Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Արմատներով քանաանյան և եգիպտական միջավայր գնացող մինոսյան կրոնը երկար ժամանակ ներկայացնում էր «գինեգուն ծովի» մեջտեղում ընկած կղզու վրա արևելյան քամիով նետված տարաշխարհիկ ծաղիկ: Սակայն քսաներորդ դարում Էգեյան ծովի հարավային մասում տեղակայված ոչ մեծ Ֆերա (Սանտորին) հրաբխային կղզում կատարված հնագիտական սենսացիոն պեղումները ցույց տվեցին այդ կարծիքի սխալ լինելը:

