Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը կազմել և հրատարակել է «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» ժողովածուն, որն ընդգրկում է ՀՅԴ-ին, ՀԱՀԳԲ-ին, ՀԺՇ-ին, ՍԴՀԿ-ին և ՌԱԿ-ին վերաբերող կարևոր վավերագրեր:
Դիվանագիտության քողի տակ աշխարհով մեկ գործում էր սովետական հետախուզությունը: Արտերկրում սովետական բազմաբնույթ կառույցների աշխատակիցները պարբերաբար զեկուցագրեր ու հաշվետվություններ էին ներկայացնում Մոսկվայի իրենց վերադասին: Դրանց կրկնօրինակներն ուղարկվում էին Երևան, որպեսզի հանրապետության կոմկուսի ղեկավարությունն իրազեկվեր հայկական գաղութներ ունեցող երկրներում տեղի ունեցող ներքին խմորումների մասին:
- Գևորգ Յազըճյան

