Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Աշխարհի պատկերի մի կարևոր տարր առկա է շամանականույուն կիրառած բոլոր ազգերի պատկերացումներում: Դա Համաշխարհային ծառն է: Այն ասես ներկայացնում է վերին և ստորին ոլորտները միացնող աշխարհի առանցքը, որը թույլ չի տալիս «երկնքին ընկնել երկրի վրա»: Համաշխարհային ծառի կերպարը գոյություն ունի տարբեր կրոններում, բայց շամանականության մեջ այն առանձնահատուկ դերակատարում ունի:

