«Մեր Շուշին» արձանագրել է մոտ 16 մլն դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ
Նոյեմբեր 27, 2009
Այսօր, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները` Հիմնադրամը հայտարարել է 15 միլիոն 875 հազղար 43 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:
Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից Լոս Անջելես էին մեկնել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մասնակցում էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Սվետիսյանը և այլ պատվավոր հյուրեր ու բարերարներ:
Համայն հայությանն ուղղված իր խոսքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է. «Այս հեռուստամարաթոնը նախորդների պես խորհրդանշում է հայության համախմբումն ու միասնական կամքի դրսեւորումը: Այս օրը, որպես կանոն, ի մի են բերվում եւ հայտարարվում այն գումարները, որոնք նվիրաբերվել են Հիմնադրամի տեղական մարմինների իրականացրած տարբեր դրամահավաք միջոցառումների արդյունքում, եւ որոնք այնուհետ ուղղվում են ազգային կարեւորության խնդիրների լուծմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հիմնադրամի բոլոր բարերարներին ու նվիրատուներին, առանց ում անսահման նվիրումի պարզապես անհնար կլիներ Հիմնադրամի գործունեությունը, բոլոր նրանց, ովքեր աջակից են Հիմնադրամի աշխատանքներին:
Շնորհակալ եմ այն հավատի ու վստահության համար, որով մենք առաջ ենք շարժվում, եւ քարը քարին դնելով` վերակառուցում մեր հայրենիքը, կերտում մեր երեխաների ապագան»:
Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաեւ Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուստաստանաբնակ գործարար հայերի տրված 5 մլն 290 հազար խոստումները ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:
Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները եւս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեվորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12 400 ընտանիք:
Մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքներն տարի տպավորիչ են նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն: 2009 թ. նորամուծություններից էր նաեւ SMS հաղորդագրություններով նվիրատվությունները, որի շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հազարավոր բաժանորդներ հանգանակություններ են կատարել:
Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, հովանավորներն էին` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ամերիա» բանկը, «Արդշինինվեստբանկը» եւ «Հայփոստը»:
Հայաստանում եւ Արցախում դրամահավաք միջոցառումները դեռեւս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն եւ կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները եւ փաստացի նվիրաբերված գումարները: Առաջիկայում կհրապարակվեն նաեւ արդեն իսկ նվիրատվության խոստումներն իրագործած բարերարների անունները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
www.hetq.am
|
Նորութիւնների արխիւ
|