Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

«Կյանք ու կռվի» տղան ի՛նչ կռիվ ունի ինքն իր ու աշխարհի հետ: Ինչ անել մեր կրթական համակարգի հետ, որ դասից փախչող 14-15 տարեկան փողոցային տղան, որ ժամանակին ինքն էր, նստի դասի ու սիրի դասը: Ինչու է համոզված, որ այսօր թատրոնի աստեղային ժամն է: Կդիմանա՞ Շեքսպիրն այսօրվա թատրոնի փորձարկումներին, և կլսվի՞ «լինել, թե չլինել»-ն այսօրվա Համլետի մեկնաբանմամբ: Նա համոզված է, որ սերն աշխարհում ամենաառեղծվածային բանն է և ամեն ինչի հիմքը, իսկ ինչպիսին են նրա հարաբերությունները սիրո ամենամեծ Ուսուցչի ու Վարդապետի հետ: Հարցերի պատասխանները՝ դերասան Սամվել Թադևոսյանի դիմանկարում:

