Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

1893 թվականին, Գուստավ Ֆլոբերի «Հերովդիա» վիպակով ներշնչված, իռլանդացի գրող հանրաճանաչ դերասանուհի Սառա Բերնարի համար Օսկար Ուայլդը գրում է մեկ գործողությամբ «Սալոմե» ողբերգությունը: Այն մեծ հաջողությամբ բեմադրվում է Եվրոպայի թատրոններում ու լայնորեն տարածվում: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն այս ողբերգությունն առաջին անգամ դիտել է Բեռլինում 1903 թվականին:
Արտասովոր Արևելքը, Հերովդեսը՝ որպես պատմական անձ, Սալոմեի հրեշավոր, անբարո կերպարի հակադրությունը Հովհաննես Մկրտչի՝ նույն ինքը ողբերգության հերոս Իոկանաանի առաքինությանն ու աստվածպաշտությանը, ներշնչում են Շտրաուսին այս գործի հիման վրա օպերա գրել:

