Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Որպեսզի աստվածների ուշադրությանն արժանանան, մայա ցեղի անդամները երկար ժամանակ պահք էին պահում, երբեմն երեք տարի, չէին ուտում միս, աղ, պղպեղ և չէին օգտագործում մեքսիկական չիլի կծու համեմունքը: Խրախուսվում էր նաև սեռական ինքնազսպումը: Ճիշտ է, այս սահմանափակումների մեծ մասը վերաբերում էր քրմերին: Մյուսներն ունեին մեծ ազատություն, բայց, գտնվելով քրմերի հսկայական ազդեցության տակ, ձգտում էին հետևել աստվածների ողորմածությունը շարժելու մեթոդներին:

