Մեծանուն գործիչների ծննդյան ու հիշատակի օրերի, տոների, կարևոր իրադարձությունների մասին անդրադարձները կլրացնեն ու կհարստացնեն ձեր յուրաքանչյուր օրվա մշակութային մթնոլորտը:

Հունիսի 1-ին «Վեմ» ռադիոկայանի եթերից հնչում են Մերի Մուսինյանի, Նարե Աբրահամյանի, Աստղիկ Վարսենյանի, Էմիլ Ներսեսյանի, Ավետիս Էսկենյանի և Աիդա Ավանեսյանի տոնական մաղթանքները: 11-ամյա հմայիչ քանոնահար Մերին ուրախանում է, որ մեր երկիրը միասնական է լինում: 10-ամյա հնարամիտ Նարեն ցանկանում է, որ ոչ մի մարդու մեջ չարություն չկուտակվի: 9-ամյա նրբիկ Աստղիկը իր սիրելի հերոս Հարի Փոթերից սովորել է, որ ամեն մի դժվարությունից ելք կա: 3-րդ դասարանն ավարտած ֆուտբոլասեր Էմիլը համոզված է՝ իրենց բակի թիմն ուժեղ է, որովհետև միմյանց այնքան լավ են ճանաչում, որ խաղի ժամանակ միմյանց հայացքով են հասկանում: Դաշնամուր ու ֆլեյտա նվագող Ավետիսը «բանավոր է ստեղծագործում»: 11-ամյա եռանդուն դաշնակահար Աիդայի համար աշխարհում ամենաապահովը մայրիկի գրկում է, իսկ ամենասիրելի վայրը նրա հարազատ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան միջնակարգ մասնագիտական դպրոցն է:

