Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Ադոլֆ Ադանի «Ժիզել կամ Վիլիսներ» ֆանտաստիկ բալետի լիբրետոն գրել են Անրի դը Սեն Ժորժը և Թեոֆիլ Գոթիեն՝ ըստ Հայնրիխ Հայնեի մշակած սլավոնական լեգենդի: Լեգենդը գիշերային պարուհիների մասին է. նրանց անվանում են «վիլիսներ»: Այս տարաբախտ երիտասարդ էակները հարսնացուներ են, որոնք մահացել են ամուսնական առագաստ չմտած: Կեսգիշերին նրանք դուրս են գալիս շիրիմներից՝ ձգտելով կրկին վերապրել իրենց երջանիկ օրերը: Վա՜յ այն անցորդին, որը դժբախտություն կունենա հանդիպելու նրանց: Նրան ներքաշում են շուրջպարի մեջ և ստիպում իրենց հետ պարել այնքան, մինչև անշնչացած տապալվի գետնին: Սիրո մեջ խոր հիասթափություն ապրած և խաբված Ժիզելը մահանում է և վերափոխվում գիշերային պարուհու՝ վիլիսի:

