Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի առօրյան բավական աշխույժ է: Բայց տարվա մեջ մեկ օր՝ Մայիսի 9-ը, թանգարանի և հուշահամալիրի այցելուների համար աստեղային է: Մայիսի 9-ը Մեծ հայրենականում տարած հաղթանակի օրն է, հաղթանակ, որը նաև մենք ենք կերտել՝ անասելի ծանր գնով, և ապահովել մեր գոյության իրավունքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Մայիսի 9-ի խորհուրդը 50 տարի անց սրբացրեց Արցախյան պատերազմի հաղթական սերունդը՝ ազատագրելով անառիկ Շուշին: Այդ օրը նաև եռատոն ենք նշում: Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման, Արցախի Պաշտպանության բանակի ու Երկրապահ կամավորականների միության օրն է:
- Ավագ Հարությունյան

