Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

«Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովը թեմատիկ առումով եզակի էր, որովհետև առաջին անգամ էր մեզանում Հայոց ցեղասպանության համար հատուցման հարցը քննվում գիտական՝ ակադեմիական մակարդակով: Այս երևույթի պետական մեկնարկը, կարելի է ասել, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էր, որտեղ փոքր չափաբաժնով, ինչ-որ տեղ երկյուղածորեն, բայց հստակ խոսվում է նաև հատուցման խնդրի մասին:
Արդիականն այժմ հայոց պահանջատիրության կերպարի ձևավորումն է և այն ուղին մատնանշելը, որով պետք է անցնենք պայքարի այս փուլում:
- Աշոտ Մելքոնյան

