Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Արամ Խաչատրյանը երգեր գրել է ամբողջ կյանքի ընթացքում: Նրա գործիքային երաժշտության հիմքը երգայնությունն էր: Նա հիացած էր Շարա Տալյանի արվեստով, նամակներ էր գրում Հայկանուշ Դանիելյանին, սիրելի երգչուհիներից էր Զարուհի Դոլուխանյանը… Պատահական չէ, որ Արամ Խաչատրյանի անվան 13-րդ մրցույթը նվիրված է մեներգեցողությանը: «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի հետ զրույցը կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում հունիսի 6-ին մեկնարկող իրադարձության մասին: Թողարկման ընթացքում կհնչեն կոմպոզիտորի Կոնցերտային Երրորդ արիան, հատվածներ «Բալլադ Հայրենիքի մասին» և «Ձոն ցնծության» ստեղծագործություններից: Իսկ «Կենաց երգ»-ը երգում ու նվագում է Արամ Խաչատրյանը: