Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

«Բալկոնում» իր հերոսներին 3-րդ դեմքով խոսել ստիպողը կարո՞ղ է այս անգամ ինքն իր մասին պատմել 3-րդ դեմքով: Խորհրդային Հայաստանից մնացած քիմիական մեծ գործարանը որպես խաղահրապարակ նվաճած, ծակ կոշիկներով ապրված մանկությունը կարո՞ղ է այսօրվա սմարտֆոնների առաջ մանկությունն անցկացնողների աչքին նախանձելի թվալ: Ֆաուստյան թեման ինչպե՞ս հասավ նրան և վերաձևվեց նրա գրչի տակ: Աստծո հետ որևիցե առնչակցություն փորձե՞լ է փնտրել իր կյանքում և ինչո՞ւ է կարծում, թե դեռ ժամանակ կունենա վերադառնալու բաց թողածին: Հարցերի պատասխանները՝ մշակութային լրագրող Անուշ Քոչարյանի դիմանկարում:

