Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքը հիմնվել է Ժ դարում և գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ ձորալանջին՝ անտառի մեջ։ Վանքի տարածքում է գտնվում Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1221 թ. Մամիկոնյան Սարգիս իշխանի որդու՝ Մարզպանի կողմից։
Արդվիի Սուրբ Հովհաննեսի վանքը, որ հայտնի է նաև որպես Սրբանեսի վանք կամ Հովհան Օձնեցու վանք, հիմնվել է Ը դարում։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի մոտ։ Վանքի հյուսիսային եկեղեցում է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի տապանաքարը։

