«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տաղը հայ միջնադարյան մասնագիտացված (պրոֆեսիոնալ) երգարվեստի հիմնական ժանրերից է, որը դրսևորվել է ժողովրդական և հոգևոր երաժշտության ոլորտում: Հոգևոր տաղերը բուռն ծաղկում են ապրել X դարում` իրենց կատարյալ մարմնավորումը ստանալով Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ: Հաղորդման ընթացքում դիտարկվում են Ս. Գ. Նարեկացու Հարության տաղերը:

