«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրորը հայկական ժողովրդական երաժշտության հնագույն և հարուստ ժանրերից է: Մանկան խաղաղ քունն ապահովելու գործառույթից բացի՝ օրորներն ունեն դաստիարակչական կարևոր նշանակություն: Դրանց միջոցով է երեխան նախնական պատկերացում կազմում իրեն շրջապատող իրականության, բնության, կենդանական աշխարհի, չարի և բարու մասին, հաղորդակցվում թե՛ ներընտանեկան, թե՛ ազգային նշանակություն ունեցող իրողություններին:

