•   Հաղորդումների թողարկում
        Ուղիղ եթեր
      անգլ
      անգլ
       
      հայ
      հայ
       
      ռուս
      ռուս
       
      Մուտք
      Գրանցուել
      x

      Էլ.փոստ
      Password


      Մոռացե՞լ էք գաղտնաբառը
      Զամբիւղում կայ` 0 ապրանք
  • Մայիս 21, 2012
    • Գլխաւոր |
    • Ծրագրեր |
      • Ակունք
      • Աշխարհայեացք
      • Մտորումներ
      • Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      • Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      • Հոգեւոր զրոյցներ
      • Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      • Համաշխարհային դասական երաժշտութիւն
      • Երաժշտական կամուրջ
      • Հայելի
      • Ծնողական ժողով
      • Հեքիաթի ժամ
      • Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      • Հայկական հեռանկարներ
      • Հայոց պատմութեան էջեր
      • Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
      • Բոլոր Ծրագրերը
    • Արխիւ |
    • Ֆիլմեր |
    • Վէմ խանութ |
    • Վէմի մասին |
    • Կապ |
    • Հովանաւորել Վէմին
    • Բաժիններ
    • Նորութիւններ
    • Գրքեր
    • Երաժշտութիւն
    • Կարծիք
    • Բլոգներ
    • Վէմ ակումբ
    • Ծառայութիւններ
    • Համայնք
    • POD հաղորդում
    • RSS
    • Տեղեկագիր
    • Վէմ Mobile
    • Ընկերներ
    • Ծրագրեր
    • Ակունք
      Աշխարհայեացք
      Մտորումներ
      Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      Հոգեւոր զրոյցներ
      Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      Համաշխարհային դասական երաժշտութիւն
      Երաժշտական կամուրջ
      Հայելի
      Ծնողական ժողով
      Հեքիաթի ժամ
      Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      Հայկական հեռանկարներ
      Հայոց պատմութեան էջեր
      Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
    • Բոլոր Ծրագրերը
    Կարծիք
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ «Այբ» աւագ դպրոցի կրթական ծրագրի հեղինակ արժանապատիւ տ. Մեսրոպ քհն. Արամեանի բացման խօսքը

    08-ը հոկտեմբերի, 2011թ., Երեւան, «Այբ» աւագ դպրոց

    Մեծարգոյ պրն նախագահ Հայաստանի Հանրապետութեան, գերաշնորհ սրբազան հայրեր, արժանապատիւ հայրեր, «Այբ» ակումբի յարգարժան անդամներ, յարգելի հիւրեր եւ ներկաներ,

    Այսօր` հոկտեմբերի 8-ին, սրբոց Թարգմանչաց` սբ Մեսրոպի, սբ Սահակի եւ նրանց աշակերտների լուսաւոր տօնի առիթով  եւ նրանց մեծ բարեխօսութեան եւ օրհնութեան ներքոյ մենք հաւաքուել ենք` կատարելու «Այբ» կրթական հանգոյց ծրագրի առաջին բաղադրիչի` «Այբ» աւագ դպրոցի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ծրագիրը շատ յաւակնոտ է. մեր նպատակն է մէկ գաղափարական միջավայրում համախմբել հասարակական կեանքի կարեւորագոյն մշակութաստեղծ հաստատութիւնները եւ ցոյց տալ, թէ ինչպէս եւ ինչ արժէքների շուրջ պէտք է ապրեն հայերը 21-րդ դարում: Կը գայ մի ժամանակ, երբ դուք այստեղ կը տեսնէք նաեւ եկեղեցի, միջին դպրոց, կրտսեր դպրոց, մեդիա արուեստների կենտրոն, բացօթեայ թանգարան-այգիներ մօտ 7 հա տարածքի վրայ: Մինչեւ այս տարուայ վերջ Հարվարդի համալսարանի կողմից կ՚ամբողջանայ այս ծրագրի գլխաւոր պլանը, եւ մենք անմիջապէս ձեռնամուխ կը լինենք առանձին բաղադրիչների ճարտարապետական մրցոյթների յայտարարմանը, հաստատմանը եւ շինարարութեանը:

    Երբ 2006 թ. Մոսկվայում Եան Դաւիթի տանը հաւաքուեցինք այս ծրագրի 8 հիմնադիրներս, մենք թերեւս ամբողջապէս չէինք պատկերացնում այս ծրագրի մասշտաբը: Մեր տեսլականն է եղել ստեղծել հայ ժողովրդի տաղանդին եւ ներուժին արժանի եւ այս դարաշրջանին համահունչ դպրութեան կենտրոն: Եւ ահա անցել է աւելի քան վեց տարի, եւ այսօր՝

    ա) Մեր կողմից հիմնադրուած «Այբ» կրթական ակումբը աշխարհով մէկ տարածուած գաղափարակիրների մի հզօր շարժում է, որը համախմբում է կրթութեան արժէքը գիտակցող, կրթութեամբ իրագործուած եւ կրթութեան մէջ ներդրում կատարելու ցանկութիւն ունեցող մարդկանց.

    բ) Մեր կողմից հիմնադրուած «Այբ» կրթական հիմնադրամը այս տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիւ կարեւոր ծրագրեր` դառնալով Հայաստանի կրթութեան առաջատար հաստատութիւններից մէկը: Համագործակցելով աշխարհի առաջատար կրթական հաստատութիւնների եւ մեծանուն գիտնականների հետ` մենք ստեղծել ենք ժամանակակից կրթական միջավայրեր Հայաստանի տարբեր դպրոցներում, մշակել ենք այս դարաշրջանին համահունչ կրթական բովանդակութիւն, կազմակերպել ենք օրինակելի մրցոյթներ, Հայաստան բերել նորագոյն կրթական տեխնոլոգիաներ եւն: Մենք մեր դպրոցականների սրտում վառել ենք կրթութեան նկատմամբ սէրը, մեր ծրագրերով անցած աշակերտներն այսօր սովորում են աշխարհի առաջատար բուհերում, մենք վերականգնել ենք առաջատար գիտութեան, արուեստի, մշակոյթի գոյաբանական կապը դպրոցի հետ, վերականգնել հասարակութեան մասնակցութիւնը եւ վստահութիւնը կրթութեան նկատմամբ:

    Այսօր մենք բացում ենք մի դպրոց, ուր ամէն ինչ նոր է: «Այբ» դպրոցում դասաւանդւում է աւելի քան 50 առարկայ, եւ այս ամէնը՝ աշխարհի լաւագոյն դասագրքերով, նորագոյն մշակումներով եւ տեխնոլոգիաներով: Մեր դպրոցում սովորում են բաւականին ծանր քննութիւններով անցած պայծառ եւ սովորելու մեծ փափագ ունեցող աշակերտներ: Մենք դպրոց ենք բերել տաղանդաշատ, փայլ ունեցող, փորձառու մասնագէտներ ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: Դարերով հայկական կրթութեան որակը եղել է շատ բարձր, եւ մենք կրթութեամբ եւ մեր արժէքներով գոյատեւած ժողովուրդ ենք: Դրա պատճառը եղել է այն, որ հայ ժողովուրդը իր ամենատաղանդաւոր մարդկանց բերել է դպրոց: Մեր դպրոցում դասաւանդող 45 ուսուցիչներից 20-ը ունեն գիտութեան դոկտորի եւ թեկնածուի աստիճան, 2-ը արուեստի վաստակաւոր գործիչ են, 7-ը պատրաստւում է թեկնածուական թեզի պաշտպանութեանը: Մեր մասնագէտները հեղինակ են աւելի քան 500 գրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների եւ գիտական յօդուածների: «Այբ»-ով ստեղծուած այս նախադէպը պէտք է դառնայ համազգային ծրագիր: Մենք ամէն գնով դպրոց պէտք է բերենք տաղանդաւոր մարդկանց, եւ նրանք իրենց տաղանդից մաս եւ բաժին պէտք է հանեն մեր երեխաների համար: Միայն այս ճանապարհով է, որ մենք կարող ենք ապահովել մեր կրթութեան մրցունակութիւնը աշխարհում եւ ապահովել մեր ժողովրդի առաջընթացը դէպի գալիք հազարամեակներ:

    «Այբ»-ը պարզապէս մէկ բացառիկ դպրոց չէ, այլ արդի կրթական տեխնոլոգիաների մի նորարարական լաբորատորիա` յանուն մեր երկրի կրթութեան մրցունակութեան բարձրացման: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ մեր պտղաբեր համագործակցութիւնը մեզ լիայոյս է դարձնում, որ մեր կատարուած մշակումները շուտով կը դառնան մեր դպրոցական համակարգի սեփականութիւնը եւ մենք կ՚ունենանք որակապէս նոր կրթական համակարգ: Բացի դրանից, «Այբ» կրթական մոդելն անհրաժեշտ է հայկական սփիւռքի համար, որը կարիք ունի վերանայելու իր կրթական հաստատութիւնների որակը` ապահովելով հայ երիտասարդների կապը հայ արժէքների հետ եւ հնարաւորութիւն ընձեռելով օտարներին ծանօթանալու հայ մշակոյթին եւ դառնալու մեր ժողովրդի բարեկամներն ու դեսպանները աշխարհով մէկ: Մենք արդէն ունենք առաջարկներ աշխարհի տարբեր երկրներից, եւ հեռու չէ այն օրը, երբ մեր աշխարհագրութիւնը կը տարածուի աշխարհով մէկ:

    «Այբ» դպրոցը ծնունդ է մարդկային պտղաբեր համագործակցութեան: Այս դպրոցը կառուցուել է 45 անհատների եւ կազմակերպութիւնների համատեղ ջանքերով: Եւ այս դպրոցի յետեւում կանգնած այս համայնքը մեծագոյն հարստութիւն է մեզ համար եւ մեր գործի շարունակականութեան հիմքը: Այն գալիս է ապացուցելու, որ մենք կարող ենք համախմբել մեր ուժերը յանուն մեր երեխաների ապագայի: Այս դպրոցը սկսել է կառուցուել 10 ամիս առաջ, երբ մեզ յանձնուեցին անհրաժեշտ փաստաթղթերը եւ թոյլտւութիւնները` երկրի բարձրագոյն ղեկավարի ազդու յանձնարարականից յետոյ: Եւ ահա դուք ականատես էք այս հրաշալի միջավայրի բացմանը:

    Փառք մեր նախնիներին, որ մեզ փոխանցեցին գիր եւ գրականութիւն` կրթութիւնը դարձնելով ազգային ինքնագիտակցութեան հիմք: Փառք նաեւ այն մարդկանց, ովքեր այսօր հասկանում են կրթութեան արժէքը, հաւատում են մարդկային կեանքը կրթութեամբ վերափոխելու գաղափարին եւ նուիրուել են որակեալ կրթական միջավայրեր կերտելու նուիրական գործին: Այստեղ ուզում եմ մեր խորին երախտագիտութիւնը յայտնել ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսեանին, ով հաւատաց եւ ամէն ինչով սատարեց այս ծրագրին: Մեծագոյն շնորհակալութիւն ծրագրի բարերարներին, ճարտարապետներին, շինարարներին, ուսուցիչներին, աշակերտներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց գործով եւ մարդկային ջերմութեամբ իրականութիւն դարձրին այս երազը: Եւ վերջապէս մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդին` իր անցած ճանապարհի, մեզ աւանդուած հոգեղէն գանձերի եւ այս կարեւոր առաքելութիւնը իրականացնելու բացառիկ վստահութեան համար:

    Մեկնաբանութիւններ

    Խորէն Քէշիշեան
    kesisyan@neuf.fr
    Այսպիսի լուրերը սպեղանի են հայ հոգիի համար : Ասոնցմով Աստուած ցոյց կու տայ որ մեր ժողովուրդը իր սիրոյ մէջ կը պահէ : Թող ան օրհնէ Տէր Մեսրոպն ու իր բոլոր ընկերները, բոլոր մաշտոցակերպ ուսուցիչներն ու աշակերտները : Մխիթարութիւն է նաեւ Հայաստանի իշխանութիւններու օժանդակութիւնը : Թող այս դպրոցը դառնայ սկզբը նոր ոսկէ դարաշրջանի մը :
     
    Մուտք գործէք մեկնաբանութիւն թողնելու համար

    Էլ.փոստ
    Գաղտնաբառ
    Մոռացե՞լ էք գաղտնաբառը
    Դեռ անդամ չէ՞ք:  Գրանցուէք հիմա:
     

  • Հովանաւորել Վէմին  |  Ուղարկել մտքեր  |  Դիտողութիւններ  |  Կայքի քարտէզ  |  Կապ
    © 2012 Vem Radio. Developed by Smart Systems LLC
  •