|
Ֆիլմեր
«Վէմ մեդիա արուեստները» բարձրակարգ պրոֆեսիոնալ տեսանիւթեր արտադրող ստուդիա է, որն ունի տեսաձայնային արտադրութեան ամենատարբեր հնարաւորութիւններ` հեռուստաշոուների, տեսահոլովակների, հեռուստագովազդի եւ այլ տեսանիւթերի պատրաստումից մինչեւ մուլտիմեդիա ներկայացումների, վաւերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում: «Վէմ մեդիա արուեստների» մեկնարկը կայացաւ 2004 թ. յունիսի 24-ին, Նիւ Եորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկէք սերունդը» ամենամեայ առաջին փառատօնում ստուդիայի նկարահանած «Մրցակցութիւն» կարճամետրաժ ֆիլմն արժանացաւ մրցանակի: «Վէմ մեդիա արուեստները» նկարահանել է բնապահպանութեան թեմայով վաւերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելութեան է արժանացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: «Վէմ մեդիա արուեստների» նկարահանած բոլոր 11 ֆիլմերը (սցենարի հեղինակ` Ինգա Զարաֆեան, ռեժիսոր` Հայկ Կբէեան. «Շիկահող» ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Դաւթեանն է) ֆինանսաւորել են «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Վայրի բնութեան պահպանութեան» համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճիւղը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանի «Շրջակայ միջավայրի պահպանման եւ հետազօտման կենտրոնը» («Անապատացող քաղաք»), «Կանաչների միութիւնը» («Թունաւորում շահի դիմաց») եւ «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցութեան հիմնադրամը» («Անիծեալ քառեակ»): «Հոսող հարստութիւն» (Ջրային պաշարներ)
Ֆիլմի 20 րոպէների ընթացքում խօսւում է Հայաստանի թանկարժէք հարստութեան` ջրային ռեսուրսների տագնապ յարուցող իրավիճակի մասին: Անթրոպոգեն (մարդածին) գործունէութեան ազդեցութիւնը բնական ռեսուրսների վրայ օրէցօր մեծանում է, իսկ ջուրը հանդիսանում է այդ վնասակար ազդեցութեան առաջնային կրողը: «Թունաւորում շահի դիմաց» (Ընդերքի պաշարներ)
23 րոպէանոց այս ֆիլմն անդրադառնում է հանքային արդիւնաբերութեան գործունէութեան արդիւնքում մարդկանց առողջութեանը եւ բնութեանը հասցուած հսկայական վնասին: Ներթափանցելով օդի եւ հողի մէջ` հանքային արդիւնաբերութեան արտանետումներն ի վերջոյ յայտնւում են ինչպէս ոռոգման, այնպէս էլ խմելու ջրերում: |