«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հաղորդումը նվիրված է Պետրոս Ալահայտոյանի կազմած «Բալուի (և տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հավաքածո» գրքում ներառված պարերգերին (Գլենդել, 2009, երգասաց՝ Մարո Նալբանդյան): Հաղորդման հյուրն է բանագետ-բանահավաք, էպոսագետ Արուսյակ Սահակյանը, որը նշված ժողովածուի երաժշտաբանահյուսական նմուշների տեքստերի վերծանողն է և խմբագիրը:

