«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայ հոգևոր երգարվեստի գոյության առաջին երեք դարերի ընթացքում ստեղծվել էր յուրաքանչյուր եկեղեցական տոնին նվիրված տարբեր հոգևոր երգերի մի ստվար զանգված: VIII դարից սկսած՝ միևնույն տոնի համար նախատեսված հոգևոր երգերը միավորվում են ութ մասից բաղկացած շարքում: Շարքի յուրաքանչյուր միավոր ստանում է շարական անունը, իսկ ամբողջական շարքը կոչվում է կանոն, կարգ կամ սարք: Ամէն մի կանոն կազմված է ութ տարբեր տեսակի շարականներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են կանոնի կազմում ընդգրկված շարականների դիտարկմանը:

