Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Սեդրակ Հովհաննիսյան
Նա եկեղեցուց եկեղեցի է շրջում: Ինչն է նրա ոտք ու ձեռքը կապել, որ Աստծո տնից հեռանալ չի կարողանում: Ինչպես եղավ, որ, լինելով խոր աթեիստ, դարձավ քրիստոնյա: Այսօր, որպես հավատացյալ մեկը, տեսնո՞ւմ է տարբերություն իր և իր միջև: Ինչը նրան տարավ մանկատուն, այն էլ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատուն, և ինչու այդ աշխատանքը ճակատագրական եղավ նրա կյանքում: Ինչպես է պատկերացնում հոգևոր Հայաստանը: «Մարդը պիտի փոխվի»,-ասում է, իսկ գիտի՞ փոխվելու ձևերը: Ինչու է նա սկսել առավել լռել, քան խոսել: Հարցերի պատասխանները՝ ֆիզիկոս, «Գոյ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սեդրակ Հովհաննիսյանի դիմանկարում:



Երբ փոքր էր, Աստծուց խնդրում էր, որ իրեն իսկական դարձնի: Դարձա՞վ, երբ մեծացավ: Երազում էր երգիչ դառնալ, հայտնվեց թատրոնում, երազում էր կինոյում լուրջ դերեր ունենալ, դրանք ունեցավ թատրոնում: Ինչու էր բեմի փայտե հատակն այդքան գայթակղիչ, և ինչ էր նրա համար խորհրդանշում բեմի բարձրությունը դահլիճից: Ով նրան հայտնվեց երազում՝ կավե ամանով մածունը ձեռքին, և ում «հող ու ջուրն» էր նա: Ինչ է նրա համար փորձարարությունն արվեստում: Ինչ էր պատահել նրան, որ նրա 7-ամյա աղջիկն էր նրան խնամում: Դժվար չէ՞ հավատացյալ մարդու համար թատրոնի աշխարհը՝ իր կուլիսային խարդավանքներով և բոհեմային կյանքով: Հարցերի պատասխանները՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի դիմանկարում:
- Հյուր՝ Կարինե Ջանջուղազյան



Ինչ ծագում ունեն կավեղեն սպասքի մեջ պատրաստվող բոլոր ուտեստները, իսկ բլղուրով պատրաստված ցանկացած ուտե՞ստ, իսկ օղի՞ն, իսկ ծեծած մի՞սը: Ինչպես փրկել դարավոր հայկական խոհանոցը մոռացումից: Ինչու մենք՝ հայերս, ամաչում ենք մեր ինքնությունից և մեր ունեցածն օտարին հանձնում հեշտորեն: Ինչու նա իր հորը երբեք չհակաճառեց, և ինչպես դա անդրադարձավ նրա կյանքի վրա: Ինչ են խորհրդանշում ծիսական կերակուրները, և որն է զատկական կերակուրների խորհուրդը: Հարցերի պատասխանները՝ խոհարարական արհեստի գիտակ Սեդրակ Մամուլյանի դիմանկարում:
- Հյուր՝ Սեդրակ Մամուլյան



Ինչու է համակարգիչը փչանում, երբ նրան տալիս են «Ի՞նչ կա-չկա» հարցը, և որն է դրա փիլիսոփայական հիմնավորումը: Երբ տարելիցն ու տարեդարձը համընկնում են, արդյունքում մի՞շտ է ծնվում փիլիսոփա, ինչպես դա պատահեց իր հետ: Ինչու է ցավով նկատում, որ այն ճանապարհը, որով ընթանում է Հայաստանն այսօր, ամենևին էլ եվրոպականը չէ, և ինչու չի կիսում պատմաբան Շպենգլերի՝ դեռևս անցած դարասկզբին արած կանխատեսումը Եվրոպայի մայրամուտի մասին: Ինչու, փիլիսոփա լինելով հանդերձ, շատ համեստ տեղ է հատկացնում փիլիսոփայությանը: Իսկապե՞ս Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել, և բոլոր այն գիտնականները, ովքեր փորձում են դա անել գիտական հիմնավորումներով, հանդես են գալիս ոչ թե որպես գիտնական, այլ որպես հավատացյալ: Գիտելիքի մասին սուրբգրային սահմանումն ինչու է, ըստ նրա, ոչ գիտական: Եվ, վերջապես, դժվար չէ՞ ապրել առանց Աստծուն հավատալու: Հարցերի պատասխանները՝ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի դիմանկարում:
- Հյուր՝ Աշոտ Ոսկանյան



- Հյուր՝ Էդվարդ Միլիտոնյան
Այս երևանաբնակը ծնունդով Սարի թաղից է: Ինչպե՞ս արհեստավորների այդ թաղից նա դուրս եկավ որպես արվեստավոր: «Պետք է աշխատել, պետք է հետ չընկնել հարևաններից» կարգախոսը, որ նրա մոր հավատո հանգանակն էր, նրա համար և՞ս դարձավ կյանքում հավատո հանգանակ: Ինչու են միշտ գրողները դժգոհ Գրողների միության նախագահից՝ անկախ նրա ով լինելուց: Ինչու գրաքննադատներին այսօր քիչ է հուզում գրականությունը: Կստանա՞ արդյոք նա 2018-ին աշխարհի լավագույն պատանեկագրի մրցանակը՝ կորոշի ժյուրին: Աստվածաշնչյան թեմաները նրա ստեղծագործություններում զուտ էսթետիկա՞ են, գեղարվեստական հնա՞րք, թե՞ ներաշխարհ: Աստծուն տեսնելիս ինչո՞ւ ոչ մի բառ չի ասի Նրան: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի դիմանկարում:



Ինչ տվեց նրան շփումը մշակութային երկու կաղնիների հետ: Բեմի բանվորից մինչև ռեժիսորի ասիստենտ, դերասան և փայտագործ. սա նրա կյանքի անցած ճանապարհն է: Ինչպես է կոփվում պողպատը այսպիսի ճանապարհ անցնելով: Ըստ ասացվածքի՝ ամեն կայացած տղամարդու հետևում կա մեծ կին: Նրան նայելիս կարելի՞ է թիկունքում տեսնել այդ կնոջը: Ինչու նա ավելի շատ լսող ականջ է, քան խոսող բերան, և ինչու է նրա փայտից աշխատանքում բերանին կողպեք դրված, իսկ բանալին՝ կախված ուղեղից: Կա՞ նվիրական անկյուն նրա սրտում, որը միայն Աստծուն է պատկանում: Հարցերի պատասխանները՝ Սերգեյ Թովմասյանի դիմանկարում:



Ինչու նա որոշեց ինքնառաջադրվել որպես հյուր մեր եթերում: Գիտությամբ էր զբաղվում, երբ փլուզվեց աստվածամերժ մի կայսրություն:Ինչ զգաց կյանքի վերաիմաստավորման առումով: Կյանքի և մահվան արանքում ինչու նրա շուրթերից ռուսերեն հնչեց աղերսն առ Աստված: Ինչպես եղավ, որ ֆոտոսեսիայի՝ անծանոթ աղջկան այդպես էլ չարված առաջարկը նրան բերեց և հաստատեց Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ինչու այդպես էլ իրեն արժանի չհամարեց Սուրբ Հաղորդություն ստանալուն և բավարարվում է միայն սուրբ մասունքը վերցնելով: Ինչպես է ի մի բերում իր ներսում Մեծ պահքը: Հարցերի պատասխանները՝ մեր մշտական ունկնդիր Ռուդիկ Սարիբեկյանի դիմանկարում:
- Հյուր՝ Ռուդիկ Սարիբեկյան



Գրականությունը կարիք ունի՞ գովազդի, և ինչո՞վ այն պիտի տարբերվի, ասենք, փամպերսի գովազդից: Ինչպե՞ս է հեղինակի «մահը» ծնում ընթերցող-հեղինակների: Ինչո՞վ են իրար նման գրելու և յուղ հալելու ծեսերը: Եթե նա համաձայն է Ֆիլիփ Ռոթի «Գրելը դժոխք է» մտքին, այդ դեպքում ինչո՞ւ է գրում և կամավորաբար մտնում այդ դժոխքը: Ինչպե՞ս է նա իր գրականությամբ փորձում թեթևացնել այն հոգսը, որ բաժին է ընկել դրախտից արտաքսվածներիս: Ո՞րը կլինի այն մեն ու միակ հարցը, որ նա կտա Աստծուն, երբ տեսնի նրան: Հարցերի պատասխանները՝ արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի դիմանկարում:
- Հյուր՝ Դիանա Համբարձումյան



Ո՞վ է նա՝ կորուսյալ սերնդի ներկայացուցի՞չ, առավել գրչի մա՞րդ, թե՞ մեծ գրչակից-ընկերներ և լայն շփումներ ունեցած մեկը, ով այսօր կարոտում և ձայն է տալիս նրանց, ովքեր հեռացան և մտավոր-մշակութային դաշտը դատարկ թողեցին իրենցից հետո: Ինչու Հրանտ Մաթևոսյանին կարևոր մի քվեարկության ժամանակ ոչ մի հայ գրչակից ձայն չտվեց: Ինչպես պատահեց, որ հեռավոր Ֆիլիպիններում վրացի գրողը հանդգնեց Վիլյամ Սարոյանի հետևից կանչել վրացահայի բարբառով՝ «Ո՞ւր ես գնում, տո՛»: Ինչպես Օձուն գյուղը վերստացավ իր անունը: Ինչպիսի առիթներ խորհրդային շրջանից նրան բերեցին Աստծուն: Վերջապես ինչն է այդքան դառնացրել ու մտահոգել այդ պարզապես լավ հային և քրիստոնյային: Հարցերի պատասխանները՝ արձակագիր Վանուշ Շերմազանյանի դիմանկարում:
- Հյուր՝ Վանուշ Շերմազանյան



Ինչպես է նրան հաջողվում մի կողմից լինել հասուն կին՝ կնոջ հմայքի հրետանուն տիրապետող, մյուս կողմից չմեծացող երեխա, ով մինչև իսկ հարցազրույցների ժամանակ ձեռքերը թիկունք է տանում՝ հագցնելով իրար՝ ասես մանկապարտեզի աթոռին նստած փոքրիկ: Ինչու մանկությանը բաց չի թողնում իր միջից: Իր ամենատարբեր դերերը՝ փողոցային անառակ կին, ազնվականուհի, պչրուհի, թագուհի՝ հեքիաթում, թե պատմական որևէ դարաշրջանում, նա հավաքում է դրսի՞ց, թե՞ իր միջից : Ինչից էլ որ խոսելիս լինի, սիրո մասին է: Ինչի՞ց է: Իսկ ի՞նչ է մտածում պատմության մեջ Սիրո ամենամեծ գործողությունը կատարածի մասին: Հարցերի պատասխանները՝ դերասան, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի դիմանկարում:
- Հյուր՝ Նարինե Գրիգորյան



Նրան հրավիրեցին Միացյալ Նահանգներ ամսական 10 հազար դոլար աշխատավարձով, ընտանյոք հանդերձ, բայց նա չգնաց: Ինչո՞ւ: Ինչպես նրան հաջողվեց ամբողջովին թալանված, երկու սյուները միայն պահպանած հետխորհրդային գործարանից տարիներ անց ստանալ կայուն եկամուտ ապահովող գործարան: Ինչպես է նրան հաջողվում տարիներ շարունակ ամսվա նույն օրը և նույն ժամին աշխատավարձ վճարել իր աշխատողներին: Ինչու է դադարեցնում ցանկացած հարցազրույց կամ կարևոր պաշտոնյայի հետ զրույց, երբ իր աշխատասենյակ է մտնում բանվորը: Ինչպես է նրան հաջողվել իր աշխատանքային կոլեկտիվից համայնք ստանալ՝ իր կարգ ու կանոնով և վարք ու բարքով: Նախկին կոմունիստն այսօր ինչ է մտածում Աստծո մասին, և որն է նրա հորդորը այսօրվա սերնդին: Հարցերի պատասխանները՝ «Շաբեր» գործիքաշինական գործարանի հիմնադիր տնօրեն Լյուդվիգ Միքայելյանի դիմանկարում:
- Հյուր՝ Լյուդվիգ Միքայելյան



Ինչու երկու արվեստագետ շատ են մի տանիքի տակ, և ինչպես տարավ նա իրեն ամենամոտը կանգնած այդ երկուսի բաժանումը: Ինչու շատ տղաների երազած «Ջուլիետը» չընտրեց նրանցից և ոչ մեկին և ընտրեց իրենից ավելի քան 3 տասնամյակով մեծ տղամարդու: Ինչ պատահեց, որ նա մեկ էլ սկսեց պատարագների մասնակցել: Քրիստոնյան ինքն իրեն ինչպե՞ս պիտի հայտնի: Թումանյանն ինչու քահանա չդարձավ՝ նրա կարծիքով: Որը կլիներ նրա՛ «Խոստովանությունը» հանրությանը: Հարցերի պատասխանները՝ Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի դիմանկարում:
- Հյուր՝ Նարինե Թուխիկյան



Ավելի քան 20 տարի եթերում աշխատած վաստակավոր լրագրողին ինչն է ստիպում իր ներկայիս հաղորդաշարում նույն ստանդարտ հարցերը տալ բոլոր հյուրերին: Այդ կերպ նա որոշել է եթերում ակտիվ հանգստի՞ անցել, թե՞ սա լրագրողական նոր հնարանք է: Ինչու է նա մարդկությունը բաժանում 2 մասի՝ դրախտից արտաքսմանը չհամակերպվողների և արտաքսումից իրենց լավ զգացողների: Ինչու են Հյուսիսային պողոտայի բնակելի շենքերն այդպես էլ անմարդաբնակ մնում: Ինչ պատահեց նրա հետ, երբ կարդաց Մարկ Տվենի «Ադամի օրագիրը»: Եվ վերջապես ինչպիսին կլիներ նրա՛ չարտասանված Նոբելյան ճառը: Հարցերի պատասխանները՝ լրագրող, հաղորդավար Արթուր Բախտամյանի դիմանկարում:
- Հյուր՝ Արթուր Բախտամյան



Ազատ գեղագետից և ընթերցողից ինչպես դարձավ «Դարակ» հրատարակչության տնօրեն: Որպես ընթերցո՞ղ է մոտենում գրահրատարակչության գործին, թե՞ ունի այլ մոտեցում: Գիրք-ընթերցող կապի նորօրյա ինչ մոդելներ է նա առաջարկում: Ինչպես է ճանաչում բարձր գրականությունը, ինչ նշաններով: Ընթերցողն ինչպես է դառնում գրական գործի համահեղինակ: Ինչու մեզանից դարեր առաջ ապրած գրողի կյանքը գիտենք ամենայն մանրամասնությամբ, իսկ մեր կողքին ապրող գրողներինը՝ ոչ: Ինչպիսի վերափոխման է ենթարկվում գրողի կյանքը գրականություն դառնալիս: Հարցերի պատասխանները՝ «Դարակ» հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի դիմանկարում:



Ինչպես է նրա չափազանց բարեկիրթ և զուսպ կերպարը, որ եվրոպական միջավայրի ծնունդ լինի ասես, դիմանում տեղական կոպիտ հարաբերություններին ու բարքերին: Որն էր նրա առաջին կրթական միջավայրը, և ինչ բացեր նա տեսավ այնտեղ, որ բարեփոխման կարիք ունեին: Ինչ տվեց նրան 2008-ին քաղաքական ընդդիմությանը հարելը, և ինչպես այն անդրադարձավ նրա կարիերայի վրա: Քննադատակա՞ն, թե քննական մտածողությունն է պետք անհատի մեջ զարգացնել, և ինչու է նա այդքան կարևորում կասկածի գործոնը որպես նախապայման: Ունենալով հավատ՝ ինչու, այնուամենայնիվ, նա իրեն դասական առումով հավատացյալ մարդ չի համարում: Հարցերի պատասխանները՝ բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանի դիմանկարում:
- Հյուր՝ Սամվել Կարաբեկյան



Ինչու նրա ինքնանկարում պատկերվածը ոչ այն է ձի է, ոչ այն է ջորի և ոչ այն է գոմեշ, այլ այդ բոլորի համաձուլվածքը: Ինչպես եղավ, որ 6-րդ դասարանում պահանջեց ծնողներին իրեն հաձնել եկեղեցուն, և ինչու անիրական մնաց նրա մանկության բյուրեղյա երազանքը: Նա՞ կորցրեց իր կանանց, թե՞ նրանք՝ իրեն: Ինչու «Գիշերն անույշ է» ծրագրի վարողի գիշերը այդքան մռայլ և ծանր է նրա «Գիշերային ծղրիդներում»: «Եւ ասէ Աստուած» հաղորդման հեղինակին ի՞նչ է հատկապես ասում Աստված, և սուրբգրային ո՞ր տողն է հատկապես նրան ուղղված: Հարցերի պատասխանները՝ խոսքարվեստի վարպետ Սարգիս Նաջարյանի դիմանկարում:
- Հյուր՝ Սարգիս Նաջարյան



Ինչու նրան ճանաչելու ամենակարճ ճանապարհը նրա ստեղծած գրականությունն է, և ինչպես է նրա պատմվածքներից հավաքվում նրա կենսագրությունը: Ամիսներ շարունակ անկողնում անշարժ գամված՝ նա ինչպես տեսավ աշխարհը: Ինչու հայրական տանը մանկությունից նրան ուղեկցած Աստվածաշունչը նրան հետ չպահեց ուսանողական տարիներին Լեո Տաքսիլի «Զվարճալի Աստվածաշնչից»: Կարո՞ղ է արվեստն աստվածաբանության մաս լինել. եթե՝ այո, ապա ինչպե՞ս: Երեք քայլ էր մնում նրա պատմվածքի հերոսուհուն անել՝ հասկանալու համար, որ կա Աստված: Իսկ ընդհանրապես մարդը քանի՞ քայլից է սովորաբար դա հասկանում: Հարցերի պատասխանները՝ արձակագիր Հովհաննես Երանյանի դիմանկարում:
- Հյուր՝ Հովհաննես Երանյան



Նրա ամենակարճ չոր կենսագրականը 19 էջից պակաս չէ, ինչպե՞ս հասկանալ: Ինչու նրա մեջ մեռավ ֆիզիկոսը, և արդյունքում ծնվեց հասարակական գործիչը: Ինչու է կարծում, որ մարդկությունն իր բոլոր խնդիրները ձևակերպում է կրթության խնդրի մեջ, և ինչու է համոզված, որ բոլոր խնդիրների լուծումը կրթական դաշտում է բացառապես: Հատելով մայրցամաքներ և աշխարհամասեր՝ ինչու է միշտ վերադառնում: Ինչպես եղավ, որ Հայաստանը նրա համար դարձավ ամենաապահով վայրն աշխարհում: Եվ վերջապես ինչու է համոզված, որ առանց Աստծո մարդը հեռու չի գնա: Հարցերի պատասխանները՝ կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի դիմանկարում:
- Հյուր՝ Արեգ Թադևոսյան



Պե՞տք է միստիկա տեսնել այն փաստի մեջ, որ ոչ միայն նա, այլև նրա հայրը և պապը ծնվել են մայիսի 1-ին: Ինչու 13 տարեկանում մորը կորցրած տղային տարիներ անց էլ պիտի ասեին «Մանիկի տղա», իսկ նրա որդուն՝ «Մանիկի թոռ»: Ինչու է կարծում, որ բանաստեղծության համար լավ ժամանակներ են այսօր: Ինչպես կարող է իմաստակիր ձայնի վրա քաղաքակրթություն ստեղծվել: Ինչու է համոզված, որ հայերը քրիստոնեություն ընդունեցին, որովհետև այն հարազատ էր հայի հոգեկերտվածքին և աշխարհայացքին: Հարցերի պատասխանները՝ Թադևոս Տոնոյանի դիմանկարում:



Նա արական սեռի այն քիչ ներկայացուցիչներից էր, ով երկրի համար բավական խառը ժամանակներում դպրոց մտնելու քայլ արեց՝ կրթության ոլորտում երևի թե սարեր շուռ տալու լուրջ մտադրությամբ, հաստատվեց ու մնաց դպրոցում: Եվ արդեն մի ամբողջ կյանք այդպես: Արդյո՞ք նրան հաջողվեց սարեր շուռ տալ: Ինչո՞ւ է համոզված, որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում: Որքանո՞վ է անկեղծ, երբ ասում է, որ մանկավարժական պարտություններ չի ունեցել, և եթե դա ճիշտ է, ինչպե՞ս է այդ նրան հաջողվել: Որքանով է քրիստոնեական այսօրվա մեր կրթությունը: Ինչ հեքիաթ է մինչև այսօր նրան դպրոց բերում, և ինչու բոլորը ավարտում ու գնում են դպրոցը՝ բացի իրենից: Հարցերի պատասխանները՝ մանկավարժ Մայիս Նիկողոսյանի դիմանկարում:
- Հյուր՝ Մայիս Նիկողոսյան



- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Ինչպես էր նա մանկուց հոր հետ գնում եկեղեցի: Հեռավոր Ամերիկայում հանգրվանած նրանց ընտանիքի հայրը ինչու այդպես էլ խռով մնաց Աստծուց: Երբ դեռ մանուկ էր և իմացավ, որ մահ կա, ինչպես արձագանքեց դրան: Ինչպես որոշեց քահանա դառնալ: Ինչու է Հիսուս Քրիստոսին համարում ամենադեմոկրատը երկրի վրա երբևէ ծնվածներից: Այդքան խոստովանություններ ընդունած լինելով՝ ինքն ինչպես է անհատապես խոստովանում իր մեղքերը: 80-ի շեմը հատած ծերը պատրա՞ստ է կանգնել Աստծո առաջ և ընդունել Նրա դատաստանը:



ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթ, ռուսական բալետի թագուհի Մայա Պլիսեցկայա, երգչուհի Շեր, թենիսիստ Անդրե Աղասի և ոչ միայն: Ի՞նչը կարող է այս բոլոր մարդկանց կապել իրար: Ինչու է նրա ներշնչման աղբյուրը մարդը՝ բոլոր ժամանակների: Ինչ ընդհանուր եզրեր ունի Չերչիլ անունով նրա կատուն քաղաքական գործիչ Չերչիլի հետ: Ինչպես հաջողվեց նրան իր պատանեկության տարիներին պահած շան մեջ գրական ճաշակ ձևավորել: Ինչպես, «Նուռ» ազգանունը վերցնելով, նա դարձավ նոր տոհմի հիմնադիր: Ինչ ընդհանուր բան կա նրա և Ջոնաթան անունով ճայի միջև: Ինչպես կարելի է աշխարհին նայել նաև ճանճի հայացքով: Կատարելապաշտ լինելով՝ ինչ է մտածում Կատարյալի մասին: Այս զրույցին ինչու նա չուզեց վերջակետ դնել: Հարցերի պատասխանները՝ Նուռի դիմանկարում:



«Դու հենման կետ ես փնտրում, բայց նավի վրա ես դու,
իսկ նավը՝ ջրի վրա, իսկ ջուրը՝ երկրի». այս տողերի հեղինակին հաջողվե՞լ է արդյոք գտնել իր հենման կետը: Ինչո՞ւ է կարծում, որ մշակույթի հիմքը հոգևոր է, հետևաբար և նպատակը: Արդյո՞ք արվեստի նպատակը մեր մեջ մեռած Աստծուն հարություն տալն է: Կհաջողվի՞ մեր հյուրին առաջաբանի և վերջաբանի արանքը դատարկ չթողնել, կգրի՞ նա իր տեքստը: Իսկ որտե՞ղ է տեքստը: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանի դիմանկարում:
- Հյուր՝ Հենրիկ Էդոյան



Ամերիկայում ծնված և մեծացած հայ երիտասարդին ի՞նչը ստիպեց մեկընդմիշտ հայրենիք վերադառնալ, և ինչո՞ւ նա այդ մասին հայտնեց բաց նամակով: Ինչու է նա Ամերիկան անվանում «Բաբելոն» կամ բազմամշակութային «Մեքքա», և հատկապես ինչը նրա սրտով չէր այնտեղ: Ինչու է իրեն տեսնում Հայաստանի և սփյուռքի միջև որպես կամուրջ, արդյո՞ք նրա օրինակը վարակիչ կլինի սփյուռքի մյուս հայ երիտասարդների համար: Հարցերի պատասխանները՝ ամերիկահայ երիտասարդ Հայկ Նազարյանի դիմանկարում:
- Հյուր՝ Հայկ Նազարյան

