|
Ֆիլմեր
«Վէմ մեդիա արուեստները» պրոֆեսիոնալ բարձրակարգ ստուդիա է, որն ունի տեսաձայնային արտադրութեան ամենատարբեր հնարաւորութիւններ` հեռուստաշոուների, տեսահոլովակների, հեռուստագովազդի եւ այլ տեսանիւթերի պատրաստումից մինչեւ մուլտիմեդիա ներկայացումների, վաւերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում: «Վէմ մեդիա արուեստների» մեկնարկը կայացաւ 2004 թ. յունիսի 24-ին, Նիւ Եորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկէք սերունդը» ամենամեայ առաջին փառատօնում ցուցադրուեց ստուդիայի նկարահանած «Մրցակցութիւն» կարճամետրաժ ֆիլմը: «Վէմ մեդիա արուեստները» նկարահանել է բնապահպանութեան թեմայով վաւերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելութեան է արժանացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: «Վէմ մեդիա արուեստների» նկարահանած բոլոր 11 ֆիլմերը (սցենարի հեղինակ` Ինգա Զարաֆեան, ռեժիսոր` Հայկ Կբէեան. «Շիկահող» ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Դաւթեանն է) ֆինանսաւորել են «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Վայրի բնութեան պահպանութեան» համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճիւղը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանի «Շրջակայ միջավայրի պահպանման եւ հետազօտման կենտրոնը» («Անապատացող քաղաք»), «Կանաչների միութիւնը» («Թունաւորում շահի դիմաց») եւ «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցութեան հիմնադրամը» («Անիծեալ քառեակ»): «Մահաբեր բանաձեւեր» (Օդի աղտոտում)
20 րոպէանոց փաստագրական այս ֆիլմը Հայաստանում օդի աղտոտուածութեան եւ դրա առաջացման հիմնական պատճառների մասին է: Մեքենաներից, գործարաններից, ինչպէս նաեւ թափօնների վերամշակման արդիւնքում մթնոլորտ արտանետուող այրման արգասիքները, վնասակար եւ թունաւոր նիւթերը առողջական լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց եւ էկոհամակարգերի համար: «Ծառ տնկիր» (Անտառների վերականգնում)
20 րոպէանոց այս ֆիլմը պատմում է «Հայաստան ծառատունկ ծրագրի» եւ «Հայաստանի անտառներ» կազմակերպութեան երկարամեայ համագործակցութեան մասին, ինչի շնորհիւ ՀՀ եւ Արցախի տարբեր տարածքներում արդիւնաւէտօրէն իրականացուել են ծառատնկման եւ անտառային ծածկոյթի վերականգնման աշխատանքներ: «Թափօններ»
20 րոպէ տեւողութեամբ այս ֆիլմը բարձրացնում է Հայաստանում թափօնների եւ դրանց ոչնչացման հիմնախնդիրը, ներառեալ կենցաղային աղբը եւ արտադրական թափօնները, որոնք պարունակում են բազմաթիւ թունաքիմիկատներ եւ աղտոտում են օդը, ինչպէս նաեւ, կեղտաջրերի միջոցով, հողը` չափազանց մեծ սպառնալիք ստեղծելով ինչպէս մարդկանց առողջութեան, այնպէս եւ շրջակայ միջավայրի համար: Յատկապէս վտանգաւոր են քլորօրգանական պեստիցիդները, որոնք թաղուած են յատուկ այդ նպատակով 1982 թ. Հայաստանում կառուցուած դամբարանում: «Հոսող հարստութիւն» (Ջրային պաշարներ)
Ֆիլմի 20 րոպէների ընթացքում խօսւում է Հայաստանի թանկարժէք հարստութեան` ջրային ռեսուրսների տագնապ յարուցող իրավիճակի մասին: Անթրոպոգեն (մարդածին) գործունէութեան ազդեցութիւնը բնական ռեսուրսների վրայ օրէցօր մեծանում է, իսկ ջուրը հանդիսանում է այդ վնասակար ազդեցութեան առաջնային կրողը: «Թունաւորում շահի դիմաց» (Ընդերքի պաշարներ)
23 րոպէանոց այս ֆիլմն անդրադառնում է հանքային արդիւնաբերութեան գործունէութեան արդիւնքում մարդկանց առողջութեանը եւ բնութեանը հասցուած հսկայական վնասին: Ներթափանցելով օդի եւ հողի մէջ` հանքային արդիւնաբերութեան արտանետումներն ի վերջոյ յայտնւում են ինչպէս ոռոգման, այնպէս էլ խմելու ջրերում: |