Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է իտալացի գրող՝ արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Լուիջի Պիրանդելլոյին: Իրատեսական արձակի նոր որակով նա պատկերեց կյանքը, փոքր մարդու իրավունքները: Որպես դրամատուրգ՝ նորարար է: Ստեղծել է փիլիսոփայական և հոգեբանական նոր թատրոն: Ամենանշանավորը «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում» պիեսն է: Այստեղ գործող անձինք իրական դեմքեր են՝ դերասանները, թատրոնի տնօրենը, ինչպես նաև չգրված պիեսների մտացածին հերոսները: Դեռ կերպավորում չունեցած յուրաքանչյուր գործող անձ ձգտում է իր կողմը գրավել հեղինակին: Դրամատուրգն օգտվում է չափազանց հետաքրքիր հնարքից՝ միավորելով իրականությունն ու թատերական խաղը. գործողությունը զարգանում է հենց հանդիսատեսի աչքի առաջ…

