Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Միայն հացով չի ապրի մարդ. սա նշանակում է, որ մարդ արարածը պետք է մտահոգվի ոչ միայն իր նյութական, այլև հոգևոր պահանջմունքների համար:
Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ՝ փորձվելու սատանայից: Նա քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց: Եվ հենց այդ ժամանակ փորձիչը`սատանան, մոտեցավ Նրան և ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»: Հիսուսը պատասխանեց. «Օրենքում գրված է. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով»: