«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է իր հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի ննջման կամ վերափոխման տոնը: Հաղորդումն անդրադառնում է տոնի ակունքներին, ծիսակարգի որոշ կողմերին և առանձին դրսևորումներին հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մեջ:

