Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հայկական լեռնաշխարհը եղել է սրբազան օրենքների երկիր, որի հողը ցայսօր խնամքով պահել-պահպանել է Հայոց անձնագիրը: Այդ անթեղված գանձը, իր տարբեր երեսակներով, մայր հողից կորզել հնարավոր եղավ միայն երկրի անկախության պայմաններում՝ կոտրելու համար գիտության մեջ արհեստականորեն ստեղծված մի շարք կարծրատիպեր: Մեր հայրենի հողն ինքնին պատմական հուշարձան է, որի յուրաքանչյուր միլիմետրի պահպանությունը բոլորիս պարտքն է: Բարձրյալին է միայն հայտնի, թե ինչե՛ր են անթեղված հայոց հայրենիքի բռնագրավված տարածքներում… Մեր մի բուռ հանրապետությունում և Արցախ աշխարհում վերջին տարիներին պեղվել են այնպիսի հնավայրեր, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի մի շարք գիտնականների, հատկապես՝ հնագետների ուշադրությունը:
- Հակոբ Սիմոնյան

