Ուրբաթ - 09:30
Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Ապրիլի 16-ին` ժամը 19-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի համերգը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարի՝ Լուսինե Նազարյանի հետ անակնկալ հանդիպման զրույցը լսելուց հետո հաստատ բաց չեք թողնի համշենական երգ ու պարին նվիրված երեկոն:



Հայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլի 10-ի համերգին հնչելու են Յոզեֆ Հայդնի ռե մաժոր կոնցերտը թավջութակի և լարայինների համար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հինգերորդ կոնցերտը ջութակի համար և Անտոնիո Վիվալդիի կոնցերտը 2 թավջութակի համար: Երեկոյի մենակատարներն են ջութակահար Ֆելիքս Հարությունյանը, թավջութակահարներ Լևոն Առաքելյանը և Վահե Դանիելյանը: Մեր անակնկալ հյուրը ջութակահար Ֆելիքս Հարությունյանն է:



Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2018 թվականի արտասահմանյան ելույթների քարտեզը սկսեց Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում կայացած համերգով: Առջևում նոր հյուրախաղեր են: Մալթայի միջազգային փառատոնին մեկնելուց առաջ նվագախումբը հրավիրում է երևանյան հատուկ տոնական համերգին: Մեր անակնկալ հյուրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը:



Մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը հրավիրում է Դանիել Երաժշտի հեղինակային երեկոյին: Մասնակցում են մեներգչուհի Արմինե Խաչատրյանը և դաշնակահար Էլեն Կիրակոսյանը: Կհնչեն հոգևոր, ժողովրդական երգերի մշակումներ, հեղինակային երգեր: «Համերգի գաղափարաբանության հիմքում երկու կաթողիկոսների բանաստեղծությունների հիման վրա երգերն են»,- նշում է մեր հյուրը՝ Դանիել Երաժիշտը:



Մարտի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» երգչախմբի իգական «ԼԵ» կազմի մենահամերգն է: Հնչելու են խմբերգեր հայ և համաշխարհային գրականությունից: Համերգին սպասվող պրեմիերաներին է անդրադառնում մեր անակնկալ հյուրը՝ «ԼԵ»-ի խմբավար Նարինե Ոսկանյանը:



Մարտի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ է ունենալու «Ակունք» ավանդական երգի անսամբլը: Անակնկալ հանդիպման ընթացքում անդրադառնում ենք նաև անսամբլի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի կազմած նոր ծրագրին: Մեր հյուրն է ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական երաժշտության կենտրոնի կոլեկտիվների համակարգող, մենեջեր, կազմակերպիչ Սոնա Հակոբյանը:



«Գուրջիև» անսամբլը Երևանում վաղուց ելույթ չի ունեցել: Սպասված համերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում է: Մարտի 15-ին՝ ժամը 19-ին: «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական երեկոյին կհնչեն Կոմիտասի և Գեորգի Գուրջիևի գործերի փոխադրումները: Առաջին անգամ կներկայացվի Տիգրան Մանսուրյանի «Տուն արի» ստեղծագործությունը: Մեր հյուրն է անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը:



Մարտի 5-9-ը Հայաստանի պետական նվագախմբի ջանքերով մեկ շաբաթ հնչում են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդների ստեղծագործությունները: Մեր հյուրն է նվագախմբի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը: Վստահ եմ, եթե Հայաստանի երաժշտական արվեստի ու մշակույթի առանցքային ճյուղերը ներկայացնող կազմակերպություններն աշխատեն միասին, համակարգված, ապա ամեն մի փառատոնին հայ կոմպոզիտորական արվեստը հնարավոր կլինի ներկայացնել ամբողջությամբ:



Մարտի 9-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ երաժշտության երեկոյի: Համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: Անակնկալ հանդիպման հյուրը այդ երեկոյի մենակատար, երիտասարդ ջութակահար Սոֆյա Վարդանյանն է: Համերգին նա նվագելու է այն ստեղծագործությունը, որի առաջին կատարողը մոտ 60 տարի առաջ եղել է Սոֆիայի պապիկը՝ անվանի ջութակահար Հակոբ Վարդանյանը:



«Music of Armenia»-ն մարտի 8-ից ապրիլի 7-ը հայուհիներին երաժշտություն նվիրելու հինգ տարբեր ծրագիր է առաջարկում: Միամսյակի հերոսուհիներն են լինելու Արմինե Գրիգորյանը, դիջեյ Անաիսը, Անժելա Աթաբեկյանը, Լիլիթ Պիպոյանը և «Օտրի» տրիոն: «Music of Armenia» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Հասմիկ Մովսիսյանը անակնկալ հանդիպման ընթացքում պատմեց նաև փոքրիկ երաժիշտ հայուհիներին ուղղված կրթաթոշակի ու միամսյակի տարբերանշանի ստեղծման պատմության մասին:



Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է օպերային թատրոնի մեներգչուհի Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն: Այդ օրը մասնակցելու են նաև «Theater Krefeld und Mönchengladbach»-ի մեներգիչներ Սաթիկ Մկրտումյանը և Հայկ Դեինյանը: Մարինե Դեինյանը համերգային կատարմամբ կներկայանա Աիդայի, Տոսկայի, Նորմայի, Լեոնորայի, Մադալենայի դերերգերով: Հյուրերը խոստացել են հնչեցնել հատված Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայից: Անակնկալ հանդիպմանը հասցրինք խոսել հոբելյանական երեկոյի ու օպերային այս եռյակի ստեղծագործական կյանքի առանձին դրվագների մասին:



«Մարդը հենց նա է, ով օգտակար է իր ազգի համար, ով իր լավ ու գեղեցիկ աշխատանքով, հայրենասիրությամբ նվիրաբերում է իր կյանքը»: Դերենիկ Դեմիրճյանի այսպիսի խոսքերը գործ դարձրած են ծառայում ու ապրում մեծ գրողի տուն-թանգարանի աշխատակիցները: Վերանորոգումից հետո թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու մշակութային պարբերական ծրագրերով: Անակնկալ հյուրը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն է:



2018 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները սկսել են իրականացնել «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը: Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում մինչև փետրվարի 21-ը ներկայացված կլինեն նկարիչ Միքայել Հարությունյանի և քանդակագործ Սարգիս Բաբայանի աշխատանքները: «Քանդակը կարծես աղոթք լինի»,- խոստովանեց մեր անակնկալ հյուրը՝ երիտասարդ քանդակագործ, Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Սարգիս Բաբայանը:



«Առաջին օկտավայի սոլ երգո՞ւմ ես» հարցով սկսվեց ստեղծագործական մի միություն, որը դարձավ սիրո պատմության սկիզբ: Մեր անակնկալ հյուրերը՝ երիտասարդ երաժիշտներ Աննա Հայրապետյանը և Գոռ Սալնազարյանը, խոսեցին նաև իրենց մանկավարժական, ուսումնագիտական երիտասարդ կյանքի մի քանի թեմաների շուրջ:



Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Թանգարանի ցուցադրության և հանրահռչակման բաժնի ղեկավար Նանա Պետրոսյանի հետ անակնկալ հանդիպման ընթացքում անդրադառանում ենք սպասվող տոնական օրվա ու Սպենդիարյանի տան անցյալի ու ներկայի մի քանի դրվագներին:



Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի՝ նոյեմբերի 24-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն ներկայանալու է նոր ծրագրով ու հայաստանյան պրեմիերաներով: Համերգը տեղի կունենա Ազգային պատկերասրահում, որտեղ բացվել է «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ ծովանկարչի 200-ամյակին: Համերգի մուտքն ազատ է:



Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը 9 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում առաջին մենահամերգն է տալու: Նոյեմբերի 4-ի երեկոն առիթ դարձավ եթերային անակնկալ հանդիպման: Գյումրիում ծնված և ուսման առաջին շրջանն իր ծննդավայրում անցկացրած մեր հյուրի ուսուցիչը եղել է Կարինե Մկրտչյանը: Երևանյան կոնսերվատորիայում մեր հյուրն ավարտել է Ռեբեկա Օջախյանի դասարանը…



«Նա գիտի խորասուզվել այս գանձերի մեջ՝ ստեղծելով գեղեցիկ ձայներ». գերմանական «Klassik Akzent»-ն այսպես է արտահայտվել դաշնակահար Լուսինե Գրիգորյանի կատարմամբ «Յոթ երգ» ալբոմի թողարկման առիթով գրված հոդվածում: Անվրեպ արձագանքները շարունակվում են Հայաստան հասնել, և նրանց ձայնին կմիանա նաև մեր երաժիշտների խոսքը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք հայաստանյան շնորհանդես-համերգին:



Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դաշնամուրային մենահամերգով ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, միջազգային մրցույթների դափնեկիր Լաուրա Գալստյանը: Նրա կրթության կարևոր մասն անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի ղեկավարությամբ մասնագիտացումն է:



Սեպտեմբերի 26-ին` ժամը 19-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է գերմանական կամերային երաժշտության երեկոյի: Համերգին կհաջորդի շրջայց տուն-թանգարանով՝ Մարտիրոս Սարյանի թոռնուհի և գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի ուղեկցությամբ: Իսկ սեպտեմբերի 30-ին հանդիպում-համերգին կներկայանան պատանի կոմպոզիտորները: Թանգարանի պատվավոր հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը և Ռուբեն Ահարոնյանը:



Սեպտեմբերի 16-ին սկսվում է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Հանդիսավոր բացման համերգին ընդառաջ՝ մեր անակնկալ հյուրերը դարձան կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը և փառատոնի տեղեկատվական մասի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:



Լոնդոնյան այս ջազային տրիոն 2017-ին հաղթել է «Յամահայի», «Ջազ FM»-ի, Ռոնի Սքոթի ակումբի կազմակերպած և 5 շաբաթ ընթացող լրջագույն մրցույթում: Ժյուրիի անդամները բացատրել էին, որ նրանք թունելի մեջ մի լույս էին փնտրում: Լոնդոնից հետո առաջին արտերկրյա համերգը Երևանում էր: Մեր հյուրն է «Cygnus Flare»-ի դաշնակահար Արման Վարդանյանը:



Սեպտեմբերի 7-ից 10-ը Նկարիչների միությունում տեղի է ունենում նկարիչ, մոդելավորող, ոճաբան Շուշան Սարգսյանի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են գրաֆիկական գործեր, գունանկարներ, կերպարային քանդակներ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ:



Հոկտեմբերի 9-ին Երևանում պրեմիերա է: Ներկայացվելու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերա-օրատորիան: 1936 թվականին ստեղծված այս գործը հայ կոմպոզիտորական արվեստում առաջին փորձն էր երաժշտության մեջ բացահայտելու դյուցազնական հոյակապ վիպերգը: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի 120 և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակներին: Մեր հյուրն է նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը:

