Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Մեր մշակութային-գաղափարական պարտությունների և հոգևոր ձևախեղումների մասին հաճախ ենք խոսում նույնիսկ կենցաղային թվացող թեմաներով զրույցներում, որովհետև մեզ սպառնացող վտանգը վաղուց այլասերել է մեր գոյափիլիսոփայությունը՝ բոլոր առումներով: Մեր հանրությունը կարծես սա չի էլ զգում առօրյայում. այնքա՜ն է կքած տարբեր հոգսերի տակ, որ հանապազօրյա հաց վաստակելն է այժմ նրա գերխնդիրը. նա, մի տեսակ, ժամանակ չունի իր ապագայի մասին մտածելու… Նա չի էլ մտածում, որ հրաժարվել է հոգենորոգության իր ազգային ծեսից…
- Սաթենիկ Ավետիսյան

