«Վէմ» ակումբը հիմնադրուել է 2010թ.-ին: Ակումբի անդրանիկ հաւաքը տեղի է ունեցել նոյն թուականի դեկտեմբերի 4-ին: «Վէմ» ակումբը միաւորում է մարդկանց, ովքեր կիսում են «Վէմ» ռադիոկայեանի տեսլականը եւ պատրաստ են իրենց նիւթական եւ գաղափարական օժանդակութեամբ նպաստել «Վէմ» ռադիոկայեանի գործունէութեանը:
Իւրաքանչիւր գործի շարունակականութեան հիմքը մարդկանց միասնութիւնն է այդ գործի շուրջ, եւ այս միասնութեան շնորհիւ պէտք է շարունակուի եւ որակական նոր աստիճանի բարձրացուի Հայաստանի կարեւոր ձայներից մէկի` «Վէմ» ռադիոկայեանի հայրենանուէր գործունէութիւնը:

«ՎԷՄ» ԱԿՈՒՄԲԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2012թ. յունուարի 26-ին Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի իններորդ հաւաքը: Հանդիպումը սկսուեց շրջայցով:
Խաչատրեանական երաժշտութեան ներքոյ հիւրերը ծանօթացան հայ մեծագոյն դասականի կեանքի ու գործունէութեան հարուստ էջերին: Աշխատանքային քննարկումը տեղի ունեցաւ տուն-թանգարանի Ձայնադարանի սրահում: Ռադիոյի տնօրինութիւնը հաղորդեց «ՎԷՄ» ռադիոկայեանի եթերում իրականացրած ստեղծագործական եւ տեխնիկական աշխատանքների մասին: Ներկայացրեց նոր կրթական հաղորդման աշխատանքային տարբերակը: Քննարկուեցին ռադիոյի 101.6 յաճախականութիւնը փոխելու հարցը եւ ռադիոհաղորդիչի հնարաւորութիւնների լրացուցիչ կիրառման տարբերակը: Տ. Մեսրոպն առաջարկեց «ՎԷՄ» ռադիոյի 10-ամեակը նշել համերգային տօնական երեկոյի ձեւով, որը եւ կը դառնայ յաջորդ հաւաքի օրը:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 26.01.2012 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. հոկտեմբերի 27-ին Գաֆեսճեան թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի ութերորդ հաւաքը: Հանդիպման առաջին մասում կազմակերպուած շրջայցով հիւրերին ներկայացուեցին աշխարհի առաջնակարգ արվեստի կենտրոններից մէկի` Գաֆեսճեան թանգարանի ցուցանմուշները, որոնք հիմնականում կազմում են Ջերարդ Լ. Գաֆեսճեանի անձնական հաւաքածուն: Շրջայցից յետոյ «Յատուկ միջոցառումների սրահում» յաջորդեցին աշխատանքային քննարկումները:Ռադիոյի տնօրինութիւնը ներկայացրեց եթերով հնչող երաժշտութեան առաջիկայ կազմակերպման ձեւաչափը: Հաղորդեց նաեւ համերգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան արդիւնքները: Քննարկուեց ակումբի հաւաքների կազմակերպման նոր յաճախականութեան հարցը: Մասնակիցները քննարկեցին յաջորդ հանդիպման օրուայ եւ վայրի տարբերակները:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 27.10.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. օգոստոսի 26-ին «Վէմ» ռադիոկայեանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի եօթերորդ հաւաքը:
Ակումբի անդամները եւ ռադիոկայեանի տնօրինութիւնը հանդիպման ժամանակ
քննարկեցին «Վէմ» ռադիոյի գործունէութեանն առնչուող մի շարք հարցեր:
Ակումբի անդամները ռադիոյի տնօրինութեանը ներկայացրեցին առաջարկներ, որից
յետոյ սկսուեց կարծիքների փոխանակութիւն:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 26.08.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. յունիսի 30-ին Երեւանի «Արուասար» ռեստորանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի վեցերորդ հաւաքը:
Ներկաները հանդիպման ժամանակ քննարկեցին «Վէմ» ռադիոյի գործունէութեանն առնչուող մի շարք կարեւոր հարցեր:
Ռադիոյի տնօրինութիւնը ակումբի անդամներին ներկայացրեց նոր առաջարկներ, որոնց շուրջ ակումբի անդամները յայտնեցին իրենց կարծիքները, արեցին առաջարկներ:
Որոշուեց ակումբի հաջորդ հաւաքն անցկացնել օգոստոսի վերջին:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 30.06.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. մայիսի 27-29-ին, յարժեվորումն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման եւ Սարդարապատի հերոսամարտում տարած յաղթանակի, ինչպէս նաեւ յառիթ Տէր Մեսրոպ քահանայ Արամեանի ձեռնադրութեան 20-ամեակի` «Վէմ» ակումբի մի քանի անդամներ ընտանեօք հանդերձ մասնակցեցին ուխտագնացութեան դէպի Գանձասարի վանք, ապա՝ Տաթեւի վանական համալիր:
Ծանօթացէք 27-29.04.2011 թ. ուխտագնացութեան լուսանկարներին:
2011թ. ապրիլի 30-ին Երուանդ Քոչարի թանգարանում (Երեւան) տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի հինգերորդ հաւաքը:
Մինչեւ հաւաքը սկսելը թանգարանի տնօրէն տկն. Լալա Քոչարը հիւրերին ծանօթացրեց մեծանուն արուեստագէտի ստեղծագործութեանը, ցուցանմուշներին, որից հետո բոլոր ներկաները թանգարանի կենտրոնական ցուցասրահում քննարկեցին «Վէմ» ռադիոյին առնչուող հարցեր:
Ռադիոյի տնօրինութիւնը ակումբի անդամներին ներկայացրեց նոր մշակուած հաղորդաշարերի արդէն պատրաստի ձայնագրութիւնները: Ակումբի անդամներ յայտնեցին իրենց կարծիքները, արեցին առաջարկներ:
Քննարկուեց «Վէմ» ակումբի տարեկան հաւաքի անցկացման վայրը եւ ժամանակը: Որոշուեց այն կազմակերպել մայիսի 28-ին, Գանձասարի վանքում:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 30.04.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. փետրուարի 25-27-ին Տաւուշի մարզի Ենոքաւան գիւղում տեղի ունեցավ «Վէմ» ակումբի չորրորդ հաւաքը:
Հաւաքը մեկնարկեց Ենոքաւանի գիւղապետարանի շէնքի դահլիճում գիւղի բնակչութեան համար «Արարատից Սիոն» ֆիլմի ցուցադրութեամբ, ապա գիւղացիների հետ մտքերի փոխանակութեամբ:
Նոյն օրը երեկոյեան կայացաւ ակումբի ժողովը, որի ժամանակ Մեսրոպ քհն. Արամեանը ներկաներին տեղեկացրեց «Խօսենք հայերէն» քարոզարշաւի մասին, ապա ներկայացրեց ռադիոյի լրատուական հաղորդաշարին առնչուող խնդիրները: Ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու նոր հաղորդաշարերի պատրաստման ուղղութեամբ կատարուած աշխատանքին:
Հանդիպմանը խօսուեց «Վէմ» ակումբի տարեկան հաւաքի կազմակերպման անհրաժեշտութեան մասին եւ առաջարկուեց այն անցկացնել Գանձասար վանքում, մայիսի 28-ին:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 25-27.02.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2011թ. յունուարի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գիւղում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի անդամների երրորդ հաւաքը:
Հանդիպումը սկսուեց Ծաղկունք գիւղի Սբ Սարգիս եկեղեցի այցելութեամբ: Ապա մասնակիցները հիւրընկալուեցին «Վէմ» ակումբի անդամ Աղաջանեան եղբայրների տանը, որտեղ դիտեցին ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռած մարդը» գեղարուեստական ֆիլմը, որից յետոյ հիւրասիրութեան սեղանի շուրջ քննարկեցին մի շարք կարեւոր հարցեր:
Հանդիպման ժամանակ Տ. Մեսրոպ քհն. Արամեանը ակումբի անդամներին ներկայացրեց «Վէմ» ռադիոկայեանի 2009թ. նոյեմբեր-2010թ. դեկտեմբեր ամիսների ֆինանսական հաշուետւութիւնը, ինչպէս նաեւ «Վէմ» ռադիոկայեանի www.vem.am կայքը, մասնաւորապէս՝ «Վէմ» ակումբի էջը:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 29.01.2011 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2010թ. դեկտեմբերի 26-ին կայացաւ «Վէմ» ակումբի անդամների երկրորդ հաւաքը: Հանդիպումը սկսուեց Մուղնիի Սբ Գեւորգ վանքում` սրբազան Պատարագի արարողութեամբ: Պատարագը մատուցեց Տ. Մեսրոպ քհն. Արամեանը:
Հանդիպման ժամանակ Տ. Մեսրոպ քհն. Արամեանը տեղեկացրեց, որ «Վէմ» ռադիոկայեանն արդէն տեղադրել է «Հարիս» մակնիշի բարձրակարգ թուային ռադիոսարքաւորումը, եւ այժմ FM 101.6 յաճախականութեամբ ռադիոկայեանի ազդանշանը սփռւում է բարձրագոյն որակով: Ապա ներկայացուեց նոր ենթակայեանների տեղադրման հնարաւորութիւնը Շուշիում եւ Ենոքաւանում:
Տ. Մեսրոպը ներկայացրեց նոր հաղորդաշարերի, յատկապէս լրատուական ծառայութեան հետ կապուած աշխատանքների ընթացքը, ապա հանդիպման մասնակիցների ուշադրութեանը ներկայացուեցին DK մանկական գրքերի առաջին ազդօրինակները: Հաւաքի մասնակիցները տեղեկացան, որ «Այբ» աւագ դպրոցի շինարարութիւնն արդէն սկսուել է եւ ընթանում է ըստ ժամանակացոյցի: Երկու շէնքերը կանգուն կը լինեն արդէն 2011 թուականի վերջին:
Ամփոփելով հաւաքը` մասնակիցները քննարկեցին յաջորդ հանդիպման օրուայ եւ վայրի տարբերակները:
Ծանօթացէք «Վէմ» ակումբի 26.12.2010 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:
2010թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի անդրանիկ հաւաքը, որը ողջոյնի խօսքով բացեց Տ. Մեսրոպ քահանայ Արամեանը: Հանդիպման ժամանակ ներկաներն ունկնդրեցին դասական երաժշտութեան համերգ` «Կեմ» կամերային անսամբլի կատարմամբ: Ապա Տէր Մեսրոպը համառօտ ներկայացրեց «Վէմ» ռադիոյի ստեղծման պատմութիւնն ու անցած ճանապարհը` «Գանձասար» աստուածաբանական կենտրոնից մինչեւ ռադիո, ապա հեռուստատեսութիւն եւ ֆիլմարտադրութիւն, բնապահպանական վաւերագրական ֆիլմերից մինչեւ միջազգային ասպարէզում լուրջ յաղթանակներ արձանագրած «Արարատից Սիոն» ֆիլմը:
Հանդիպմանը քննարկուեցին եւ յստակեցուեցին նաեւ որոշ կանոնակարգային խնդիրներ, որոնք միտուած են առաւել արդիւնաւէտ դարձնել ակումբի յետագայ գործունէութիւնը:
Ծանօթացէք Վէմ» ակումբի՝ 04.12.2010 թ. կայացած ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին: