Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Լիբրետոն գրել են Վլադիմիր Բեգիչևը և Վասիլի Գելցերը:
Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայի Մեծ թատրոնում: Հանդիսատեսը բավական սառն է ընդունել ներկայացումը, ժամանակի որոշ քննադատներ նույնպես այն համարել են անհաջող, և շուտով բալետը հանվել է թատրոնի խաղացանկից: Այդ անհաջողության գլխավոր մեղավորներ էին համարում բալետմայստեր Վացլավ Ռեյզինգերին և Օդետայի դերակատարուհի Պոլինա Կարպովային:
Առաջնախաղից մոտ 20 տարի անց կայսերական թատրոնների տնօրինությունը որոշում է բալետը կրկին բեմականացնել 1893-94 թվականների թատերաշրջանի համար: Նոր ներկայացման սցենարը մշակում է բալետմայստեր Մարիուս Պետիպան: Պյոտր Չայկովսկու եղբայրը՝ Մոդեստ Չայկովսկին, վերամշակում է լիբրետոն:
Նոր բեմադրությունը ներկայացվել է 1895 թվականի հունվար 15-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Հենց այդ օրվանից էլ հանդիսատեսն ու երաժշտական քննադատները բալետը գնահատում են արժանվույնս:
Բալետը բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

