Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

1844 թվականին հանրաճանաչ ֆրանսիացի լիբրետիստ Ժյուլ Սեն-Ժորժը Ֆլոտովին առաջարկել է մասնակցել «Գրանդ Օպերայի» համար «Լեդի Հարիեթ» բալետի ստեղծման աշխատանքներին: Բալետի առաջնախաղը 1844 թվականի ապրիլի 21-ին էր: Այն մեծ հաջողություն ունեցավ և հիմք դրեց Ֆլոտովի և Սեն-Ժորժի հետագա համագործակցությանը։ Սեն-Ժորժի լիբրետոների հիման վրա կոմպոզիտորը հետագայում մի շարք օպերաներ գրեց: Բայց, Սեն-Ժորժից բացի, Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովն աշխատում է նաև գերմանացի թատերագիր և լիբրետիստ Վիլհելմ Ֆրիդրիխի հետ (իսկական անունը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Ռիզե): Վերջինս էլ համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա ստեղծել օպերա:
«Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» ռոմանտիկ-կատակերգական օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի սեպտեմբերի 25-ին Վիեննայի Կերնտներտոր թատրոնում:
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

