Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Հյուրեր՝
- Արծրուն Պեպանյան
- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Նա այս անգամ հանդես է գալու ոչ թե որպես գրող կամ հրապարակախոս, այլ պարզ որոնող: Մարդը, ով ժամանակին եղել է աթեիստ, հետո՝ քրիստոնյա, հետո՝ հեթանոս, ի՞նչ կարող է որոնել այսօր: Ի՛նչը նրան չբավարարեց աթեիզմի մեջ, որ հետո դարձավ քրիստոնյա. ի՛նչը նեղ եկավ քրիստոնեության մեջ, որ հետո դարձավ հեթանոս: Եվ ինչու հեթանոսի թիկնոցով էլ իրեն պաշտպանված չզգաց: Ինչու նրա վեպում Ջորդանո Բրունոն այդպես էլ չկարողացավ ասել խելքին փչածը: Եվ վերջապես ի՛նչ տեսլականի շուրջ պետք է միավորել ազգին հայոց: Թեման քննարկում են գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը և Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

