«Արարատից Սիոն». ֆիլմ, որը պէտք է դիտի իւրաքանչիւր հայ
Մայիս 7, 2010
Մայիսի 5-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսուել է «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը: Այն ցուցադրուելու է 1 շաբաթ, ժամը 17:00-ին, 19:00-ին եւ 21:00-ին, կինոթատրոնի Կարմիր դահլիճում: «Արարատից Սիոն» ֆիլմը մարդկութեան պատմութեան մէջ փոքր ազգերի դերի եւ ճակատագրի մասին է: Վաւերագրական այս ֆիլմն արժանի տուրք է այն միլիոնաւոր հայ ուխտաւորներին, ովքեր մեծ նուիրմամբ ու զոհաբերութեան յօժարութեամբ, նշանակալիօրէն նպաստել են Սուրբ Երկրի հոգեւոր աւանդոյթների ու ժառանգութեան պահպանմանը:
Կինոնկարում գործածուած պատմական տուեալների զգալի մասը պահպանուած չէ հայ պատմագրութեան մէջ, եւ մեր ինքնութեան կարեւորագոյն վկայութիւններ ու նշխարներ ցուցադրւում են առաջին անգամ:
Ֆիլմի ռեժիսորը Էդգար Բաղդասարեանն է, սցենարի հեղինակն ու պրոդիւսերը՝ Տ. Մեսրոպ քհն. Արամեանը: Ֆիլմի բնօրինակ անգլերէն տեքստը կարդում է մեծանուն հոլիվուդեան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է այսօր համաշխարհային կինոյի ամենայայտնի երաժշտական դէմքերից Լիզա Ջերարդի ձայնը: