Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է օպերային թատրոնի մեներգչուհի Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն: Այդ օրը մասնակցելու են նաև «Theater Krefeld und Mönchengladbach»-ի մեներգիչներ Սաթիկ Մկրտումյանը և Հայկ Դեինյանը: Մարինե Դեինյանը համերգային կատարմամբ կներկայանա Աիդայի, Տոսկայի, Նորմայի, Լեոնորայի, Մադալենայի դերերգերով: Հյուրերը խոստացել են հնչեցնել հատված Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայից: Անակնկալ հանդիպմանը հասցրինք խոսել հոբելյանական երեկոյի ու օպերային այս եռյակի ստեղծագործական կյանքի առանձին դրվագների մասին:

