Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Հունիսի 7-ին՝ ժամը 19-ին, «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքը հրավիրում է օպերային արիաների ու վոկալ կամերային երաժշտության երեկոյի: Համերգին մասնակցում են ամերիկաբնակ մայր և դուստր երաժիշտներ՝ երիտասարդ մեներգչուհի Տաթև Բարոյանը և դաշնակահար-նվագակցող Զարուհի Բարոյանը: Այս հանդիպմանը խոսում ենք ոչ միայն սպասվող երեկոյի մասին, այլ նաև նրանց ուսուցիչների, անցած ճանապարհի, այսօրվա գործունեության ու Բարոյանների մի քանի սերունդ ներկայացնող ընտանիքի մասին:

