Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդման 2-րդ մասում ներկայացվում է Ցիպրիան Նորվիդի «Շոպենի դաշնամուրը» պոեմը, որտեղ նա բնութագրում է Շոպենի կատարյալ արվեստը որպես մարտահրավեր՝ չարի մոլեգնող ուժերին։



Հաղորդման 1-ին մասում լուսաբանվում են Շոպենի կյանքի ու ճակատագրի վայրիվերումների ազդեցությունը նրա հայրենաբաղձ երաժշտության վրա և վերջինիս արձագանքը պոեզիայում։



Հաղորդումն ուրվագծում է Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական դիմանկարը և ներկայացնում նրա ներդրումը հայ երաժշտարվեստում:



Հաղորդման 3-րդ մասը անդրադառնում է Յոժեֆ Սիգետիին, Գրիգորի Սոկոլովին, Դիմիտրիս Սգուրոսին, Նաթան Միլշտեյնին, Հելմուտ Վալխային, Իցխակ Պերլմանին։



Հաղորդման 2-րդ մասը անդրադառնում է Եկատերինա Նովիցկայային և Ջոշուա Բելին:



Հաղորդման 1-ին մասը անդրադառնում է Եհուդի Մենուհինին, Բրանիսլավ Հուբերմանին, Ռոբերտինո Լորետիին, Պետեր Շրայերին եւ Կոմիտասին:



Հաղորդումը նվիրված է Մեծ պահքի շրջանի երգերին, որոնք կատարում է «Ակն» երգչախումբը՝ Արամ Քերովբյանի ղեկավարությամբ: Մեներգիչ՝ Հայր Վրթանես Ուլուհոճյան:



Հաղորդումը նվիրված է անգլիացի մեծանուն երգչուհի Քեթլին Ֆերիերի (կոնտրալտո) կյանքին և ստեղծագործական ուղուն: Ներկայացվում են նրա մուտքը միջազգային ասպարեզ, նվաճումների ու վերելքի փուլերը՝ սկսած անգլիական ժողովրդական
երգերի կատարումներից, Հենդելի «Փրկիչ» օրատորիայում մասնակցությունից, Բրիտտենի «Լուկրեցիայի անարգումը», Գլյուկի «Օրփեոս և Եվրիդիկե» օպերաների հերոսների դերակատարումից մինչև Բախի, Շուբերտի, Բրամսի, Մալերի երգերը և վերջապես վերջին ձայնագրությունը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:



Հաղորդումը նվիրված է Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծված ժողովրդական, ինչպես նաև հեղինակային օրորոցային երգերին: Թվով 21 նմուշ, որոնք ընդգրկում են թեմաների լայն շառավիղ. Ակնա ճախրուն,
եթերային երգերից մինչև Վանա եղերական, Սասնա, Տարոնի և տարբեր
հեղինակների ռազմաշունչ, հայրենասիրական և այլ բնույթի երգեր:
Ձայնագրությունն իրականացրել է երգչուհի Անահիտ Պապայանը:



Հաղորդումը նվիրված է Ալեքսեյ Լյուբիմովի ծննդյան 70-ամյակին նվիրված երեկոյին, որ կայացավ 2014 թ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին մասնակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Շտեֆան Վիլիխ): Ի շարս այլ գործերի՝ երեկոյին հնչեց նաև Մոցարտի 27-րդ կոնցերտը: Դա կոմպոզիտորի վերջին կոնցերտն էր: Այն նրա կատարմամբ հնչել էր Վիեննայում՝ 1791 թ. գարնանը՝ Մոցարտի վերջին գարնանը, որի վերապրումը նա կրկին արտահայտեց կոնցերտի ֆինալի թեմայով գրված «Գարնան կարոտ» երգով: Լյուբիմովը մեծ ներշնչանքով նվագեց կոնցերտը՝ փոխանցելով Մոցարտի կյանքի կարոտը և ասես վերադարձնելով նրա «կորսված դրախտը»:



Հաղորդումը լուսաբանում է դաշնակահարի` 2013 թ․ Երևանի «Գաֆեսճյան» թանգարանում տեղի ունեցած մենահամերգի 2-րդ բաժինը: Հնչեցին Դեբյուսիի պրելյուդները 2-րդ տետրից: Եթե 1-ին բաժնում դաշնակահարը նմանվեց քանդակագործի, ապա 2-րդում նա նման էր իմպրեսիոնիստ-գեղանկարչի՝ ճոխ ակվարելային ներկապնակով: Ստեղնաշարին դիպչելով մեղմ և հզոր մատներով՝ նա «քաղում» էր և ունկնդիրներին նվիրում «Սպահանի վարդերը» (Մ. Լոնգ):



Հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովի՝ 2013 թ․ Երևանի «Գաֆեսճյան» թանգարանում տեղի ունեցած մենահամերգի 1-ին բաժինը: Հաղորդմանը մեկնաբանվում և հնչում են Գալինա Ուստվոլսկայայի և Արվո Պյարտի ստեղծագործությունները:



Հաղորդումը ներկայացնում է միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսեյ Լյուբիմովին որպես Հայաստանի մեծ բարեկամ, որը մոտ կես դար ստեղծագործական կապեր ունի մեր արվեստասերների հետ: Այդ են վկայում նրա անմոռանալի համերգները, դասախոսությունները, հանդիպումները: Հաղորդման ընթացքում հնչում են Լյուբիմովին նվիրված՝ Տ. Մանսուրյանի «Երեք պիես» շարքը՝ հենց դաշնակահարի կատարմամբ, և նրան նվիրված մեկ այլ գործ՝ Վալենտին Սիլվեստրովի 2-րդ սոնատը, որը մանրամասն վերլուծվում է։



Հաղորդման երկրորդ մասում լուսաբանվում է Էյնշտեյնի վերաբերմունքը կոմպոզիտորների հանդեպ, որոնց նա բաժանում է երկու խմբի՝ սուբյեկտիվ, եսակենտրոն և «ես»-ից ձերբազատված, օբյեկտիվ արվեստագետների, որոնցից ամենակատարյալը նա համարում է Մոցարտին: Նաև զուգահեռ է անցկացվում Մոցարտի և Էյնշտեյնի՝ կյանքի ու մահվան վերաբերյալ փիլիսոփայական մոտեցումների միջև:



Հաղորդման առաջին մասը ներկայացնում է Էյնշտեյնի խոհերը, գաղափարները տիեզերքի, աստղազարդ երկնքի և արվեստի ներդաշնակության վերաբերյալ և մեծ ֆիզիկոսի ակնկալիքն ու պահանջը, որ մարդիկ, հաղորդակցվելով այդ իդեալներին, դառնան կատարյալ, ինչպես «Երկնավոր Հայրն է կատարյալ»:



Հաղորդումը նվիրված է Բրամսի «Ճակատագրի երգը» կանտատին՝ գրված Հյոլդեռլինի խոսքերով։ Կանտատում հակադրվում են երկնաբնակների երանավետ, ազատ կյանքը և ճակատագրին ենթակա երկրաբնակների տառապալից գոյությունը այս «անհյուրընկալ» աշխարհում։



Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Կոմիտասի առաքելությանը, ով հայության գոյության բախտորոշ ժամանակաշրջանում իր կյանքի նպատակը դարձրեց հայ ժողովրդական երգի փրկությունը, բազմաձայնումը, այդ հիմքի վրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրումը:



«Հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է» (Կոստան Զարյան): Հաղորդումը լուսաբանում է երաժշտության ազդեցությունը մարդկային հոգու և հասարակության վրա: Ներկայացվում է Կոմիտասի գործունեությունը Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում, որտեղ նա գիտականորեն և գործնականորեն հաստատեց, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:



Հաղորդումը ներկայացնում է սիմֆոնիայի մեկնության տարբեր վարկածներ: Երաժիշտների նոտակալների մոմերի աստիճանական մարումը և նվագողների հերթով հեռանալը բեմից, երաժշտության հնչուժի նվազմանը զուգահեռ, խորհրդանշում են հրաժեշտի գաղափարը:



Հաղորդումը նվիրված է Կոմիտասի անվան ազգային քառյակի հոբելյանական համերգին, որը կազմակերպել էր Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը: Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ այդ համերգից, որտեղ մեծ ներշնչանքով կատարվեցին Հենդելի, Է. Միրզոյանի, Հայդնի և այլոց երկերը։ Լուսաբանվում է նաև պանծալի քառյակի անցած երկարատև ու փառահեղ ուղին։



Հաղորդման առանցքում Կոմիտասի «Գիշերերգն» է՝ Գյոթեի խոսքերով: Հաղորդման հեղինակը վերլուծում է երգը, ներկայացնում այն Կոմիտասի գործերի համատեքստում, զուգահեռներ անցկացնում Ֆերենց Լիստի ու Ֆրանց Շուբերտի համանուն երգերի հետ: Անդրադառնում է նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային ներդաշնակման և այլ խնդիրներին։



Հաղորդումն անդրադառնում է 20-րդ դարում բարոկ ժամանակաշրջանի երաժշտության ու թանգարանային, բնիկ նվագարանների գործածման, կատարողական ոճի, սկզբունքների «վերածննդին», «ավթենտիկ կատարողականության» ուսուցմանը և տարածմանը։



Հաղորդումը նվիրված է հոգևոր երգարվեստի հայտնի գիտակ և կատարող Խորեն Պալյանի հիշատակին: Հաղորդման հեղինակն անդրադառնում է անվանի երգչի առաքելությանը՝ հոգևոր, ինչպես նաև ազգային-հայրենասիրական երգի քարոզչությանը՝ սկսած անհավատության տարիներից մինչև նրա երկրային կյանքի ավարտը: Պալյանի համատեղ համերգները Լուսինե Զաքարյանի և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ մեծապես նպաստել են սերունդների քրիստոնեական դաստիարակությանը, մեծացրել Հայաստանի համբավը միջազգային ասպարեզում:



Հաղորդումը նվիրված է երաժշտության ուսուցման բնագավառում հայրեր-որդիներ փոխհարաբերություններին, մատաղ սերնդին երաժշտության «արքայություն» ուղղորդելու արվեստին։ Անդրադարձ է կատարվում տարբեր ժամանակների մեծ մանկավարժներին և նրանց սաներին՝ սկսած Բախից և նրա զավակներից, մինչև Լ․ Աուեր, Հ. Նալբանդյան, Ն. Զվերև, Ի. Գալամյան, Պ. Ստոլյարսկի և այլք։ Հիշատակվում են նաև Բախի, Մոցարտի, Շումանի, Բրամսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծած մանկական ստեղծագործությունները։

