Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Ռաֆայել Մանուկյան
Քանդակելը նրա մոլուցքն է, արարմանը մասնակցության ձևը: Իսկ ի՞նչ է արարումը նրա համար: Իսկ լճացո՞ւմը, որից այդքան վախենում է: Ինչո՞ւ է նրա մոտ փիղը լարի վրա: Ի՞նչ զգաց, երբ իր գործերը Դալիի և Պիկասոյի գործերի հետ ցուցադրվեցին: Ովքե՞ր էին նրա մեկենասները, և ինչո՞ւ է հայոց մեջ մեկենասության հարցը միշտ բաց մնում: Կարո՞ղ է մարդու մենությունը ծառայել իր իսկ փրկությանը: Այսպես որ գնա, ովքե՞ր կմնան գնացքի նրա վագոնում, երբ գնացքը հասնի վերջին կայարանին: Հարցերի պատասխանները՝ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի դիմանկարում:

