Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

«Անուշ» օպերան մասնագետները բնորոշեցին որպես առաջին ազգային օպերա: Այն հանդիսատեսներին ներկայացվեց 1912 թ. Ալեքսանդրապոլում, սիրողական խմբի ուժերով, բայց օպերայում հնչող մեղեդիներն արագորեն տարածվեցին ու սիրվեցին ժողովրդի կողմից: Հայ մեծանուն գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի համանուն պոեմի դիպաշարով և կոմպոզիտորի լիբրետոյով գրված այդ օպերան սկիզբ դրեց հայկական օպերայի քնարական-կենցաղային ժանրի զարգացմանը: Ազգային վառ գույներով ստեղծված բազմաթիվ մեներգերը, զուգերգերը, խմբերգերը շուտով սկսեցին երգվել ժողովրդի կենցաղում և հնչել եթերում ու համերգային բեմերում` որպես համերգային փայլուն նմուշներ:

