Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հայոց բազմահազարամյա պատմության մեջ 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերն աննախադեպ էին իրենց պատմական, քաղաքական, ռազմական, բարոյական և այլ նշանակությամբ: Աննախադեպ էին հատկապես այն առումով, որ մեր ժողովրդի առաջ լինել-չլինելու հարցը երբեք այսպիսի սրությամբ չէր դրվել: Շարունակվող Հայոց ցեղասպանության ընթացքում՝ սկսած 1894-ից, թուրք բորենին չէր կարողացել հագեցնել արյան ծարավը և որոշել էր հային վերջնականապես արմատախիլ անել իր բնօրրանից մնացած այս մի թիզ հողից, ոչնչացնել, պատմության գիրկը նետել «Հայաստան» անվանումը որպես պատմաաշխարհագրական հասկացություն:
Իր լինելիության հարցին Արարատյան հայությունը 1918-ի մայիսին հուժկու «այո» ասաց՝ խառնելով Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի ու նրա լկտի դիվանագիտության խաղաթղթերը՝ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախելով թուրքական 9-րդ և Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակած 36-րդ փառահեղ դիվիզիաների զորամիավորումները:
- Ռաֆայել Թադևոսյան

