Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուա Մորիակին, ով հայտնի է որպես բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ և հրապարակախոս: Բայց նա ավելի շատ ճանաչվեց որպես սոցիալ-հոգեբանական վեպի վարպետ, ում գրական հռչակ բերեցին «Համբույր բորոտին», «Թերեզ Դեսքեյրու» և «Իժերի կծիկը» վեպերը: Մորիակի մի գրառում, որ նա արել է այն ժամանակ, երբ ֆաշիստական զորքերը գրավել էին հայրենի երկիրը. «Որքան էլ մենք նկատենք մեզ շրջապատող խայտառակությունը և այն զգանք մեր հոգում, միևնույն է, պետք չէ հիասթափվել և կորցնել վստահությունը մարդու հանդեպ. սրանում է իմաստը նրա, որ ապրենք և գոյատևենք»:

