Ձայնագրման իր ստուդիայում «Վէմը» նաեւ ձայնագրում է հայ հոգեւոր երաժշտութիւն (շարականներ)` լաւագոյն երգչախմբերի ու մեներգիչների կատարմամբ: 2005 թ. «Վէմ ռիքորդինգզ»-ը թողարկեց իր առաջին` “The Way” («Ճանապարհ») լազերային ձայնասկաւառակը` «Հովեր» կամերային երգչախմբի, ինչպէս նաեւ De Profundis («Ի խորոց») ալբոմը` «Հովեր» երգչախմբի եւ մեներգիչներ Անահիտ Պապայեանի ու Լուսինէ Ղազարեանի կատարմամբ: 2007-ին «Վէմը» թողարկեց «Կոմիտաս քառեակ» (Komitas Quartet) ձայնասկաւառակը, որտեղ զետեղուած են հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի անուան հանրաճանաչ պետական լարային քառեակի կատարմամբ:
«Վէմը» կատարել է հայկական շարականների բարձրորակ ձայնագրութիւն` «Հիլիարդ» անսամբլի կատարմամբ, պատմական Սաղմոսավանքում (12-րդ դար): «Վէմը» որոշիչ դերակատարում է ունեցել բրիտանական աշխարհահռչակ այս անսամբլին 2003 թ. Հայաստան հիւրախաղերի հրաւիրելու հարցում: Ունկնդրէ'ք ձայնագրութիւնները կամ ձե'ռք բերէք դրանք ուղղակիօրէն կայքից:
Խաչատրեան տրիո
Առնո Բաբաջանեան եւ Դմիտրի Շոստակովիչ, Արշիլ Գորկի եւ Մարկ Շագալ, Գրիգոր Նարեկացի եւ Նիկոլայ Գումիլեով… մեր առջեւ բացւում է արուեստների տպաւորիչ խաչմերուկ, որտեղ երաժշտութիւնն է նախքան ամէնից (ձայներիզի գեղարուեստական ձեւաւորող Ալեքսանդր Դաւիդեան):
Արամ Խաչատրեանի անուան Դաշնամուրային տրիոն հայ ժամանակակից երաժշտական իրականութեան հնչեղ անուններից է: Արմինէ Գրիգորեան (դաշնամուր), Կարէն Շահգալդեան (ջութակ), Կարէն Քոչարեան (թաւջութակ)` երաժիշտներ, որոնց աշխատանքը բարձր արուեստի գովերգումն է: Ձայներիզն այս անսամբլի տասնամեայ գործունէութեան ինքնատիպ հաշուետւութիւնն է: Ա. Բաբաջանանի fis-moll եւ Դ. Շոստակովիչի No 2, e-moll տրիոները ձայնագրուել են 2009 թուականին, Արամ Խաչատրեանի տուն-թանգարանի համերգասրահում (հնչիւնային ռեժիսոր` Մադաթ Աւանեսով):
Ձայներիզին կից անգլալեզու գրքոյկում երաժշտագէտ, արուեստագիտութեան դոկտոր Սվետլանա Սարգսեանը ներկայացրել է կատարողների ու կոմպոզիտորների գործունէութիւնը եւ երկու տրիոների վերլուծական ակնարկ: Գեղարուեստական լուսանկարների հեղինակն է Վիգէն Մնոյեանը: Այս նախագծի գլխաւոր աջակիցն է Ասատուր Գուզելեանը: