Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Ազգերի գոյության հարցը եղել է և է համաշխարհայնացման քաղաքականության ճարտարապետների թիրախում: Ազգերը պայքարել են գերհզորների դեմ իրենց ինքնության և սեփական անկախ պետության պահպանման համար, եթե, իհարկե, ունեցել են պետականություն: Այդ ճանապարհին բազմաթիվ ազգեր են փոշիացել, իսկ նրանց մշակույթներն ու պետությունները՝ ոչնչացվել: Գերհզորները վաղուց են ուրացել մարդկության ստեղծած ազգային ու մշակութային ավանդույթները, բարոյահոգեբանական արժեքները. մարդուն վերաբերվում են որպես իրի, արտադրող գործիքի, ազգությունը համարում են տնտեսական ազդակ, հանուն ազգի ինքնապահպանման հավաքական ճիգերը՝ ազգայնամոլություն, իսկ այս ամենի մասին խոսողներին՝ նախապաշարվածներ, ազգայնամոլներ և այլն…
- Դավիթ Մոսինյան

