«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սբ Աստվածածնի կերպարն առանցքային տեղ է գրավում քրիստոնեական դավանաբանության մեջ և քրիստոնեական մշակույթի ամենատարբեր շերտերում: Հաղորդման ընթացքում ներկայացվում են սբ Աստվածածնին նվիրված մեծացուսցե շարականները, որոնք սբ Կույսին ձոնված տաղերի, ներբողյանների և այլ ստեղծագործությունների հետ միասին դասվում են հայ միջնադարյան երգաստեղծության բարձրագույն նվաճումների շարքին:

