«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2016 թ. հուլիսի 28-31-ը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում համատեղ անցկացվեցին Եվրոռադիոյի ազգագրական 37-րդ փառատոնը և Վիլյանդիի ամենամյա ազգագրական երաժշտության 24-րդ փառատոնը: Փառատոնների շրջանակներում Հայաստանը ներկայացվեց «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի կողմից: «Նուբարի» ելույթը խանդավառ ընդունելության ու բարձր գնահատականի արժանացավ թե հանդիսատեսի, թե փառատոնի կազմակերպիչների կողմից: Հաղորդման ընթացքում քննարկում ենք այս իրադարձության մանրամասները «Նուբար» խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանի, խմբի անդամներ Սոնա Գրիգորյանի և Ալլա Մխեյանի, ինչպես նաև Հանրային ռադիոյի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Անի Մոսինյանի հետ:

