Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Նրանց ընտանիքում երկնային տարերքն ու մարմինները պակասություն չեն անում: Ինքը Կայծակն է, եղբայրը՝ Փայլակը, իսկ քույրը՝ Լուսինը: Ինչպե՞ս է, որ արշալույսները նրանց ընտանիքում խաղաղ են: Ինչո՞ւ այդպես էլ չհաշտվեց կոմունիստական գաղափարախոսության հետ, երբ կարծես թե հարգին դա էր: Ինչո՞ւ նրա մոտ չի ավարտվում Վերածննդի դարաշրջանը: Տրորված ծաղկաթմբերը ինչո՞ւ նրա համար դարձան Թավշյա հեղափոխության լավագույն կադրը, և ինչո՞ւ է կարծում, որ էլի նույն կետից պիտի սկսվի մարդկության դարձը: Հարցերի պատասխանները՝ նկարիչ Կայծ Վանիկյանի դիմանկարում:

