Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Անտոնիո Մաչադոյին ընդունված է անվանել «98-ի սերնդի» ներկայացուցիչ, որի բանաստեղծական առաջին՝ «Անձկություն» ժողովածուի ծնունդը համընկավ իսպանացի նշանավոր բանաստեղծ Խուան Ռամոն Հիմենեսի «Տխուր մեղեդիներ» ժողովածուի լույս տեսնելու հետ: Մաչադոյի բանաստեղծական աշխարհը խիստ ինքնատիպ է: Անձնական խոր ապրումներին, կասկածանքներին հավասար հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք արտահայտում են նրա տագնապները ներկայի և ապագայի համար: Անմասն չեն նաև հայրենի բնաշխարհն ու մեղեդային արտահայտչաձևերը:

