Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Գոյություն ունի շամանականության հիսունից ավելի սահմանում: Տարաձայնություններն առաջանում են նրանից, որ տարբեր հետազոտողներ կարևորում են շամանականության այս կամ այն կողմը: Բայցևայնպես, ամեն անգամ, երբ «շաման» կամ «շամանականություն» բառն արտասանվում է, բոլորին պարզ է դառնում, թե խոսքն ինչի մասին է: Շամանականությունը մարդկության կրոնական գործնական կյանքի ամենահին ձևերից մեկն է: Նրանում կենտրոնական դեմքը շամանն է` միջնորդը մարդկանց և ոգիների աշխարհների միջև:

