«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Գորանի» պարերգը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության ինքնատիպ ենթատեսակներից է: Բանավոր ավանդույթով մինչև 20-րդ դարը հարատևած «գորանիների» որոշ տիպաբանական հատկանիշների բացահայտումը թույլ է տվել ֆոլկլորագետներին թեկուզև մասնակիորեն լոյս սփռել իր տեսակի մէջ եզակի այս պարերգի վրայ:

