումներ չկան: Յուրաքանչյուր ազգ պետք է ստեղծի իրենը, որը բխում է իր առանձնահատկություններից, հոգևոր արժեքներից և ապագայի տեսլականից:

 

Տնտեսություն

Բոլոր կրոնական պատկերացումներում մարդն ունի աննյութական հոգի և նյութական մարմին: Գրեթե բոլոր ուսմունքներում հոգին և մարմինը պայքարի մեջ են, անգամ` թշնամանքի: Եվ հոգևոր ազատագրման ճանապարհը մարմնականի մերժումն է, մարմնից թոթափվելը կամ մահը: Նյութն անիմաստ է կամ պարզապես պատրանք: Քրիստոնեությունը միակ կրոնն է, որը պատասխանում է այն հարցին, թե ինչ է նյութը: Քրիստոսաբանական հիմնական պնդումը` Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, ըստ էության բացահայտում է արարածի գոյության իմաստն ու նպատակը: Արարչության մեջ չկա ոչ մի անիմաստ բան: Աննյութականը դարձել է նյութական, որպեսզի նյութն օրհնվի ու հոգեղինանա: Նյութականի նկատմամբ թշնամանքի վերացումը քրիստոնեական մտքի կարևոր հաղթանակներից մեկն էր հրեական ինքնափակ մեկաստվածականության և հելլենական կրոնա-փիլիսոփայական սինկրետիզմի նկատմամբ: Մասնավորաբար, հենց այդ պատճառով է, որ ժամանակակից գիտությունը ծնվել և ձևավորվել է քրիստոնեական քաղաքակրթության շրջանակում:

 

Նյութի նկատմամբ մտածելակերպային կաշկանդումները վերացնելով և նյութը բարիք որակելով` քրիստոնեությունը մշտապես ուսուցանել է, որ նյութապաշտությունը ծանր մեղք է, որովհետև, ըստ էության, ոչնչով չի տարբերվում հեթանոսական կռապաշտությունից: Չափի զգացողությունը կարևոր է յուրաքանչյուր բարիքի հանդեպ, և խախտումներն ու ծայրահեղություններն ունենում են ծանր հետևանքներ: Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Արծաթասիրությունը արմատն է բոլոր չարիքների» (Ա Տիմ. Զ 10)` փողը որպես նյութական հարստության խորհրդանիշ դիտելով: Արդյունաբերական հեղափոխությունը, նրանից ծնված կապիտալիզմը քրիստոնեական քաղաքակրթության մեջ վերջնականապես խախտեցին հոգու և նյութի հարաբերակցության հավասարակշռությունը հօգուտ վերջինի: Գիտական մտքի և արտադրական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում արագորեն կուտակվող ահռելի նյութական հարստությունը և դրան լծակից իշխանությունը բացեցին գայթակղությունների մեծ ասպարեզներ և ավելի մեծացրին նյութի ճնշումը հոգու վրա: Իսկ հեռարձակման տեխնոլոգիաների և հատկապես լայնաշերտ համացանցի ուղղորդված նյութապաշտական բովանդակությունը վերջնականապես ստրկացրին մարդու հոգին: Նյութը դարձավ կյանքի իմաստ, երազանք և պաշտամունք: Նկատի ունենալով մարդու կրոնական էությունը` կատարվեցին բազմաթիվ փորձեր` «գիտական հիմնավորումներով» նոր աշխարհիկ կրոն սինթեզելու: Գիտությունից փորձեցին կրոն սարքել: Սակայն այդ բոլոր փորձերը փշրվել են` բախվելով մարդու երջանկության և կյանքի իմաստի հիմնարար փնտրումներին: Մամոնայի պաշտամունքին տրված արևմտյան աշխարհը կանգնել է հոգևոր ունայնության և փլուզված արժեքների իրականություն առջև: Եվ ահա մենք սրընթաց ուզում ենք նետվել այդ հոգևոր մղձավանջի մեջ առանց հստակեցնելու, թե ինչ ենք շահելու և ինչ կորցնելու:

 

Հաջողության մեր պատկերացումներն ու պատմությունները խիստ անհատական են և հակասական: Հաջողության պատմություններ կան, որոնք բարոյական դժբախտություններ են: Մենք կարիք ունենք զանազանելու բարիքը չարիքից, որպեսզի սխալ օրինակներով չմոլորեցնենք մարդկանց: Երկարատև ճանապարհը նորից ու նորից կրթությունն է և հաջողության ճիշտ փիլիսոփայություն ունեցող սերնդի ձևավորումը: Կարճատև հեռանկարում պետք է դրական պատմությունները միավորել` նյութականի և բարոյականի հավասարակշռությունը պահպանելով, մեր հիմքային արժեքներից դուրս բերել հաջողության բանաձևերը, երիտասարդության գիտակցության մեջ բյուրեղացնել և ներշնչանք դարձնել կյանքը վերափոխող, ռիսկեր և պատասխանատվություն վերցնող, բարիքին հետամուտ գործարարի կերպարը: Արժեքային և գաղափարական ճառագայթում ունեցող գործարար էլիտայի ստեղծումն անհրաժեշտություն է արարման մշակույթ ձևավորելու և հասարակությանը անհատների եսապաշտական շեղումներից ազատագրելու համար:

 

Մարդկությունը թևակոխել է չորրորդ արտադրական հեղափոխության ժամանակաշրջան: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման շարժիչը բարձր տեխնոլոգիաներն են: Բեկումնային տեխնոլոգիաները, ինչպիսին են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիան, նանոտեխնոլոգիան, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը ևն, տնտեսական աճի աննախադեպ հնարավորություններ են ընձեռել: Փոքր ազգերի համար բացված են զարգացման մեծ ասպարեզներ: Սակայն ժամանակը մեզ չի սպասում: Զարգացման գնացքի դռները շուտով կփակվեն, և մենք կարող ենք հայտնվել դիտորդի դերում: Որոշումներ կայացնելու համար պետք է անհապաղ սահմանել` ա) մեր ազգային նպատակների և միության արժեքային միջուկը. բ) գիտության և տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. գ) կրթության հայեցակարգը և բովանդակային կառուցվածքը. դ) մարդկային ներուժի զարգացման և նյութական ռեսուրսների ապահովման ռազմավարությունը. ե) արտաքին համագործակցության վեկտորները:

 

Եկեղեցի

Սրբությանն անմաքուր մոտենալուց ի՞նչ ենք շահելու: Միայն վնասելու ենք մեզ: Հավատքի և դավանության մասին դատողություններ անելը ի՞նչ իմաստ ունի, եթե դեռ կառչած ենք մեր ներքին անհավատությունից և կռապաշտությունից: Հնարավո՞ր է արդյոք դրսից գաղափար կազմել ներսի մասին, եթե մենք մի անգամ չենք բացել դուռը և ներս մտել:  Բայց մենք հենց այդպես ենք վերաբերվում մեր Եկեղեցուն, որը դարերով եղել է Աստծո ներկայության, սրբության լույսի, հոգևոր գիտակցության հաստատությունն ու պահապանը մեր ազգային կյանքում: Զբաղվում ենք ամեն տեսակ հիմարությամբ, մեր կյանքը վատնում մոլորությունների մեջ, վազում ամեն տեսակ սին պատրանքների հետևից և համառորեն խուսափում ենք ճշմարտությանը առերեսվելուց: Որովհետև վախենում ենք: Որ հանկարծ կհանդիպենք ճշմարտությանը և ստիպված կլինենք պատասխանատվություն ստանձնել: Վախենում ենք, որ ստիպված կլինենք հավատքով ապրել և հետևել ճշմարտությանը: Եկեղեցու ներքին իրականությունը հենց ճշմարտության մասին է: Այդ է հաստատում Պողոս առաքյալը` Եկեղեցին կոչելով «ճշմարտության սյուն և հաստատություն»: Այդ Ճշմարտությունը Աստծո սիրո և մարդու փրկության, հոգևոր լույսի և ներքին ազատագրման մասին է և վեր է այս աշխարհի պիղատոսյան հարցադրումների հարթություններից:

 

Եկեղեցի իսկապես մտնելու և նրա ներքին փրկական ճշմարտությանը հաղորդակից լինելու միակ ճանապարհը հավատքն է: Հավատքից դուրս բոլոր ճանապարհներն այլ տեղ են տանում: Կարիք չկա «արժևորել» Եկեղեցին` նրա դերը սահմանափակելով սոսկ ազգապահպանական և պատմամշակութային գործառույթներով: Կամ հիանալ եկեղեցական ճարտարապետության կամ երաժշտության գեղեցկությամբ, բայց չգիտակցել, որ դրանք արդյունք են հոգևոր կատարելության փնտրումների: Կամ զմայլվել Նարեկացու խոսքի պերճանքով և չաղոթել: Իրական հավատքը ոչ մի կապ չունի սնահավատության, անպտուղ համոզմունքների և կույր մոլեռանդության հետ:  Հավատքը մարդկային կյանքի մեծագույն պարգևն է և հիմնարար զորությունը: Մենք հավատքով ենք ապրում, իսկ առանց հավատքի պարզապես գոյատևում ենք: Հավատքից են ծնվում սրբությունը, ազատությունը և ստեղծարարությունը:

 

Ուրեմն հավատքով բացենք Եկեղեցու դուռը և ներս մտնենք: Այնտեղ մեզ են սպասում ոչ միայն հիմա, այլև` դարերով: Սպասում են Տերը և Նրա զորությունները, երկնավոր սուրբերը և մեր երկրավոր դավանակիցները: Եկեղեցին հավաքում է մեզ որպես Աստծո ժողովուրդ: Եկեղեցի բառը գալիս է հունարեն «էկլեզիա» բառից և նշանակում է հավաք, ժողով կամ ժողովուրդ: Եկեղեցին մեզ հավաքող, ժողովող, ժողովուրդ և ազգ դարձնող զորությունն է: Եվ մեր հավաքվելը ունի հիմք, իմաստ և նպատակ: Հիմքը հավատքն է, իմաստը` փրկությունը, նպատակը` աստվածացումը: Այդ փրկական հավաք-էկլեզիան Սուրբ Գիրքը ներկայացնում է որպես Քրիստոսի խորհրդական (միստիկ) մարմին կամ Աստծո թագավորության երկնային տաճար, իսկ հավատացյալները այդ մարմնի անդամներն են կամ տաճարի կենդանի քարերը: Քարերից կառուցված նյութական տաճարը աննյութական Եկեղեցի-տաճարի նշանակն է:

 

 

Աստված Եկեղեցու միջոցով հավաքում է իր զավակներին, Իր սրբազան շնորհաբաշխություններով կերակրում ու զորացնում նրանց, սիրո շաղկապով կապում միմյանց հետ և եկեղեցացնում մեզ: Եկեղեցին մեր հոգևոր մայրն է: Ինչպես մարմնով ենք մեկ անգամ ծնվում, այնպես էլ մեկ անգամ ծնվում ենք հոգով Եկեղեցու սբ Ավազանից: Եկեղեցին՝ որպես մայր, պահապանն է իր զավակների և անընդհատ աղոթում է նրանց համար, թեպետ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում և զգում են դա: Եկեղեցու կենդանի ներկայությունը մեր կյանքում փրկում է մեզ հոգևոր որբությունից: Որքան էլ մարդիկ հեռանան կամ օտարանան Եկեղեցուց, նրանք միշտ վերադառնալու հնարավորություն ունեն, որովհետև Եկեղեցին միշտ իր տեղում է: Մեր հասարակության` իր գաղափարական որբության զգացողությունից ազատվելու միակ ճանապարհը Եկեղեցի վերադառնալն է: Մեր միասնականությունը խաթարված է, միասին մտածել և արարել չգիտենք, որովհետև որպես հասարակություն եկեղեցացած չենք: Եկեղեցին նաև մեզ է հավաքում ներքնապես, մարդ դարձնում և տաճարացնում այս շեղումներով լի աշխարհում: «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է: Եկեղեցում լինել կամ Եկեղեցունը լինել նախ և առաջ նշանակում է եկեղեցանալ ներքին աստվածպաշտությամբ, սրտի ներքին տաճարում մեր պատարագը մատուցել մեզ համար պատարագված Տիրոջը:

 

Քրիստոնեությունը` որպես կյանքի արժեքային հիմք և հոգևոր ազատագրման ճանապարհ, իր էությամբ վերազգային է և համամարդկային: Սակայն ժամանակի մեջ նրա կայացումը և գոյությունը ազգային է և ունի իր առանձնահատկությունները: Ազգայինի և համամարդկայինի այս միասնությունը ընձեռում է թե՛ մեծ պատկերի մաս կազմելու առավելություն, թե՛ սեփական ինքնությունը իմաստավորելու հնարավորություն: Մեր Եկեղեցին առանձնանում է իր ուրույն դավանաբանությամբ, որի սիրտը քրիստոսաբանությունն է: Հիսուս Քրիստոսի նկատմամբ ճշմարիտ հավատքը, ըստ Եկեղեցու, փրկության հիմքն է, և Աստծուն հետևող յուրաքանչյուր ազգի կարելի է բնորոշել նրա քրիստոսաբանական իդեալով: Հայ Եկեղեցու քրիստոսաբանական համակարգը արևելաքրիստոնեական հոգևոր ժառանգության մեծագույն գանձն է: Մենք անընդհատ պայքարել ենք մեր հավատքի մաքրության համար և իրավամբ համարում ենք,  որ պահպանել ենք առաքելական ակունքներից սերող հավատքի մի անաղարտ գիծ:

Ահա թե ինչու մեր Եկեղեցու համառոտ անվանման մեջ շեշտում ենք այդ կարևոր առանձնահատկությունը և համարում, որ մեր հավատքը առաքելական է, և մենք առաքելական ազգ ենք: Եվ առաքելականությունը ոչ միայն հոգևոր ծագումնաբանություն է, այլև կենդանի առաքելություն, որը կոչված ենք իրականացնելու այսօր:

 

Մեր դավանական հիմքի վրա ձևավորվել է մի եզակի հոգևոր-ազգային մշակույթ: Մեր եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ չէ աստվածայինի անհասանելիությունը և մարդու ոչնչությունն ընդգծող վերամբարձ մոնումենտալիզմը․ ընդհակառակը` մեր եկեղեցիներում երկնային վայելչությունն ու մարդակերպ համամասնությունները ներդաշնակորեն միաձուլված են` հարազատորեն մարմնավորելով Աստծո մարդեղության խորհուրդը: Մեր հոգևոր երաժշտության մեջ երկնային վեհությունը և մարդկային ջերմությունը խորհրդաբար միավորված են` որպես աստվածայինի և մարդկայինի միության խորհրդանիշ: Իսկ մեր լեզուն իսկապես աստվածային գաղտնիք ունի իր մեջ: Եվ պատահական չէ, որ այդ լեզուն երկնային թռիչքի թևեր է ստացել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» շնորհիվ, որ աղոթքի ամենամեծ ստեղծագործությունն է մարդկության պատմության մեջ: Աղոթքը խոսքի բարձրագույն սուրբ վիճակն է, իսկ խոսքը` մարդու աստվածանմանության նշանակը: Որովհետև Աստծո միածին Որդին` Աստծո Խոսքը, դարձավ մեզ նման մարդ: Այս հոգևոր ժառանգության կենդանի կրիչը դառնալու համար մենք պետք է տեսնենք և գիտակցենք այդ ամենը սնուցող և միասնության մեջ պահող հավատքի զորությունը և դավանական ամրությունը: Ազգի էությունը նրա հավատքի հիմնական կոդն է: Ազգը` որպես հոգեղեն ուժ, պարզապես հավաքական հավատք է: Այս առումով Հայ Եկեղեցին մեր ինքնության պահապանն ­է: Սա ենթագիտակցաբար ընդունում են շատերը, և ոմանք, անգամ տարրական պատրաստություն չունենալով, փորձում են «պաշտպանել» Եկեղեցին «հարձակումներից»: Սակայն Եկեղեցին պաշտպանել հնարավոր չէ, որովհետև նա՛ է մեզ պաշտպանում, իսկ «հարձակվողը» մարտնչում է ինքն իր դեմ: Մենք պարզապես ինքներս մեզ տեսնելու և գտնելու կարիք ունենք: Եվ հենց գտանք մեզ, կտեսնենք, որ Եկեղեցու գրկում ենք:

 

Հայ Եկեղեցու մյուս կարևոր առանձնահատկությունը կրթության նկատմամբ վերաբերմունքն է: Եկեղեցին հիմնել և դարերով իր սրտում է պահել հայ դպրությունը: Ե դարից սկզբնավորված սբց Թարգմանչաց շարժումը դարձավ հայ ժողովրդի ճանաչողական, արժեքային և մշակութային ամբողջականությունը ապահովող առանցքը: Մենք նվիրականացրել ենք թարգմանության գաղափարը և սբց Թարգմանչաց հատուկ տոն սահմանել` որպես մեր ինքնության կարևոր վկայություն: Մենք համարել ենք, որ թարգմանությունը արվեստների արվեստ է, որ աստվածային անեղ իմաստները հասանելի է դարձնում հողեղեններիս: Թարգմանիչը Աստծո թարգմանն է կամ խորհուրդների մեկնիչը: Թարգմանությունը նաև համամարդկայինի նկատմամբ բաց լինելու, մեծ պատկերի մաս կազմելու, լավագույնը վերցնելու և սեփականը ստեղծելու կարողությունն է: Կրթությունը լայն իմաստով թարգմանություն է, մենք անընդհատ պետք է թարգմանենք, մեկնենք, իմաստավորենք որոշակի իրողություններ: Անցյալը` որպես հիմք, թարգմանության կարիք ունի, իսկ առանց ապագան թարգմանելու` ներկան իմաստազրկվում է: Մեր ինքնության և ազգային առաքելության միջուկը, իմ խորին համոզմամբ, աղերսված է թարգմանության խորհրդի հետ: Եթե մարդկությունը ինչ-որ արժեքներ կորցնում կամ մոռանում է, մեկը պիտի լույսի և ճշմարտության թարգման լինի: Բայց մեծին հասու լինելու համար փոքրի մեջ պիտի հավատարիմ լինել: Ամեն ինչ սկսվում է սեփական կրթության նկատմամբ հարգանքից և պատասխանատվությունից: Տալ կարող է նա, ով ունի:

 

Մենք արդեն երկար ժամանակ է` շուրջ վեց հարյուր տարի, որևէ մեծ փայլատակում չենք ունեցել աստվածաբանության և կրոնափիլիսոփայության անդաստանում: Հայ աստվածաբանական մտքի և հոգեկեցության վերջին խոշորագույն ներկայացուցիչը սբ Գրիգոր Տաթևացին է: Վանական մեծ դպրոցները` որպես հոգևոր իդեալների և մշակույթի հունցման և բյուրեղացման օջախներ, սկսեցին կորցնել իրենց ուժն ու ազդեցությունը և այնուհետև իսպառ անհետացան մեր կյանքից: Ինչո՞վ է պայմանավորված այս մեծ հոգևոր լռությունը, եթե չասենք` ամլությունը: Այդ շրջանը համընկնում է օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հետ, որի աղետալի ազդեցությունները մեր մշակույթի և անգամ լեզվամտածողության վրա ակնհայտ են: Սակայն թե ինչու է մեր հոգևոր անդաստանը չորացել և ինչպես է մեր ներքին պաշտպանական համակարգը կոտրվել, առանձին ուսումնասիրության կարիք է զգում: Իսկ վերջին երկու հարյուր տարին գաղափարական գայթակղությունների և մոլորութիւնների ժամանակաշրջան էր, և մենք անպաշտպան նետվեցինք աշխարհակործան փորձությունների և փորձարկումների հորձանուտը: Մենք վերջնականապես արմատախիլ եղանք մեր արմատներից, և «հոգևոր հայը» լքեց պատմության ասպարեզը: Մեծ իդեալների պատմություն վերադառնալու հույսը մնաց որպես ապագայի խնդիր: Հիմա մեր սերունդը կանգնած է մի մեծ հոգևոր անդունդ հաղթահարելու հրամայականի առջև: Իսկ մենք արդյո՞ք կենտրոնացած ենք, թե՞ ճշմարտությունը գտնելու պատասխանատվությունը սիրով թողնում ենք մեր երեխաների վրա:

 

Մեր հոգևոր ինքնագիտակցության և ազգային նպատակների փնտրումների մեջ հոգևորականության դերն առանցքային է: Իսկ ո՞վ է հոգևորականը: Սա մեծ հարցականն է մեր սերնդի, որ խնդիրների մեջ խորանալու կարողություն և ցանկություն չունի: Մենք անընդհատ չափչփում և մեծամտաբար թիրախավորում ենք հոգևորականներին` առանց խորհելու, որ մեր չափման միավորները և գործիքները ամենևին չեն համապատասխանում տվյալ խնդրին: Մեր աչքի գերանը չտեսնելով` ուզում ենք հայտնաբերել ուրիշի աչքի շյուղը: Կամ եթե չենք աղոթում կամ ընդհանրապես չգիտենք, թե ինչ է աղոթքը, ինչպե՞ս պիտի հասկանանք աղոթողին, առավել ևս` աղոթքի սպասավորին: Իսկ աղոթող մարդը ազգի խիղճն ու պահապանն է: Գիտակցու՞մ ենք, որ մեր գոյությունը կախված է նրա աղոթքներից: Բոլոր ասպարեզներում էլ կլինեն մարդիկ, որոնք չեն համապատասխանում իրենց կոչմանը: Սակայն դրանից տվյալ ասպարեզի կարևորությունը չի նվազում: Իսկ խոսքը ոչ թե ինչ-որ մասնագիտական ոլորտի մասին է, այլ սրբության: Եկեղեցին սրբություն է և մեր հավատքի նվիրական հաստատությունը: Հոգևորականը այդ սրբության խորհրդանիշն է և փոխանցողը: Անկախ նրանից, թե նա հոգևոր ինչ մակարդակում է գտնվում, Աստված իր ժողովրդին չի զրկում իր շնորհների փոխանցականությունից: Ուրեմն հոգևորականը փոխանցում է մի բան, որի սեփականատերն ինքը չէ: Սա տեղի է ունենում ձեռնադրության շնորհով, որը աստվածային սրբությունները զերծ է պահում մարդկային աղավաղումներից: Հոգևորականին կարող է տեսնել և գնահատել միայն հոգևոր մարդը, որն ունի նաև ավետարանական զգուշացում` «Մի՛ դատիր, որպեսզի չդատվես»: Առողջ հասարակությունը պետք է ունենա որոշակի սահմաններ, որոնցից անդին լռությունը գերադասի խոսելուց: Մեր ազգի հզորությունը ուղղակի կախված է հոգևորականներից: Նրանց պետք է աջակցել և զորակցել, նրանց համար պետք է աղոթել: Եթե մենք ունենք սրբության իդեալ, սրբության մեջ պտուղ ենք տալիս և ուզում ենք նվիրյալ հոգևորականություն ունենալ, անպայման կունենանք: Սակայն չմոռանանք, որ հունձքի Տերը աշխատում է: Եվ երբեմն մենք հնձում ենք այն, ինչ չենք սերմանել: Այս պատերազմի օրերին որտե՞ղ էին մեր հոգևորականները: Մեր զինվորների կողքին, մեր զավակների հետ: Այսպիսին է մեր Եկեղեցու վկայությունը այսօր և միշտ: Եկեղեցին դարերով մեզ հավաքել և ամրացրել է, մաքրել և լուսավորել, կրթել և զորացրել: Եկեղեցին մեզ դարձրել է ազգ և Աստծո ժողովուրդ: Ժամանակն է բացելու մեր աչքերը և նայելու ճշմարտությանը:

 

Մեսրոպ քահանա Արամյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49